«Հաց Բերող ախպերը». շուտով կունենաք այս գիրքը

Հովհաննես Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հաց Բերող ախպերը
Շուտով կունենաք այս գիրքը, որ հավաքեց ու իր միջոցներով տպագրեց Անահիտ Երեմյանը (Ֆեյսբուքում` Anahit Eremyan): Անահիտը, ընկերաբար, ջերմորեն օգնեց, որ իրականանա իմ այդ փայփայանքը, և ես սիրով խմբագրեցի գիրքը, որ Անահիտի կողմից գեղեցիկ մի ծաղկեփունջ է Հաց Բերողի արդար շիրիմին:

Մի հատված ներկայացնեմ Անահիտի առաջաբանից:
ԱՌԱՔՅԱԼԸ
Նայում եմ Արթուրի ջահել ժամանակվա լուսանկարին, որ «Սասնա ծռերն» էին տարածել համացանցում, և այն Բեյրութից Վարդուհի Լալայանն ինձ էր ուղարկել, երբ իմացավ, որ այս գիրքն եմ հավաքում: Ուղարկել էր` սիրով գրված մի տողով. « Արթուրը մեր Խիղճն է։ Ուզում եմ գոնե ինչ- որ չափով օգտակար գտնվել Ձեր շնորհակալ գործին»:
Ի~նչ պարզ, մաքուր հայացք ունես, ազնիվ տղա: Վերին Երկնավորն ի՞նչ էր գրել քո ճակատին, որ դու կարողացար այդ գիրը վերծանել քո հասուն տարիքում, քո այն տարիքում, երբ նույն այն Վերին Երկնավորից թելադրանք ունեցար, թե` «Նեղն ընկած տղաները քո կարիքն ունեն»: Դու անսացիր այդ ձայնին ու…
Հիմա անցյալով ենք խոսում քո մասին, լուսավո~ր տղա: Հիմա հազար ափսոս ենք ասում, փառաբանում ենք քեզ ու… նզովում քեզ մատաղ անողներին: Դու` մաքուր ապրումների տղա, դու, Սիամանթոյի ասած, «Ողջակիզումներու օժտված սպիտա~կ տղա»:
Դու գիտեիր հացի խորհուրդը, դու գիտեիր վտանգին հանդիման հացով գնալու իմաստը և գիտեիր նաև, որ Տերը քեզ պիտի պահպանի դեպի քեզ եկող գնդակներից:
Ինչպե՞ս չհավատանք, թե Աստծո Աջը քո վրա էր, թե չէ քո մեքենան ծակծկած տասնյակ գնդակներից և ոչ մի գնդակ քեզ չկպավ:
…Ես հիմա մտովի պատկերացնում եմ Արթուրի հոգեվիճակը: Նա այդ տղաների հետ արյուն էր թողել Արցախի ռազմադաշտում, խրամատներում հաց էր կիսել նրանց հետ, ուրախացել իրենց հաղթանակով, տրտմել ու ցավել զոհված զինակիցների համար… Ինպե՞ս պիտի վարվեր Արթուրը: Իհարկե պիտի հաց տաներ:
…Ես չգիտեմ ու չեմ ուզում այս սուրբ տղային նվիրված գրքում քաղաքականություն կոչված այդ անտանելի խաղերը խառնել. դրանք թող մնան վերլուծաբաններին: Սա մաքուր ապրումների տեր նվիրյալ հայորդու մասին գիրք է` նրան երկրպագողների պարզ, անպաճույճ խոսք ու զրույցով, պոետական տողերով: Յուրաքանչյուրը, ով ապրեց ու ապրում է Հաց Բերող անվանումն ստացած Արթուրի անունով ու իր պահվածքով հաստատում է, որ մամուռներում չեն կորչելու նրա ոտնահետքերը, այստեղ կգտնի Արթուրին նվիրված իր տողը, իր երգը, իր մորմոքն արտահայտող զգացումի թելադրանքը: Որքան հավաքական է Արթուրին դրված մակդիրը` ՀԱՑ ԲԵՐՈՂ, նույնքան հավաքական է նրա մասին գրված տողը:
Ես այստեղ զետեղում եմ այն բոլոր ձոները, որ հասցրել եմ հավաքել, թե մոռացած լինեմ ձեզանից մեկն ու մեկին, ներող եղեք. ես հավատում եմ, որ Արթուրը հետայդու էլի կունենա իրեն ձոնված նոր ու նոր գրքեր, ուր կլրացվեն այն պակասները, որոնք ես այստեղ թողնում եմ:
…Այս գիրքը կարող էր գրել ազնիվ հայորդիներից ցանկացած մեկը, ով գիտի Հացի խորհուրդը, Հացի արժեքը և հացի պաշտամունքն ունեցողի հանդեպ ունի իր ջերմ, իր բարի վերաբերմունքը: Ցանկացած ազնիվ հայորդի կհավաքեր այս գիրքը, ով զուգահեռներ է տանում ազնվության ու չարության միջև: Կհավաքեր այն ցանկացած հայորդին, ով սիրեց Արթուրին, սիրեց նրա բնույթը, նրա կերպը:
…Այս գիրքը կարող էր հավաքել հեռավոր Բեյրությում ապրող նվիրյալ մի հայուհի` Վարդուհի Լալայանը, ով օրն ի բուն ֆեյսբուքի հարթակից (Varduhi A Lalayan) իր ստատուսներով, մեկաբանություններով «Սասնա ծռերի» ջանքերին համակիր մնաց ու մնում է` հավատալով, թե նրանց պահվածքի մեջ մեն մի նպատակ կար ու կա` հակաժողովրդական պահվածք դրսևորող սերժական ռեժիմից ազատել Հայաստանը:
…Այս գիրքը պիտի հավաքեր Հովհաննես Պապիկյանը, ով Արթուրի ողբերգական մահը զուգահեռում էր նույնպես ողբերգական մահ ունեցած իր պոետ ընկերոջ` Ֆելիքս Պետրոսյանի հետ, նույնացնում էր այդ երկու նվիրյալ հայորդիների ճակատագիրը` մեկը սովետի օրերին, մյուսը` մեր օրերին:
…Խոնարհումս բոլորիդ, և ես ուզում եմ ձեզ կոչել Հաց Բերող հերոսի նվիրյալներ, նրա հիշատակի նվիրյալներ: Ու հիմա իմ այս անելիքը ընդամենը ձեր խոհերի բարձրաձայնումն է այս գրքի տեսքով:
Հ.Գ. Որքան շատ սիրեցի Հաց Բերող հրաշալի տղային, որքան ջերմություն ունեցա նրա հանդեպ, նույնքան ատեցի նրանց, ում անտարբերության, չարության, նաև տկարամտության (վերից տրված նողկալի հրամանները նկատի ունեմ) պատճառով այդ հրաշալի տղան զրկվեց կյանքից:
Այս գիրքը համարենք իմ և բոլորիս խնկարկումը Արթուրի հիշատակին:
Սիրով` ԱՆԱՀԻՏ ԵՐԵՄՅԱՆ

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ