ՀԱՊԿ-ում գործունեությունը վերականգնելու որոշումը կախված է բացառապես ՀՀ քաղաքական ղեկավարությունից. Թասմագամբետով

«Սառեցում» հասկացությունն արտացոլված չէ ՀԱՊԿ փաստաթղթերում, ուստի մենք այն չենք օգտագործի ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

Նրա խոսքով՝ Հայաստանն իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը՝ որպես Կազմակերպության անդամ. «Բայց, այնուամենայնիվ, աշխատանքը շարունակվում է, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով։ Այս հարցում հստակությունը ձեռնտու կլիներ մեր կազմակերպության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար»։

Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ նման դաշինքին մասնակցությունը արտոնություն է, ինչի շնորհիվ խելամիտ մոտեցմամբ մասնակիցը հնարավորություն ունի լիարժեք ապահովելու ազգային անվտանգությունը։ Հատկապես, եթե երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մարտահրավերներն ու սպառնալիքները տեղական վերլուծաբանների կողմից հաճախ գնահատվում են որպես էքզիստենցիալ։

Թասմագամբետովը նշել է, որ նախկին ծավալով գործունեությունը վերականգնելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունից։ Նա նաև հավելել է, որ վերլուծաբանները Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացման միտում են նշում. «Ակնհայտ է, որ նման ռիսկեր կան։ Ուստի մեծ պատասխանատվությունն ընկած է տարածաշրջանի երկրների քաղաքական ղեկավարության վրա, առաջին հերթին՝ իրենց ժողովրդի առջև»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ