Աշխարհում Իսրայելի որևէ դեսպանատուն այլևս անվտանգ չէ. Իրանը սպառնում է

Աշխարհում Իսրայելի դեսպանատներն այլևս ապահով չեն Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված իսրայելական հարվածից հետո։

Այսպիսի հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Սաֆավին։

«Ռազմական հարձակումը հյուպատոսության վրա և իրանցի խորհրդականների մահը, ովքեր այնտեղ էին գտնվում օրինական կերպով, Սիրիայի հրավերով, միջազգային իրավունքի խախտում է, և պետք է ասեմ, Իսրայել պետության ոչ մի դեսպանատուն աշխարհում այլևս անվտանգ չէ», — ասել է գեներալը, որի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։

Սաֆավին, վկայակոչելով Իրանի առաջնորդի խոսքերը, թե Իսլամական Հանրապետությունը կստիպի հրեական պետությանը զղջալ հյուպատոսության վրա հարձակման համար, զգուշացրել է, որ «դիմադրության ուժերի ճակատը պատրաստ է, պետք է սպասել և տեսնել, թե ինչ կլինի»։

Ապրիլի 4-ին Kan ռադիոն հաղորդել է, որ Դամասկոսում «Իսրայելին վերագրվող» հարվածին Իրանի կողմից ակնկալվող պատասխանի «աննախադեպ պատրաստվածության» շրջանակներում Իսրայելի ԱԳՆ-ն, խորհրդակցելով անվտանգության պաշտոնյաների հետ, որոշել է տարհանել իր մի շարք դեսպանատների աշխատակիցներին աշխարհով մեկ:

Մինչ այս, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել էր, որ իսրայելական բանակը «բոլոր ճակատներում բարձր պատրաստվածության վիճակում է իրադարձությունների ցանկացած զարգացման համար»։

Ավելի վաղ Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին եբրայերենով «X»-ում գրել էր, որ կստիպի Իսրայելին զղջալ Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնին օդային հարված հասցնելու իր որոշման համար, որի զոհ է դարձել 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ