Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է․ Քոչարյանը՝ 1.5 միլիոնի ցուցակ կազմելու մասին

Azatutyun.am-ը գրում է․

Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է, քաղաքական որոշում չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, շեշտելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի:

Քոչարյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի դնում ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ 1.5 միլիոնի թիվը, պարզապես իր մոտեցումն է, որ հավելյալ փաստերով պետք է հարստացնել եղած տեղեկատվությունը, ինչը ոչ միայն կօգնի, որ ի հայտ գան Ցեղասպանությանը զոհ գնացածների տվյալները, այլ նաև պահանջատեր լինել, քանի որ այդ մարդիկ նաև կարողություններ ու հարստություն են կորցրել:

Անդրանիկ Քոչարյան. — Ես ասել եմ, որ խնդիրներ կան, որը ավելի կուժեղացներ Ցեղասպանության հետ կապված մեր ամբողջական փաթեթը: Հիմա, ես ասել եմ, որ վարչապետը, անդրադառնալով Ցեղասպանությանը, միշտ անդրադարձել է դրա փաթեթի բավականին բովանդակալից լինելուն: Հիմա, ես գուցե պետք ա էդպես չձևակերպեի, և ես համաձայն եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ գործընկերների հետ, որ մեր խմբակցությունը դա չի քննարկել: Ո՛չ, չկա՛ քաղաքական որոշում, չկա՛:

«Ազատություն». — Պարզապես, Դուք որ ասել եք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ամբողջացնել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը, մարդիկ մտածել են, որ սա Փաշինյանի՛ ծրագիրն է:

Քոչարյան. — Ոչ, Փաշինյանի ծրագիրը չի, սա ասել եմ ես:

«Ազատություն». — Դուք քաղաքական իշխանության հետ, Փաշինյանի հետ էլ չեք քննարկել այս հարցը, պարզապես Դուք…

Քոչարյան. — Ոչ, ես հարցազրույց եմ տվել ձեր ռադիոընկերությանը:

«Ազատություն». — Դա Ձեր անձնական մոտեցումն է:

Քոչարյան. — Բնականաբար: Բայց էդ անձնական մոտեցումը հենց էնպես օդից չի եկել: Ես նշել եմ, որ հանդիսանում եմ ժառանգորդը ցեղասպանության ենթարկված ընտանիքի՝ և՛ հայրական կողմից, և՛ մայրական կողմից, հիշողության կրող եմ, ես ասում եմ՝ էդ հիշողությունը պետք է արձանագրվի, փաստագրվի: Ես չեմ ասում, որ կասկածի տակ կարա դրվի Ցեղասպանությունը, մոռացեք:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ