Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը երկու հաղորդում է արել, ըստ որոնց՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն էր հրապարակել նաև ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Միլլերի հաղորդման մեջ նշվում է, որ Բլինքենը զրուցել է Հայաստանի վարչապետի հետ, որպեսզի «վերահաստատի ԱՄՆ աջակցությունը կայուն և արժանավայել խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացին»։

Ալիևի հետ զրույցի մասին հաղորդման մեջ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին անցյալ շաբաթ արած հայտարարության համար, համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանի սահմանազատման հիմք, և «ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»։

«Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին շարունակել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով Միացյալ Նահանգների պատրաստակամությունը խաղաղության հասնելու ջանքերին:

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր երկկողմ հարաբերությունների հանձնառությունը՝ նշելով էներգետիկ, կլիմայի և հաղորդակցության ընդհանուր նպատակների շուրջ համագործակցելու և Բաքվում COP29-ի հաջողությունն ապահովելու ջանքերը: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից Գուբադ Իբադօղլուին տնային կալանքի ենթարկելը որպես մարդասիրական ժեստ և նրա շուտափութ ամբողջական ազատ արձակման կոչ արել։ Պետքարտուղարը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց», — ասվում է Միլլերի հաղորդման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ