Անվերահսկելի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր միջոցները հանրային վերահսկողությունից զերծ մնալու և իր գնումները անվերահսկելի և ոչ թափանցիկ կազմակերպելու և անցակցելու համար՝ դրանով խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմպերատիվ պահանջները:

Այսպես, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է գնումների գործընթացների այնպիսի պարտադիր սկզբունքներ, ինչպիսին է գնման գործընթացի թափանցիկ և հրապարակային հիմունքներով կազմակերպումը:

Վերոհիշյալ սկզբունքն ապահովելու համար գնումների մասին ՀՀ օրենսդրությունը ամրագրում է մի շարք երաշխիքներ, ինչպիսին են, օրինակ, գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նիստերի տեսաձայնագրումը կամ ձայնագրումը, ինչպես նաև գնման ընթացակարգի մասնակցի դիմումի հիման վրա այլ մասնակիցների հայտերի փաստաթղթերի տրամադրումը:

Ընդ որում, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը ամրագրում է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գնումների գործընթացի սկզբունքների պահպանումը պարտադիր է նաև բոլոր հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար:

Սակայն որևէ տեսակի հանրային վերահսկողությունից զերծ մնալու, ինչպես նաև գնման գործընթացում ցանկացած վարքագիծ դրսևորելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի ենթարկվում վերոհիշյալ պահանջներին և իր գնումներն անցակցնում է մաքսիմալ գաղտնիության ռեժիմով:

Այսպես, մասնակիցների բազմաթիվ խնդրանքներին՝ տեսաձայնագրել/ձայնագրել գնահատող հանձնաժողովի նիստերը՝ դրանց ընթացքի վերաբերյալ ապացույցներ ապահովելու նպատակով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հրաժարվում է, ընդ որում հրաժարումը կատարվում է գնահատող հանձնաժողովի անդամների որոշմամբ: Ստացվում է, որ գնահատող հանձնաժողովի որոշումն ավելի բարձր է, քան ՀՀ օրենքի պահանջները:

Հենց գնահատող հանձնաժողովի նիստերը չձայնագրելը առաջացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտ լիակատար անպատժալիության մթնոլորտ և նիստերի ժամանակ նիստին մասնակցող տնտեսվարողների ներկայացուցիչների նկատմամբ երբեմն լկտի վարքագծի դրսևորում:

Օրինակ, ինչպես այս կապակցությամբ մեզ հայտնել է «ՄՏԿ» ՓԲԸ-ն, 20..03.2024թ.-ին տեղի ունեցած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված «№104/GArm/24_4.3_105/12.03.24» ծածկագրով մրցակցային ընտրության հանձնաժողովի նիստի ժամանակ, որին ներկա են գտնվել գնման գործընթացին հայտ ներկայացրած մասնակից՝ «ՄՏԿ» ՓԲԸ-ի երեք ներկայացուցիչներ, «ՄՏԿ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նախքան նիստն սկսվելը նրանցից մեկը դիմում է ներկայացրել «Գազպրոմ Արմենիա» ընկերություն՝ նիստը տեսաձայնագրել թույլատրելու խնդրանքով, ինչի մասին նիստն սկսվելուն պես տեղեկացրել է նաև հանձնաժողովին: Սակայն Հանձնաժողովը ոչ միայն թույլ չի տվել տեսաձայնագրել նիստը, այլև չի տվել դրա համար որևէ խելամիտ հիմնավորում։ Ավելին, ըստ «ՄՏԿ» ընկերության ներկայացուցիչներից ստացված տեղեկության՝ հանձնաժողովը իրեն մեղմ ասած «ոչ պատշաճ» է դրսևորել: Հանձնաժողովի անդամներից մեկը անհարկի շահարկել է «ՄՏԿ» ընկերության և դրա ներկայացուցիչների անունները, ինչին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչներից մեկը խնդրել է անցնել բուն նիստին։ Շարունակելով նիստի հետ կապ չունեցող մեկնաբանությունները՝ հանձնաժողովի անդամներից մեկը անգամ վիրավորել է ընկերության ներկայացուցիչներից մեկին, նրան դուրս հրավիրել սենյակից։

Սակայն եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ենթարկվեր «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին և ապահովեր իր նիստերի հրապարակայնությունը՝ դրանց տեսաձայնագրումը ապահովելու եղանակով, դժվար թե հանձնաժողովի անդամներն իրենց թույլ տային դրսևորել նման մեղմ ասած «ոչ պատշաճ» վարքագիծ՝ մտահոգություն ունենալով, որ նիստի ընթացքը ձայնագրվում է և համապատասխան անօրեն վարքագիծը կֆիքսվի:

Նույն խնդիրն առաջացել է մասնակիցների հայտի փաստաթղթերի տրամադրման հետ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կատեգորիկ հրաժարվում է նիստի ժամանակ նիստին ներկա մասնակիցներին ցույց տալ մյուս մասնակիցների գնային առաջարկները, այլ հեռավորության վրա ընդամենը բարձրաձայնում է ներկայացված գնային առաջարկը: Սակայն այդ առաջարկները հանրայնացնելուց կատեգորիկ հրաժարումը հնարավորություն է ընձեռնում հանձնաժողովի անդամներին, օրինակ, հովանավորվող, ցանկալի մասնակցի մասով կարդալ/հրապարակել ավելի ցածր գին, քան տրվել են ոչ ֆավորիտ մասնակիցների կողմից, և քանի որ գնային առաջարկը ցույց չի տրվում նիստին ներկա մյուս մասնակիցներին, ապա վերոհիշյալը իրականում դառնում է անվերահսկելի և ենթադրյալ խախտումը հնարավոր չէ որևէ կերպ կանխել:

Բացի այդ, հատկանշական է, որ նույն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հրաժարվում է նաև գնահատող հանձնաժողովի նիստից հետո մասնակցի դիմումի հիման վրա տրամադրել մյուս մասնակիցների հայտի փաստաթղթերը, իբրև թե դրանցում անհատական տվյալներ պարունակելու մտացածին պատճառաբանությամբ:

Օրինակ, «ՄՏԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված բոլոր դիմումները՝ տրամադրել մյուս մասնակիցների հայտերը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մերժել է այն՝ ավելի քան ծիծաղելի պատճառաբանությամբ, իբրևէ թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հաստատված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումների մասին կարգով նախատեսված չէ գնումների գործընթացի մասնակիցների կողմից ներկայացված հայտերի տրամադրում որևէ անձի, ուստի այլ անձանց վերաբերող՝ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել առանց այդ անձանց համաձայնության:

Համապատասխանաբար, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից գնման ընթացակարգերի մասնակցի դիմումի հիման վրա ոչ մի գնման ընթացակարգով չեն տրամադրվում մյուս մասնակիցների հայտերը, ինչի արդյունքում հնարավոր չի լինում ուսումնասիրել հայտի փաստաթղթերը, իսկ անհամապատասխանություն հայտնաբերելիս՝ դատական կարգով բողոքարկել գնահատող հանձնաժողովի որոշումները՝ նման հայտերը բավարար գնահատելու վերաբերյալ:

Վերոհիշյալի արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կարող է իր գնումների ընթացակարգերում դրսևորել ցանկացած վարքագիծ, բավարար գնահատել ցանկացած մասնակցի հայտ՝ ցանկացած փաստաթղթերի հիման վրա, քանի որ չկատարելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները և ըստ էության, գաղտնիության ռեժիմով անցկացնելով իր գնման ընթացակարգերը՝ բարեհաջող կերպով խուսափում է հանրային վերահսկությունից՝ այդ վերահսկողությունը իրականացնելու անհնարինության պայմաններում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ