Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ այսօր՝ մայիսի 9-ին, Երևանի փողոցներում կտեսնենք կամ կլսենք, ՀՀ վարչապետի բնութագրմամբ, օտար երկրում ծվարած նարկոբարոնների, կրիմինալների, նախկին պաշտոնյաների, սակայն նրանցից որևէ մեկը այլևս չի կարող ազդեցություն ունենալ հայ ժողովրդի գիտակցության վրա։

Նրա խոսքով՝ նման խմբակի մարդկանցից հնարավոր է սպասել տարատեսակ քայլերի, մանրամասնել դրանք դժվար է, բայց կարելի է կանխատեսել։ Ինչ վերաբերում է դրանց հաջողությանը, Սուքիասյանը բացասական գնահատական է տալիս։

«Ի՞նչ ենք տեսնում, այո՛, իրենց միանում են, բայց ոչ թե ժողովուրդը, այլ վարչապետի տված գնահատականի մարդիկ։ Սկզբում երևաց, որ Ռուսաստանը փաստորեն Հայ առաքելական եկեղեցում էլ է աճեցրել «չեկիստների» խումբ, որոնք հիմա գրոհում են ՀՀ պետականության դեմ, հետո ականատես ենք լինում Հայաստանից փախած մարդկանց հայտարարություններին, պաշտոնյանների խոսքերին, որոնց վզից էլ Ռուսաստանը բռնել ու հանել է ջրի երես։ Դրանք բոլորը գուցե միանան իրար, օրինակ՝ բացի կրիմինալներից, կտեսնենք շուրջ մեկ տարուց ավելի Օպերային հարակից տարածքում խոտերին պառկած հյուսիսային բևեռի ազգայնականներին, ռևանշիստներին։ Բոլորը միտված կլինեն մեկ նպատակի՝ Հայաստանում գնալ հեղաշրջման, հողը ծախել Ռուսաստանին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Հարցադրմանը՝ հավանական համարո՞ւմ է, որ, Գարեգին Բ-ն, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ներկա կլինեն հանրահավաքին, վերջինս այս պարագայում առավել կարևոր է համարում, թե Քոչարյանն ու Սարգսյանը արդյո՞ք կկանգնեն իրար կողքի:

«Իրենց անձնական թշնամանքից ելնելով՝ գուցե չցանկանան միասին երևալ, բայց եթե ռուսական ԿԳԲ-ն որոշեց, որ անհրաժեշտ է միասին լինեն, կտեսնենք։ Մեծ հաշվով նրանք արդեն լուրջ դերակատարներ չեն։ Այնքան կեղտոտված են, որ գուցե ԿԳԲ-ն էլ հրաժարվի այդ մտքից, ասեն՝ դուրս մի եկեք, որ պայքարը չփչացնեք։ Հիմա վերջին արարն է գնում, դիրիժորը, երգը նվագելով, գալիս է, քշում է դեպի ՀՀ անկախության դեմ։ Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ, բայց իրենց ասածների ու արածների մեջ տրամաբանություն չկա։ Աշխարհն էլ է ասում՝ սահմանազատումը ձեռնտու է Հայաստանին, հիմա իրենք դուրս են եկել ու այլ երկրի շահերով են առաջնորդության գնում։ Եթե իրոք հայրենիքի պայքար լիներ, ինչո՞ւ են գալիս Երևան, քաղաքացի Գալստանյանին հարցնես՝ Տավուշում մնայիր մինչև վերջ պայքարեիր, վախեցե՞լ ես, ինչո՞ւ ես փախել»,- նշում է նա։

Ըստ Սուքիասյանի՝ հանրահավաքին դժվար բարձրաձայնվի շարժման վարչապետի թեկնածուի անունը:

«Մի բան հստակ է՝ ՀՀ օրենսդրությունը արգելում է հոգևորականին լինել վարչապետ կամ քաղաքական պաշտոն ունենալ, իսկ վերջիններս ոչ մի գնով չեն հրաժարվի եկեղեցական պաշտոններից: Ում անունն էլ հնչեցնեն, պարզ է, որ լինելու է ԿԳԲ անդամ։ Եթե քաղաքացի Գալստանյանը քաղաքական գործընթաց է սկսել, պետք է հանի իր սքեմը, բայց եթե նրանցից որևէ մեկը հանեց դա, կամ հրաժարվեց իր ներկայիս պաշտոնից, Մոսկվան կսպանի»,- ասում է նա:

Միաժամանակ «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահը նկատում է՝ եթե փորձ արվի տապալել երկրի սահմանադրական կարգը, ապա Հայաստանի իրավապահ մարմնի ներկայացուցիչները պետք է օգտվեն օրենքով վերապահված լիազորություններից, այն է՝ բռնություն գործադրելու մենաշնորհից և ամեն գնով պաշտպանեն հայ հասարակությանն ու պետությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ