Բաքուն միշտ հաստատել է բանակցությունների իր պատրաստակամությունը, ինչը չենք կարող ասել հայ գործընկերների մասին. Զախարովա

Ռուսական կողմը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումը և պատրաստ է աջակցել այդ գործընթացին։

Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը համատեղ սահմանին: Այս միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվել են մեթոդական և կազմակերպչական հարցերի շուրջ՝ նախապատրաստվելով սահմանազատման գործնական աշխատանքի մեկնարկին: Մեր կողմից պատրաստ ենք սահմանազատման գործունեության ընթացքում ապահովել հնարավոր աջակցություն»,- ասել է դիվանագետը:

Զախարովան նաև նշել է, որ փոխվարչապետերի համանախագահությամբ Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների հետագա ձգձգումները կգործեն տարածաշրջանի երկրների դեմ։

«Մենք կարծում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում պայմանավորվածությունների ձեռքբերման հետագա ձգձգումը կգործի տարածաշրջանի երկրների շահերի դեմ, այդ թվում՝ Հայաստանի շահերի դեմ»,- հավելել է նա։

ՌԴ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում զգալի առաջընթաց է գրանցվել։

«Եթե երկուստեք քաղաքական կամք լինի, մենք կարող ենք արագ ավարտին հասցնել կոնկրետ նախագծերի համաձայնեցման աշխատանքները և առարկայական գործունեություն ծավալել»,- ընդգծել է նա։

Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին հրավեր է ուղարկել Մոսկվայում խաղաղության պայմանագրի կամ երրորդ երկրներում բազմակողմ միջոցառումների շրջանակում հանդիպմանը։

«Բաքուն մեզ միշտ հաստատել է բանակցություններ վարելու իրենց պատրաստակամությունը: Ցավոք, մենք նույնը չենք կարող ասել մեր հայ գործընկերների մասին, երևի նրանք հավատում են, որ Վաշինգտոնից, Բրյուսելից և Փարիզից իրենց նոր խորհրդականները կկարողանան ավելի հետաքրքիր, ավելի արդյունավետ բան առաջարկել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 30-ին մեկնարկել էր հայ-ադրբեջանական սահմանազատման ադրբեջանական և հայկական պետական հանձնաժողովների հերթական նիստը: Հանդիպումը տեղի էր ունեցել Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի հատվածում:

Սահմանների սահմանազատման հարցը քննարկել էին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նույն այդ հատվածում էր կայացել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ