Փողոցային պայքարի փոխարեն՝ հանդիպումներ «հոլլ»-երում, «կոմպլեքս»-ներում և ժամանցի կենտրոններում․ «Հայաստան» խմբակցությունը թեստավորում է ժողովրդին

«Հայաստան» խմբակցությունը, ի տարբերություն ՀՀԿ-ի և դրա խորհրդարանական խմբակցության, քանի որ չի կարողանում հրապարակներ լցնել իշխանափոխության պահանջով, որոշել է «քիփլիկ» հավաքներ կազմակերպել ժողովրդի հետ և այսպես ասած ուղեղների մշակման սեանս անցկացնել հանդիպմանը մասնակցելու եկածների հետ՝ մինչև «կհնչի զանգը», «կփչի զուռնան», «կզարկի թմբուկը»․․․

Ի դեպ, այդ հավաքներն անցնում են մարզային «հոլլ» -երում, «կոմպլեքս»-ներում, ՀՅԴ-ի «սուվերեն տարածքներում»՝ գրասենյակներում։ Հանդիպումներին, որոնց, նկատենք, որպես կանոն մասնակցում է նաև «գլխի փոքրիկ տղա» Լևոն Քոչարյանը, ընկեր Իշխանն ու այլք իշխանությանը ենթարկում են «կոմպլեքս» քննադատության, փոխարենը չեն ներկայացնում ՀՀ առաջ ծագած մարտահրավերների հաղթահարման այն «կոմպլեքս»-ը, որով պատրաստվում են առաջնորդվել իշխանության գալուց հետո։ «Հայաստան» խմբակցության, ինչպես նաև Լ․ Քոչարյանի ֆեյսբուքյան էջերն ավետում են՝ այսօր 19։30-ին հանդիպում է նշանակված Երևանի «Վիվալդի հոլլ» համալիրում, վաղը՝ Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում, իսկ ահա ապրիլի 13-ին էլ «թափառաշրջիկների» խմբակցությունը հանդիպում էր կազմակերպել Վայոց ձորի «Լիդեր» կոմպլեքսում։

Ինչն է ուշագրավ․ սա այն ընդդիմությունն է, որը խորհրդարանում ներկայացված մեծությամբ առաջին խմբակցությունն ունի, այսինքն՝ ունի ամբիոն իր խոսքը, միտքը, գաղափարները, «դեղատոմսերն» ու տեսլականները իր ընտրողին, լայն հանրությանը ներկայացնելու, մատուցելու համար։ Սակայն, ինչպես երեւում է, ԱԺ պատերից դուրս՝ ժողովրդի հետ «տետ ա տետ» շփումը դիտարկում է որպես իշխանության «քոքամաշման» գործիք, որից Քոչարյանն ու նրա փաստացի ղեկավարմամբ գործող խմբակը չեն հրաժարվել, ձեւաչափ, որի ժամանակ, հեռու իշխանության ականջներից եւ աչքերից, ժողովրդին կարելի է մատուցել իրականության սեփական ինտերպրետացիան, գործի դնել մանիպուլյացիայի, կերծիքի, խեղաթյուրման եւ քարոզչական արսենալի այլ հնարքներ։ Եւ դրանց, բնականաբար, հնարավոր չի լինի հակադարձել, հակափաստարկներ ներկայացնել, ինչը անեկբայորեն տեղի կունենար ԱԺ նիստերի դահլիճում, իշխող ուժի ներկայության պարագայում։

Ի դեպ, Տավուշի՝ ընդդիմության մեկնաբանմամբ՝ «հանձնվելիք գյուղերի» թեման հրաշալի առիթ է ծառայում ընդդիմության համար՝ ժողովրդի բողոքական ոգին «տոնուսի մեջ» պահելու համար։ Նախորդ շաբաթավերջին սահնամամերձ այդ մարզում տեղի ունեցած «տաշի-տուշի» օպերացիան հենց այդ համատեքստում էր։ Օրերս էլ ՔՊ խմբակցության անդամ Լիլիթ Միանսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընդդիմության ներկայացուցիչները «գնում, տեղում ահաբեկում են բնակիչներին՝ հայտարարելով, թե հեսա ձեր տներ են մտնելու թուրքերը, հետո խոսում են հուսալքության մասին»։

ՔՊ-ական պատգամավորն անդրադարձավ մեկ այլ մանիպուլյացիայի ևս, որի զոհը դարձել են ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Ակնհայտ է, որ իրեն «Արցախն ազատագրած ու պահած» հռչակած սերժքաքոչարյանական ընդդիմությունը արցախահայությանը դիտարկում է որպես պոտենցիալ ընտազանգված գալիք համապետական ընտրություններին ընդառաջ եւ շահարկելով նրանց խոցելի վիճակը փորձում է նրանց շրջանում որոշակի տրամադրություններ գեներացնել։ Մասնավորապես նրանց շրջանում, ինչպես Մինասյանը հավաստեց, ամրապնդված է այն թեզը, թե երբ ձեռք ես բերում ՀՀ քաղաքացիություն, զրկվում ես որպես փախստական, բռնի տեղահանված քո իրավունքներից՝ մասնավորապես գույքի, սեփականության, հետ վերադարձի եւ այլն, ինչպես նաեւ զրկվում ես պետական աջակցման ծրագրերից։

Ի դեպ, այս «քիփլիկ»՝ «մենք մերոնցով» հավաքներին հիմնականում մասնակցում է ՀՅԴ-ի ակտիվը, և այդ հանդիպումները յուրօրինակ թեստ են, սոցիոլոգական հարցում՝ ստուգելու, թե պոտենցիալ որքա՞ն ընտրազանգված ունի Քոչարյանի փաստացի ղեկավարման ներքո գործող խմբակցությունը, ինչքա՞ն է «մաշվել», արդյոք հասել է «քոքի՞ն», թե՞ քոքից անցել է՝ մի բան էլ այն կողմ։ Դատելով այն հանգամանքից, որ ընդդիմությունը չի շտապում հայտարարել հերթական դիմադրության կամ ազատագրական շարժման մասին՝ կարելի է եզրակացնել՝ ընդդիմության գործերը վատ են և ձեռնպահ է մնում խայտառակության նույն գետը հերթական անգամ մտնելուց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ