«Այն, ինչ կատարվել է՝ մեզնից թաքուն է կատարվել». Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին

Մարտի 1-ի գործով առնցքային մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի գործով այսօր անսպասելի զարգացում է տեղի ունեցել. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նոքրի նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում է կայացրել կասեցնել գործի վարույթը եւ այն ուղարկել Սահմանադրական դատարան:

Դատարանը ՍԴ է դիմել Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով։ Պաշտպանական կողմը դեռեւս նախաքննության ընթացքում այսպիսի միջնորդություն մի քանի անգամ ներկայացրել էր, նման միջնորդություն պաշտպաները ներկայացրել էին նաեւ դատարանին:

Այս որոշման մասին դատարանի աշխատակազմը տեղեկացրել էր միայն պաշտպանական կողմին, իսկ տուժող եւ մեղադրող կողմերը որոշման մասին տեղեկացվել էին լրագրողներից:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ֆեյբուքյան իր էջում, անդրադառնալով դատարանի վերը նշված որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վստահորդների անունից որոշումը բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով: Վահե Գրիգորյանը հայտնել էր, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ սույն գործով որեւէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, եւ, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որեւէ մեկին հնարավորություն է ընձեռվել իրենց դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379 հոդվածը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանի գործը ըստ էության չլուծող դատական ակտերը, որոնց թվում է նաեւ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը, հրապարակվելու (ստանալու) պահից 10-օրյա ժակետում ենթակա է բողոքարկան վերաքննության կարգով:

Դեռ հայտնի չէ՝ դատախազությունը եւս պատրաստվում է բողոք ներկայացնել, թե՝ ոչ: Ուշ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված եւ դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին: Մինչ այս որոշման մասին հայտնի դառնալը ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան նշել էին, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է: Բացի դա գործով մեղադրող դատախազները դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել:

աղբյուրը՝ ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ