Ռեֆորմները կիսատ-պռատ չպետք է լինեն, ԵՄ-ն հետևելու է արդյունքներին. եթե տեսնի լավ չի արված, ինչ-որ բաներ թույլ չի տալու․ Մակարյան

2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: Հանդիպմանը հաստատվել է ՀՀ-ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։
Նա նշեց, որ հիմա ավելի շատ ճանաչողական պրոցես է գնում Հայաստանի հետ, օրինակ՝ հենց հիմա Հայաստանում է գտնվում Ֆինլանդիայի պատվիրակությունը՝ դեսպանի գլխավորությամբ, ովքեր ներկայացնում են կոնկրետ ընկերություններ, որոնք նաև զբաղվում են գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորմամբ, ներդրումային ծրագրերով, նույն կերպ հաջորդ շաբաթվա սկզբներին Հնդկաստանի պատվիրակությունն է ժամանելու, այսինքն՝ այսօր արդեն ԵՄ-ի օրինակով տարբեր երկրներ հետաքրքրված են Հայաստանի հետ իրենց համագործակցությունն ակտիվացնելու գործում։

Խոսելով նաև այն մասին, որ Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ, Գագիկ Մակարյանն ասաց, որ հիմա այդ հարթակը տրոհված է, վեց երկրներ՝ Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն են։

«Հիմա Ուկրաինան ինչ վիճակում է գտնվում, Մոլդովան կիսատ-պռատ վիճակում է, Վրաստանն իր խնդիրները դեռ ունի, Հայաստանն իր խնդիրներն ունի, Ադրբեջանն իր խնդիրներն ունի, Բելառուսի հետ սանկցիաների պատճառով իրենք համարյա թե չեն աշխատում, Ուկրաինայում ֆիզիկապես հնարավոր չէ արևելյան գործընկերություն զարգացնել։ Այսինքն՝ այդ վեցյակը, որ կար Արևելյան գործընկերության մեջ, իրականում 50 տոկոսն է հիմա մնացել, այսինքն՝ ինքը լիարժեք չգործող հարթակ դարձավ վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ հունվարի վերջերին ԵՄ-ն մեծ համաժողով անցկացրեց Բրյուսելում, որը նվիրված էր Միջին Ասիայի երկրներից Կասպյան ավազանով ճանապարհի և լոգիստիկ կենտրոնների ստեղծմանը կամ եղածների բարելավմանը, որը պիտի Կասպյան ավազանով, Ադրբեջանով գա Վրաստանով, Թուրքիայով մտնի Բուլղարիա և Եվրոպա, ինչը թույլ է տալիս Ռուսաստանը շրջանցել, Հայաստանը չկար այդ ճանապարհի մեջ: Պարզվեց, որ Եվրոպան դրա մի մասն է ֆինանսավորել՝ մինչև Կասպյան ավազան։
«Հայաստանը հետո կարող է ինչ-որ մի փոքր ճյուղ կառուցել, գնալ, միանալ այդ ամբողջ ճանապարհին, չգիտեմ դա արդեն ինչ լոգիկայով է լինելու, պետությունները պիտի համաձայնություն տա՞ն, թե՞ չտան, որոնք որ այդ շղթայի մեջ են։ Այսինքն՝ Եվրոպան այսպիսի կարևոր ծրագրում Հայաստանի տարբերակը չի դիտարկել»,- նշեց Գագիկ Մակարյանը։

Վերջինս նաև հայտնեց, որ օրերս այստեղ գտնվող Ֆինլանդիայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հարկավոր է օգնել Հայաստանին, օրինակ՝ մատակարարել արտադրական ձեռնարկություններ, որոնք կտեղակայվեն մարզերում, կստեղծվեն արդյունաբերական զարգացման լոկոմոտիվային գործարաններ, որոնք նոր ճյուղեր, նոր կարգի արտադրանքներ կստեղծեն, որովհետև բոլորը շահագրգռված են դիվերսիֆիկացիայի հարցում, բայց դիվերսիֆիկացիա ստանալու համար պիտի նոր արտադրություններ, նոր արտադրանքներ ստանալ, որոնք արդեն կարող են այլ շուկաներ հավակնել։
Բացի դրանից, ըստ մեր զրուցակցի՝ կարող են եվրոպական ստանդարտիզացիայով գործարաններ լինել, որոնց արտահանումը հատկապես ԵՄ շատ կհեշտանա։

«Հիմա եվրոպացիներն ասում են, որ իրենք շատ հետաքրքրված են Հայաստանի արդյունաբերության զարգացումով, որը կարևոր է, որովհետև եթե իրենք մրցակցություն չեն տեսնում այստեղ, ապա սա հետաքրքիր է և հատկապես կարող է այն ուղղություններով զարգացումը գնալ, որը նաև իրենց սպասարկի որոշակիորեն և Հայաստանի կախվածությունները մի բևեռից նվազեցնի կամ ստեղծի այլընտրանքային շուկաների հնարավորություն»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Ի հավելումն նա ասաց, որ պետական համապատասխան մարմինները, որոնք բանակցում են կամ խնդիրներ են դնում, ոչ թե ընկնեն միայն զվարճանքի, պրիմիտիվ առևտրի կամ ինչ-որ այլ բաների հետևից, այլ իրենք պետք է ավելի շատ ուղղված լինեն Հայաստանի արդյունաբերության զարգացմանը։

Գագիկ Մակարյանի խոսքով՝ կարևոր է նաև, որ Հայաստանի վեց մարզերի փաթեթային զարգացումներ լինեն, որովհետև այդ մարզերը սոցիալ-տնտեսական առումով շատ հետամնաց վիճակում են, նույնիսկ այս տնտեսական աճի պայմաններում։
«Ես կոչ կանեի, որ պետական մարմինները պատվիրեն, պատվիրակեն կամ հետազոտություններ կատարեն կամ երկխոսեն բիզնես ասոցիացիաների, գործատուների միության, առևտրի պալատների հետ, որպեսզի վեր հանեն նպատակային խնդիրները և դրանք դարձնեն փաթեթային ֆինանսավորման նպատակներ։ Որովհետև նաև եվրոպական նախկին լիդերները, որոնք Հայաստանում էին, գալիս-գնում էին, կամ դեսպանները, նրանք երբեմն ակնարկում էին, որ մենք, կոպիտ ասած, իրենց նորմալ առաջարկներ չենք ներկայացնում։ Եվ երկրորդ կարևոր խնդիրը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է: ՍԵՊԱ-ն և այդ հարթակը, որը մենք ստեղծել ենք քաղհասարակության հետ, որտեղ կան նաև արհմիություններ, գործատուների ներկայացուցչություններ և ՀԿ-ների ներկայացուցիչներ, մոտ 15 վերլուծություններ կատարեցինք անցած 1,5 տարվա ընթացքում, որոնք տարբեր կոնֆերանսներում ներկայացրեցինք, նաև ուղարկեցինք պետական մարմիններին, բայց պետական մարմիններն ականջալուր չեն, չէին հետևում, չէին գալիս կարգին, հենց ղեկավարները հեռանում էին, իրենք էլ էին գնում, քիչ էին մնում, անտարբեր էին»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Վերջինս նշեց, որ եթե անգամ եղել է, որ մասնակցել են տարբեր քննարկումների՝ պետական մարմինների ներկայությամբ, իրենք տեսել են էլի հին սինդրոմը՝ ինչ-որ բաներ լղոզելու, ինչ-որ բան անցկացնելու, ցույց տալու, որ ինչ-որ բան անում են, լավացնում են. այդպիսի բաները պետք է վերանան։

«Մենք պետք է անկեղծ լինենք առաջինը ինքներս մեր հանդեպ, մեր ժողովրդի, մեր բիզնեսի, մեր հարկատուների հանդեպ, որ այդ ռեֆորմները լիարժեք կատարվեն, այլ ոչ թե ձևական, կիսատ-պռատ չլինեն, որովհետև վաղը-մյուս օրը Եվրոպան անպայման հետևելու է այդ արդյունքներին, և եթե տեսնի լավ չի արված, ինչ-որ բաներ թույլ չի տալու»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Ի հավելումն նա նշեց, որ տեսնելով նախարարների, փոխնախարարների դեպքերը, նրանց մոտիվացիան կամ այլ պետական պաշտոնյաների ցածր մոտիվացիան՝ իրենք նկատում են, որ շատ ավելի բարձր մակարդակներում տեղյակ չեն լինում կամ տեղ չեն հասցնում։ Մեջբերելով այսօր աշխատանքից ազատված ՀՀ էկոնոմիկայի նախարարի ազատումը՝ Գագիկ Մակարյանն ասաց. «Լավ չավարտվեց։ Իմիջիայլոց, անցյալ տարի մայիսին ես անձամբ Քերոբյանին մի միջոցառման ժամանակ զգուշացրի, ասացի՝ քո տեղակալներին դո՞ւ ես նշանակել, թե՞ քեզ պարտադրել են, ինքը ասաց՝ չէ, ես եմ նշանակել, սկսեց գովել, ես ասացի, որ սենց-սենց խնդիրներ կան իր տեղակալների հետ կապված, կոնկրետ ինֆորմացիա կա, դժգոհություններ կան, ինքը համարեց, որ դրանք բամբասանքներ են կամ չուզեց լսել։ Ես էլ իրեն ասացի՝ հետո կուժն ու կուլան քո գլխին է կոտրվելու, ու ութ ամիս անցավ կոտրվեց։ Նույն ձևի պատմություն ունենք այլ նախարարություններում։ Իսկ ո՞վ ասաց, որ մյուս նախարարություններում դեռ աղմուկ չի առաջացել, այնտեղ ամեն ինչ լավ է, ոչ»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։

Լիլիթ Թադևոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ