Փարիզի օլիմպիական խաղերից մինչև ընտրություններ. ի՞նչ է սպասվում աշխարհում 2024-ին, ինչպես կփոխվի կյանքը

Կյանքն ու աշխարհը փոխվում են ապշեցուցիչ արագությամբ, անկախ նրանից՝ զինված բախումների նոր ալիք է, էներգետիկ ռեսուրսների գլոբալ քարտեզի վերաձևակերպում, թե արհեստական ինտելեկտի (AI) արագ առաջընթաց:

Բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» կայքն առանձնացրել է 2024-ին կայանալիք 10-ը կարևորագույն իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ կփոխեն կյանքը մոլորակի վրա։

«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է դրանցից ամնակարևորները:

Ընտրություններ ամբողջ աշխարհում.

Աշխարհի վրա ապրող մարդկանց կեսից ավելին 2024-ին կգնա համապետական քվեարկության. հաջորդ տարի ընտրություններ են նախատեսված ավելի քան յոթ տասնյակ երկրներում, որտեղ, ընդհանուր առմամբ, ավելի քան 4.2 միլիարդ մարդ է ապրում։

Քվեարկողների նման մեծ թիվը, սակայն, դեռևս չի խոսում ժողովրդավարության հաղթանակի մասին, գրում է «Էկոնոմիստ»-ը՝ հավելելով՝ շատ ընտրություններ չեն լինելու ո՛չ ազատ, ո՛չ արդար. «Բազմաթիվ քվեարկություններ կամրապնդեն ոչ ազատական առաջնորդների դիրքերը, մյուսները հաղթանակ կպարգևեն կոռումպացված ու ոչ հմուտ կառավարիչներին»։

Ամենակարևոր ընտրական մրցապայքարը, անշուշտ, Ամերիկայում է, որն իր ազդեցությունը կթողնի ողջ աշխարհի վրա։ Բոլոր նշանները մատնանշում են երկու հնաբնակների՝ նախագահ Ջո Բայդենի և նրա նախորդի՝ Դոնալդ Թրամփի ռևանշը։

Ընտրությունների գլխավոր հարցը կլինի ոչ թե ավանդական ինչ-որ բան, ինչպիսին է տնտեսությունը կամ արտաքին քաղաքականությունը, այլ այն, թե արդյոք որևէ մեկը պիտանի է պաշտոնավարել: Բայդենը պնդելու է, որ իր նախորդը էքզիստենցիալ սպառնալիք է հանրապետության համար: Թրամփը պնդելու է, որ ներկայիս նախագահը չափազանց ծեր է և թույլ՝ Ամերիկայի խնդիրները լուծելու համար:

Պարզ չէ, թե ինչպիսին կլինի արդյունքը, սակայն հետևանքները կլինեն գլոբալ՝ ազդելով ամեն ինչի վրա՝ սկսած կլիմայական քաղաքականությունից մինչև Ուկրաինային ռազմական աջակցություն:

«Թրամփի հնարավոր հաղթանակի դեպքում Ամերիկան կարող է դառնալ մեկուսացման միտումներով խաղալիք-ատրճանակ, ռուս-ուկրաինական պատերազմն էլ կարող է հանգուցալուծվել Ուկրաինայի հաշվին»,- գրում է «Էկոնոմիստը»-ը՝ պատասխանելով հարցին, թե. «Ի՞նչ կլինի, եթե Դոնալդ Թրամփը հաղթի, ինչի հավանականությունը տագնապալի աճում է»:

«Էկոնոմիստ»-ը նաև ընդգծում է, Ռուսաստանի նախագահը, որ վերացրել էր վերստին առաջադրվելու արգելքը, կրկին անկասկած կհաղթի, և նրա ապագան այսօր կախված է ավելի շատ ամերիկացի, քան ռուսաստանցի ընտրողներից։

Ըստ «Էկոնոմիստ»-ի՝ հաշվի առնելով վերոնշյալը՝ համապատասխանաբար Եվրոպան պետք է գործի՛, քայլեր ձեռնարկի և Ուկրաինային տրամադրի ռազմական և տնտեսական աջակցություն, որն անհրաժեշտ է երկար պայքարի համար՝ միևնույն ժամանակ ճանապարհ հարթելով դեպի ԵՄ վերջնական անդամակցություն:

Սա նաև ապահովագրվում է այն ռիսկից, որ պարոն Թրամփը կվերականգնի իշխանությունը և կհրաժարվի աջակցությունից:

Ուկրաինական չդադարող հակամարտության ֆոնին «Էկոնոմիստ»-ը փոփոխություններ է կանխատեսում նաև Հարավային Կովկասում՝ արձանագրելով, որ ղարաբաղյան կարճատև պատերազմն ու անկումը միայն մի դրվագն էր այն մեծ տեղաշարժի, որ փոխել է ուժերի հավասարակշռությունը նախկին Խորհրդային միությունում ու աշխարհում, և որը կշարունակվի նաև հաջորդ տարի։

«2020-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «արտոնեց» Ադրբեջանին և Թուրքիային հետ վերցնել Լեռնային Ղարաբաղի տարածքները։ Միաժամանակ, սեփական խաղաղապահ զորքը տեղակայեց Լեռնային Ղարաբաղում՝ իբրև թե հայերին պաշտպանելու, իսկ իրականում՝ սեփական ազդեցությունը պահպանելու համար: Իսկ երբ եկավ Ուկրաինայի դեմ պատերազմելու ժամանակը, Պուտինը նախընտրեց հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, քան ժողովրդավարական Հայաստանի, և թույլ տվեց Ադրբեջանին մաքրել Լեռնային Ղարաբաղը հայերից, որոնց հույսը Մոսկվայի պաշտպանության վրա էր: Արցախահայերին դավաճանելուց բացի՝ Ռուսաստանը հույս ունի նաև շահարկել նրանց գաղթը՝ Հայաստանում վարչակարգի փոփոխություն հրահրելու համար: Պուտինը նաև հույս ունի պահպանել տեղում ազդեցությունը՝ վերահսկելով Թուրքիան Ադրբեջանի հետ կապող միջանցքը, որը կարող է անցնել Հայաստանով»,- գրում է «Էկոնոմիստ»-ը՝ հավելելով, որ Անկարան ու Բաքուն ցանկանում են իրենց սեփական ուժային հենակետը ստեղծել Կովկասում. «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքներից մեկը միջին քաշային պետությունների, օրինակ՝ Թուրքիայի վերելքն է, մյուսը՝ Կրեմլի ազդեցության թուլացումը հետխորհրդային աշխարհում»։

«Էկոնոմիստ»-ը խոսել է նաև Մերձավոր Արևելքում տիրող անկարգություններից:

Ըստ պարբերականի՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և Գազայի դեմ Իսրայելի պատասխան գործողությունները շրջել են տարածաշրջանը և այն միտքը, թե աշխարհը կարող է շարունակել անտեսել պաղեստինցիների ծանր վիճակը:

Արդյոք դա կվերածվի՞ ավելի լայն տարածաշրջանային հակամարտության, թե՞ խաղաղության նոր հնարավորություն կառաջարկվի։ Ամերիկայի համար, որը ծանրաբեռնված գերտերություն է, դա նաև փորձություն է՝ արդյոք այն կարո՞ղ է հարմարվել ավելի բարդ և սպառնացող աշխարհին:

Ըստ պարբերականի՝ 2024 թվականին անցումը մաքուր էներգիա կստեղծի նոր «կանաչ» գերտերություններ և կվերաձևավորի էներգառեսուրսների նոր քարտեզ։

Պարբերականն ընդգծում է՝ իրական կդառնա Արհեստական ինտելեկտը:

Ձեռնարկությունները կշարունակեն աշխատել դրանց ներդրման վրա, իսկ տեխնիկները կշարունակեն կատարելագործել այն, սակայն միաժամանակ մտահոգություններ կան աշխատատեղերի վրա AI-ի ազդեցության և ընտրությունների հնարավոր միջամտության վերաբերյալ:

2024-ին հնարավոր է, որ գաղափարական տարաձայնությունները մի կողմ դրվեն, քանի որ աշխարհը վայելելու է Փարիզի Օլիմպիական խաղերը, բայց նույնքան հավանական է, որ նրանք, ովքեր հույս ունեն ինչ-որ գլոբալ միասնության, կհայտնվեն փակուղում:

Ընդհանուր առմամբ, ըստ «Էկոնոմիստ»-ի, 2024 ը խոստանում է դառնալ 1945 թվականից հետո ամենավճռորոշ տարին աշխարհակարգի համար։

Ըստ էության՝ «Էկոնոմիստ»-ը ընդգծել է, որ 2024-ին ամենակարևորը Ամերիկայի նախագահական ընտրություններն են:

Եթե Սպիտակ տուն գա մեկուսացման ձգտող նախագահ, Եվրոպան, իհարկե, կշարունակի պայքարը Ուկրաինայի համար, բայց դժվար կլինի անհրաժեշտ օգնությունը երաշխավորել։ Ասիայում կսկսեն կրկնօրինակել Չինաստանին ու ամրապնդել իրենց սեփական ռազմական հզորությունները, Հարավային Կորեայի ու Սաուդիան Արաբիայի նման երկրները կարող են միջուկային պետություն դառնալու ճանապարհ ընտրել։

Եթե Ամերիկան ինտերնացիոնալիստ առաջնորդ ընտրի, աշխարհի մեծ մասը կարող է թեթևացած շունչ քաշել, բայց անգամ այդ դեպքում Վաշինգտոնը մեծ գործ ունի անելու՝ միջազգային անվտանգության ու առևտրի կայունացման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ