«Շոֆերից դառնում են հարգելի վարորդ». ինչու է Երևանի քաղաքապետարանն աշխատանքից ազատել 30-ից ավելի ավտոբուսների վարորդների

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ շուրջ 100 օրվա ընթացքում հասարակական տրանսպորտ վարող 31 վարորդ է ազատվել աշխատանքից:

«Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարորդների ազատման պատճառներին, ասում է, որ նրանք հիմնականում ազատվել են ղեկին ծխելու, քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով:

«Ուղևորները բողոքել են, մենք ավտոբուսների կրիչները ստուգել ենք, ինչը իրականությանը համապատասխանել է, այդ վարորդը ազատվել է աշխատանքից: Ճիշտ է, քաղաքացիների մեջ էլ կգտնվեն մարդիկ, որոնք իրենց, որպես ուղևոր, լավ չեն դրսևորի, սակայն վարորդը, եթե սպասարկման ոլորտում է աշխատում, զուսպ պետք է լինի, եթե, օրինակ, խոսել չգիտի, պետք է սովորի կամ չխոսի»,- շեշտում է Մանուկյանը:

Հարցադրմանը՝ հաշվի առնելով ազատված վարորդների քանակը՝ կարելի՞ է ենթադրել, որ նման դեպքերը շատ են, քաղաքային իշխանության ներկայացուցիչն ասում է՝ այժմ շատ ուշադիր փնտրելու դեպքում անգամ ղեկին ծխող վարորդ չի հանդիպի. «Եթե հանկարծ կլինեն, նրանք նույնպես կլքեն իրենց աշխատանքը: 14 օրվա համար «Ժոնգ-Տոնգ»-ի վարորդները 320, իսկ «ՄԱՆ»-ի վարորդները 420 հազար դրամ աշխատավարձ են ստանում և պետք է որակ ապահովեն»:

Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ նոր վարորդներ գտնելու բարդություն հիմնարկը չունի:

«Հավատացած եղեք՝ մենք շուրջ 1200 վարորդ ունենք այս պահին, որ ազատում ենք, դրանից հիմնարկը չի տուժում: Այս պահին 100 և ավելի վարորդ ունենք, որ հերթագրվել են և ցանկություն հայտնել աշխատելու: Ես անգամ քաղաքապետարանին եմ դիմել, որ մենք մեկ հատ ուսումնական ավտոբուս ունենանք, որովհետև երիտասարդ վարորդների շատ քիչ ենք գտնում. նրանք Դ կատեգորիա հանելու խնդիր ունեն: Ես ուզում եմ, որ մենք ինքներս սովորեցնենք ավտոբուս վարել, և թե սպասարկումն ինչպես պետք է կատարել»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում նոր վարորդներ ընդունելիս, Մանուկյանը շեշտում է՝ բծախնդրորեն. «Առաջին հերթին պետք է լինեն կոկիկ, հանգիստ, կայուն հոգեվիճակով, քանի որ մեծ թվով մարդկանց են տեղափոխում: Ես որ եկա հիմնարկ, այնքան չսափրված վարորդներ կային, հիմա չեք գտնի նման վարորդ, անգամ ունենք վարորդ, որ ատամնաշարը տեղում չէ, ասել եմ՝ գնա սարքիր: Շատ վարորդներ ունեմ, որ ասում են՝ ձեր գալուց հետո մենք շոֆերից դարձել ենք հարգելի վարորդ, որովհետև իրենց հագուկապն է փոխվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ