Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել է, որ Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իր անձնական մոտեցումն է, այդ հարցով քաղաքական որոշում չկա՝ շեշտելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի

Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է, քաղաքական որոշում չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, շեշտելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի:

Քոչարյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի դնում ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ 1.5 միլիոնի թիվը, պարզապես իր մոտեցումն է, որ հավելյալ փաստերով պետք է հարստացնել եղած տեղեկատվությունը, ինչը ոչ միայն կօգնի, որ ի հայտ գան Ցեղասպանությանը զոհ գնացածների տվյալները, այլ նաև պահանջատեր լինել, քանի որ այդ մարդիկ նաև կարողություններ ու հարստություն են կորցրել:

Անդրանիկ Քոչարյան. — Ես ասել եմ, որ խնդիրներ կան, որը ավելի կուժեղացներ Ցեղասպանության հետ կապված մեր ամբողջական փաթեթը: Հիմա, ես ասել եմ, որ վարչապետը, անդրադառնալով Ցեղասպանությանը, միշտ անդրադարձել է դրա փաթեթի բավականին բովանդակալից լինելուն: Հիմա, ես գուցե պետք ա էդպես չձևակերպեի, և ես համաձայն եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ գործընկերների հետ, որ մեր խմբակցությունը դա չի քննարկել: Ո՛չ, չկա՛ քաղաքական որոշում, չկա՛:

«Ազատություն». — Պարզապես, Դուք որ ասել եք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ամբողջացնել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը, մարդիկ մտածել են, որ սա Փաշինյանի՛ ծրագիրն է:

Քոչարյան. — Ոչ, Փաշինյանի ծրագիրը չի, սա ասել եմ ես:

«Ազատություն». — Դուք քաղաքական իշխանության հետ, Փաշինյանի հետ էլ չեք քննարկել այս հարցը, պարզապես Դուք…

Քոչարյան. — Ոչ, ես հարցազրույց եմ տվել ձեր ռադիոընկերությանը:

«Ազատություն». — Դա Ձեր անձնական մոտեցումն է:

Քոչարյան. — Բնականաբար: Բայց էդ անձնական մոտեցումը հենց էնպես օդից չի եկել: Ես նշել եմ, որ հանդիսանում եմ ժառանգորդը ցեղասպանության ենթարկված ընտանիքի՝ և՛ հայրական կողմից, և՛ մայրական կողմից, հիշողության կրող եմ, ես ասում եմ՝ էդ հիշողությունը պետք է արձանագրվի, փաստագրվի: Ես չեմ ասում, որ կասկածի տակ կարա դրվի Ցեղասպանությունը, մոռացեք:

«Ազատություն». — Իսկ թի՞վը:

Քոչարյան. — Թիվ. մենք միշտ խոսել ենք միլիոնուկեսից, բայց էդ միլիոնուկեսը, որպեսզի ինքը շատ արժեքավոր, ամուր լինի, մենք պետք ա էդ հասցեները, հստակ աշխատած լինեինք դրա վրա: Քաղաքական կուսակցությունը հերքում ա, չի հերքում՝ ստեղ կուսակցությունը, ստեղ իմ տեսակետը եղել ա էն՝ էկեք հարստացնենք դա: Չե՞ք ուզում հարստացնենք՝ կասենք միլիոնուկես և կշարունակենք ապրել: Հա, միլիոնուկես ա, գոհ ե՞ք: Ես ուզում եմ միլիոնուկեսը նաև ներառված լինի ինչ-որ տեղ, որտեղ գիրքը որ բացենք, էնտեղ մենք փաստարկված, մեր իրավաբանները նույն Թուրքիային ասի՝ «այ էս մարդուն, որ դուք չեք արձանագրել որևէ տեղ, սա գոյություն ունի. նա սպանվել ա էսինչ գյուղում, էսինչ վիլայեթում, և նրա ժառանգները ապրում են էսինչ երկրում՝ Ամերիկայում, Ֆրանսիայում»: Որովհետև սրանք շատ կարևոր են վաղվա մեր պահանջատիրական, պահանջատիրությունը ավելի շոշափելի դարձնելու համար, որովհետև, այո, փոխհատուցում էլ կարա լինի: Բա Թուրքիան պետք ա ընդունի, որ այ էս մարդը, որը 15 թվականին զոհվել ա, էսինչ ամսին, էսինչ գյուղում, ունեցել ա կարողություններ, և էդ կարողությունները էսօր չկան: Բայց կարողությունների շատ շատ ընտանիքներ համապատասխան փաստաթղթերը պահպանել են:

«Ազատություն». — Դու պահանջատիրության հարց եք բարձրացնում փաստորեն:

Քոչարյան. — Ըստ էության, ինքը իրա մեջ պահանջատիրության էլեմենտ պարունակում ա, այո: Ես ինքս պահանջատեր եմ էս հարցերի շուրջ:

Կիրակի օրը «Ազատության» եթերում Քոչարյանը հայտարարել էր, որ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը։ Երեկ Քոչարյանը նույնը հաստատեց խորհրդարանական ճեպազրույցներում։

Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը իշխանության այս նախաձեռնությունը խիստ վտանգավոր էր համարել՝ հիշեցնելով՝ ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից մեկն է, որը շրջանառում են դեռ 1960- ականներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ