ՀԱՊԿ-ի հայտարարությունը կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու, գնալու են գործողությունների. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վերջին հայտարարությամբ, ըստ էության, շարունակում է չճանաչել Հայաստանի ինքնիշխան տարածքը:

«Մի բառով ասած՝ ձեռք առնոցի է, որովհետև 2022-ի սեպտեմբերի 13-ից հետո ենք ՀԱՊԿ-ին դիմել, ու պատասխանը հիմա է գալիս, այն էլ՝ այսպիսի պատասխան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ այս կառույցը հետապնդում է մի նպատակ՝ Հայաստանին դարձնել անկարողունակ պետություն և ի վերջո քարշ տալ ՌԴ-Բելառուս միութենական պետության կազմ:

Հարցին, թե որո՞նք պետք է լինեն հայկական կողմի հետևություններն ու քայլերը, Մկրտչյանը պատասխանում է՝ առաջին իսկ հնարավորության դեպքում ստորագրել ՀԱՊԿ-ից դուրս գալու դե յուրե հրամանը:

«Եթե մենք մի կառույցում ենք, որը մեր տարածքային ամբողջականությունը այլևս բացահայտ չի պաշտպանում և ՀՀ սահմանները մոտավորապես անգամ չգիտի, սա խայտառակություն է: Պետք է մենք էլ արձագանքենք նմանատիպ հայտարարություններով, առնվազն կասկածի տակ դնենք Բրայանսկի շրջանի ՌԴ-ին պատկանելիությունը՝ Ռ՞Դ է, թե՞ ոչ, չգիտենք, Սանկտ-Պետերբուրգը Ռուսաստա՞ն է, թե՞ ոչ, չգիտենք. ուկրաինական անօդաչուների հարձակումները առնվազն դիտարկենք տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում: Եկեք ՀԱՊԿ-ին ձեռք առնենք, այնպես, ինչպես նրանք են ձեռք առնում մեզ: ՀԱՊԿ-ին մեր պատասխանը պիտի լինի և՛ քաղաքական, և՛ դրանից բխող իրավական հետևանքներով»,- ասում է նա:

Հարություն Մկրտչյանի կարծիքով՝ ՀԱՊԿ հայտարարությունը նաև կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու առումով, և Ադրբեջանն անպայմանն օգտվելու է սրանից:

«Ադրբեջանական կողմը կուլ է տալիս այդ խայծը, ընդունում է ի գիտություն ՀԱՊԿ-ի և ռուսական կողմի դիրքորոշումը, որ ՀՀ-ն չունի լեգիտիմ սահմաններ, և այսպիսով կարող է ռազմական գործողություններ սկսել: Տեսնում ենք, չէ՞, ադրբեջանական կողմն արդեն 3 օր շարունակ ինչ հող է նախապատրաստում զորքերի կուտակման մասին հայտարարություններով: Ես պնդում եմ, որ ադրբեջանական կողմը վստահաբար գնալու է ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ի այս հայտարարություններից հետո, եթե, իհարկե, վերջնականապես իրեն տեղավորել է ռուսական նավի վրա»,- տեսակետ է հայտնում քաղաքագետը:

Հարցադրմանը՝ իսկ ի՞նչ ռիսկեր կան ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում, վերջինս ասում է. «Ռիսկերի մասին խոսելն անիմաստ է, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը մեր ինքնիշխան տարածքը չի ճանաչում, դրանի՞ց էլ ավելի մեծ ռիսկ: Ռիսկը ո՞րն է, վախենում ենք, որ ղրղրզները, ղազախներն ու ռուսները բելառուսների հետ միասին ձեռք ձեռքի տված օդային գրոհի կենթարկե՞ն ՀՀ ինքնիշխան տարածքը: ՀԱՊԿ-ում մնալն ինքն իրենով ռիսկ է, սրա մասին ոչ միայն ես եմ ասում, այլ նաև խոսել է ԱԽ քարտուղարը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ