«Հայրիկս չի հասցրել 40-ը նշել, իսկ ես այդ տարիքն անցա․ գնահատեք տարիները, քանզի մարդիկ, երբեմն առանց կնճիռ անգամ ունենալու, կյանքից հեռանում են»․ Գոհար Հարությունյան

Գոհար Հարությունյանը երեկ նշել է 40-ամյակը։ Գոհարի խոսքով, չնայած ինքը սնահավատ չէ, սակայն տարեդարձն անց է կացրել իր համար նախընտրելի համեստ տարբերակով՝ ընտանիքի ու բալիկների շրջապատում։ Գեղեցկուհու տիտղոսակիր 5 երեխաների մայրկին, որին հաջողվում է պահպանել սլացիկ կազմվածքը, ևս մեկ տարով մեծանալու հանգամանքը միայն ուրախացնում է։

«Ես կարծում եմ, որ ևս մեկ տարով մեծանալու փաստին պետք է նայել հետևյալ սկզբունքով՝ երջանիկ լինել, որ մեկ տարի էլ եք ապրել, երջանիկ եք եղել, այդ տարվա ընթացքում կորուստներ չեք ունեցել։ Երեկ ես մտածում էի, որ հայրիկս չի հասցրել 40-ը նշել, իսկ ես այդ տարիքն անցա․ գնահատեք տարիները, քանզի մարդիկ, երբեմն առանց կնճիռ անգամ ունենալու, կյանքից հեռանում են» — նշեց նա:

«20 տարեկանի համար 40-ը բավականին մեծ տարիք է, 60 տարեկանի համար՝ դեռ երիտասարդ։ Տարիքին ես միշտ նայում եմ ըստ ձեռքբերումների՝ հետ եմ նայում և զգում, որ  այն բոլոր հաջողությունները, որոնք ես գրանցել եմ, եղել են ոչ թե ուղղակի կամ այն պատճառով, որ ես հաջողակ աստղի տակ եմ ծնվել, այլ ես իսկապես դրանց համար քրտնաջան աշխատել եմ, ձգտել։

Պետք է հետ նայել և տեսնել, թե դու ինչ ես արել քո կյանքում։ Շատ ձեռքբերումներ եմ ունեցել, որոնք ես գնահատում եմ, և, ըստ իս, սա դեռ շատ երիտասարդ տարիք է, հաշվի առնելով այն, որ ես այսքան բան արդեն իսկ հասցրել եմ անել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ