Ռուսական պրոպագանդայի ցինիզմը սահմաններ չի ճանաչում, Ադրբեջանի հետ ամեն կերպ փորձում է Հայաստանին ճնշել. Միսկարյան

Քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանի կարծիքով՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովի այն հայտարարությունը, թե տարիների ընթացքում Ռուսաստանը փորձել է խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իրականության հետ ուղիղ կապ ունի:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ հավելելով՝ այնպես չէ, որ Ռուսաստանը նպատակամղված Հայաստանին և Ադրբեջանին տանում էր պատերազմի:

«Կարծում եմ՝ խնդրի խաղաղ հանգուցալուծումը և՛ Հայաստանի, և ՌԴ-ի, և՛ Ադրբեջանի շահերից էր բխում: Այլ հարց է, թե այդ հանգուցալուծում ասվածն ի՞նչ է, և արդյոք այն հանգուցալուծումը, որը ՌԴ-ն էր պատկերացնում, ինչ-որ կերպ Հայաստանի համար ընդունելի՞ էր: Եթե, օրինակ, ՀՀ-ն 7 շրջանները, Արցախը տար, Սյունիքն էլ տար՝ միջանցքը, պայմանագիր կնքեր, որ, օրինակ, Ուկրաինա 10 հազարանոց զորք է ուղարկում՝ ՌԴ-ի կողմից կռվելու, ապա, վստահաբար, ՌԴ-ն ամեն ինչ կաներ, որ Ադրբեջանը չհարձակվի, և, ինչպես իրենք են ասում, խնդիրը խաղաղ լուծում կստանար: Բայց արդյոք դա խնդրի կարգավորման բանաձև կամ բանալի՞ է: ՌԴ-ի ոչ թե պատերազմ տենչալն է, որ մեզ հասցրել է այս օրին, այլ նրա շահերը Հարավային Կովկասում պահելու ծրագիրը»,- ասում է Միսկարյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա գործունեության մասին ծրագրերին՝ զրուցակիցն ասում է, որ դա զուտ Արևմուտքին Կովկաս չթողնելու ռուս-ադրբեջանական խաղ է:

«Ադրբեջանի համար ցանկալի չէ, որ հայ ժողովուրդը վերադառնա Արցախ և այնտեղ ապրի, դրա համար ՌԴ-ի հետ գտել են բանաձև, որով մերժում են որևէ միջազգային խաղաղապահի ներկա գտնվել ԼՂ-ում՝ դրա փոխարեն այնտեղ պահելով ռուսական ձևական խաղաղապահներին: Պարզ է, որ եթե նրանք խաղաղապահ էին և կարողանում էին Արցախում ապրող հայերի անվտանգությունն ապահովել, ապա կերաշխավորեին այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը շրջափակել էր, ու մարդիկ զրկված էին տարրական կենցաղային խնդիրներ լուծելու հնարավորությունից»,- նկատում է զրուցակիցը:

Մեկնաբանելով Եվդակիմովի այն միտքը, թե հակաահաբեկչական գործողության ավարտից հետո ռուս խաղաղապահները ադրբեջանական ուժերի հետ միասին պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները, քաղաքական գործիչն ասում է՝ ռուսական պրոպագանդայի ցինիզմը սահմաններ չի ճանաչում. «Մենք դրա ականատեսն ենք եղել տարիներով, դա նորություն չէ, սա էլ հերթական ցինիկ դրսևորումն է: Մենք գիտենք, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձել է, փորձում է և փորձելու է հայկական հետքը վերացնել այն տարածքներից, որոնք իր ազդեցության տակ են, դա կլինի ռուսների հետ, թե առանց ռուսների, միանշանակ է նաև այն, որ ռուս խաղաղապահները դրան որևէ կերպ չեն ընդդիմանալու»:

Միաժամանակ Միսկարյանը նկատում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերին միակ հավատարիմ կողմը Հայաստանն է եղել, իսկ ահա ռուսական ու ադրբեջանական կողմերը հայտարարության ոչ մի կետ չեն իրականացրել:

Միսկարյանի խոսքով՝ վստահաբար այդ միջանցք կոչվածի հարցին էլ Հայաստանը չի խոչընդոտում, այլ կա զուտ մեկնաբանության խնդիր՝ ի՞նչ ասել է միջանցք. «ԼՂ-ի համար էլ պետք է միջանցք ապահովեին, որ այդ մարդիկ անխոչընդոտ կարողանային սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ ստանային, բայց ռուսները չապահովեցին, մի տարի այս մարդիկ շրջափակված մնացին, դրանից բացի՝ այդ մարդկանց անվտանգությունը պետք է ապահովվեր, բայց իրենք այնպես արեցին, որ հայերը ստիպված լինեն տեղահանվել: Շատ տարբեր դրվագներով պարզ է դառնում, որ ՌԴ-ն և Ադրբեջանը Հայաստանին ամեն կերպ փորձում են ճնշել, որպեսզի այս իրավիճակից առավելագույնս օգտված դուրս գան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ