Կառավարման համակարգը պետք է ձերբազատվի «գողական պանյատներից»

Ցանկացած պետական պաշտոն նախևառաջ պատասխանատվություն է։ Յուրաքանչյուր մարդ, ով նշանակվում է պետական պաշտոնի, պետք է գիտակցի, որ առաջին հերթին ստանձնում է պատասխանատվություն պետության և քաղաքացիների հանդեպ։

Ցավոք, Հայաստանում այս պատասխանատվությունը ոչ բոլոր պաշտոնյաներն են գիտակցել և գիտակցում։ Քիչ չեն եղել և այսօր էլ քիչ չեն այն պաշտոնյաները, որոնք պետական պաշտոնը սեփական հարցերը կարգավորելու միջոց են համարում։

Կան պաշտոնյաներ, որոնք պաշտոն ստանալուց հետո սկսում են իրենց ավելի բարձր դասել մյուս քաղաքացիներից, մոռանալով, որ տվյալ պաշտոնը նախատեսված է հենց քաղաքացուն ծառայելու համար։ Այս արատավոր երևույթը տարիներ շարունակ արմատացած է եղել պետական կառավարման համակարգում։ Ոմանց թվում է, որ իրենք հավերժ են այդ պաշտոնում, կամ այդ պաշտոնը ստացել են որպես ընտանեկան ժառանգություն։

Տարիներ շարունակ հանցավոր աշխարհն ու պետական կառավարման համակարգը սերտաճած են եղել և դա իր բացասական հետևանքն է թողել և այսօր էլ շարունակում է թողնել պետական կառավարման համակարգի գործունեության վրա։ Շատերին թվում է, որ պաշտոն ունենալը բավական է, որ իրենց առաջ բոլորը գլուխ խոնարհեն եւ իրենց ենթարկվեն։

Նախկին իշխանությունների օրոք և այսօր նույնպես պաշտոնյաներ են եղել և այսօր էլ կան, որոնք պատահականության սկզբունքով հայտնվելով ինչ-որ պաշտոնի, շարունակում են՝ այսպես ասած «գողական պանյատներով» կատարել իրենց պարտականությունները։ Պաշտոնյաների այդ տեսակի մոտ առաջնային են ոչ թե գործող, այլ չգործող օրենքները, կամ գողական կանոնները, մոռանալով, որ պաշտոնյայի աշխատասենյակն ու փողոցը, որտեղ տվյալ անձն իրեն զգացել է ինչպես ձուկը ջրում, բոլորովին այլ արժեհամակարգեր են գործում։

Այս երևույթը պետք է արմատախիլ անել, որոշ պաշտոնյաներ պետք է փոխեն իրենց վարքագիծը, եթե իհարկե պետական կառավարման համակարգը բարելավելու և ավելի արդյունավետ դարձնելու ցանկություն կա։ Քաղաքացու հետ բարեկիրթ, քաղաքավարի շփումը պետք է յուրաքանչյուր պաշտոնյանի համար «պատվիրան» դառնա, այլ ոչ թե անձնական, կամ ծանոթների խնդիրները լուծելու, իսկ մյուսներին ստորացնելու լծակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ