Ինչու հայտնվեց և անհետացավ Արշակ Կարապետյանը. Անդրանիկ Քոչարյանը փակագծեր է բացել

«Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար եմ եղել, և Արշակ Կարապետյանին երկու անգամ հյուրընկալել ենք ու լսել»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ իրեն հանել են նրա համար, որ ուզում էր կռվել, իսկ իրեն չթողեցին:

«Նաև Սերժ Սարգսյանին ենք հյուրընկալել ու լսել, հարց ենք հղել՝ ի՞նչ կարծիքի է Արշակ Կարապետյանի մասին, նաև նախկինում, երբ ղեկավարել է բանակի հետախուզական ծառայությունը և հեռացվել այդ պաշտոնից որպես ոչ միայն թերացած, այլ շատ թերացած: Եվ Սերժ Սարգսյանը մեզ պատասխանել է, որ՝ այո՛, իրեն և էլի մի շարք գեներալների հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Բնական հարց առաջացավ՝ պարոն Սարգսյան, ինչո՞ւ հանեցիք, ի՞նչ թերացման մասին է, և եթե հանել եք, ապա ինչո՞ւ նշանակեցիք ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդ: Շատ անկեղծ պարոն Սարգսյանն ասաց, որ այդպես ցանկացան ՌԴ-ում, և ինքը ստացավ իր նշանակումը»,- ասաց Քոչարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ չեն թողել նա կռվի, պատգամավորն արձագանքել է. «Բայց ինքը կռվելու ցանկություն ունեցե՞լ է, թե՞ կռվելու իմիտացիա, որը կարող էր շատ վտանգավոր զարգացումներ ունենալ դեռ այն ժամանակ, և կանխվեց էսկալացիայի հնարավորությունը մեր ձեռքով, և հաջորդիվ հակառակորդը էսկալացիայի նոր հնարավորություն ստեղծեց արդեն տարիներ հետո»:

Անդրանիկ Քոչարյանը նաև նկատել է՝ Արշակ Կարապետյանին ինչ-որ տեղից ասել են՝ հայտնվիր, և նա հայտնվել է:

«Արշակ Կարապետյանը ռուսերեն հայտնությամբ ինչպես հայտնվեց, այնպես էլ անհետացավ: Ինքը խոսում էր Զինված ուժերի, կռվել-չկռվելու մասին, ո՞ւմ անունից էր խոսում: Զինված ուժերում իրեն հիշո՞ւմ են, եթե հիշում են որպես հետախուզության պետ, այդ դեպքում հարց է առաջանում՝ քառօրյա պատերազմում, որպես հետախուզության պետ, ի՞նչ գործառույթներ է իրականացրել, որի անհաջողությունը կարելի է համարել արձանագրված նաև մեր զեկույցի մեջ: Արշակ Կարապետյանին եկեք չփնտրենք, ոնց որ հայտնվել է, եթե պետք լինի, նույն ձևով կհայտնվի, հիմա ինձ անհանգստացնում է իր հայտնությունից հետո անհետանալը: Հիմա ո՞ւր է պարոն գեներալը, լավ կլինի՝ մեր հատուկ ծառայությունները հետևեն նրա շարժը և քաղաքական նպատակները»,- ընդգծել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը որոշ ժամանակ առաջ մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել գործող իշխանության հասցեին և ազդարարել քաղաքական շարժում սկսելու մասին: Դրանից հետո նա այլևս չնկատվեց ասպարեզում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ