Դոգի՝ իրեն ուղղված հայհոյանքներից և նրանից ձայն ուզելուց ու մերժվելուց հետո Հայկ Մարությանի թիմակիցները փորձում են իրենց չստացված համագործակցությունը փաթաթել ՔՊ-ի վզին

«Ընդդիմադիր խոսույթով ավագանիում մանդատներ ստացած Ղուկասյանի կուսակցությունը այս իրավիճակում ըստ էության նպաստում է ՔՊ թեկնածուի քաղաքապետ դառնալուն։ Պարզ ասած՝ եթե ոչինչ չփոխվի, ապա Դոգը Ավինյան Տիգրանին դարձնում է քաղաքապետ»,- գրել է Հայկ Մարությանի ցուցակով ավագանու անդամ առաջադրված Հակոբ Կարապետյանը և արձանագրել, որ «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցություններին քվե տված քաղաքացիները, ըստ էության, քվե են տվել ՔՊ-ին։

Եկեք շարժվենք այս տրամաբանությամբ։ Ընտրությունների արդյունքների պարզ դառնալուց անմիջապես հետո ՔՊ-ի և Անդրանիկ Թևանյանի հետ համագործակցությունը բացառած Հայկ Մարությանը առաջարկեց Թևանյանին և «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, ՔՊ-ի վերարտադրությունը բացառելու համար իրեն ընտրել քաղաքապետ։ Այդ ուժերի քվեով քաղաքապետ դառնալ փորձող Մարությանը սա համագործակցություն չէր համարում։ Հարց է առաջանում՝ համագործակցությունը պոզով-պոչո՞վ է լինում։ Հիմա Մարությանի թիմակիցները արձանագրում են, որ «Հանրապետությանն» ու Դոգին քվե տվածները, ըստ էության, ընտրել են ՔՊ-ին։ Այդ դեպքում, եթե ստացվեր Մարության-Թևանյան-Դոգ համագործակցությունը, չէ՞ր ստացվում, որ Դոգին ու Թևանյանին քվե տվածները, ըստ էության, ընտրել են Մարությանին և հակառակը։

«Ուզում եմ այսպիսով շնորհավորել ՔՊ համակիրներին, որոնք իրենց արժանի կոնֆիգուրացիայով (ՔՊ, «Հանրապետություն», «Հանրային ձայն») «փառահեղ» հաղթանակ տարան Երևանի ընտրություններում»։

Եվ արժանի կոնֆիգուրացիայից է խոսում մի մարդ, ում թիմը ինքն էր Դոգին խնդրում իրեն քվե տալ ու «փառահեղ» հաղթանակ տանել։ Ընդ որում, եթե Մարությանը քաղաքապետ կարող էր դառնալ բացառապես Դոգի քվեով, ապա Ավինյանին քաղաքապետ դառնալու համար բացարձակ պետք չեն Դոգի ձայները։ Դոգի հայհոյանքները մարսելուց հետո Դոգի պահանջներին համաձայնելու պատրաստ Մարությանը հիմա փորձում է Դոգի հետ համագործակցությունը փաթաթել ՔՊ-ի վզին։

Մարությանն իր լայվում ուղիղ ասաց, որ պատրաստ էր կատարել Դոգի պահանջը՝ քաղաքապետարանի վերահսկողական վարչության պետի պաշտոնը տալ «Հանրային ձայնին», սակայն այդ պաշտոնը նշանակովի չէ։ Մարությանը Դոգին՝ իրեն քվե տալու դիմաց առաջարկեց ստեղծել քննիչ հանձնաժողով ու այդ հանձնաժողովի նախագահ նշանակել «Հանրային ձայնի» անդամներից մեկին։ Եվ ահա այս երկխոսությունը, եթե կուզեք՝ բանակցությունները, մոռացած «Ազգային առաջընթացը» Դոգի հետ համագործակցությունը փաթաթում է ՔՊ-ի վզին ու այն ներկայացնում որպես արժանի կոնֆիգուրացիա։ Էլ չենք խոսում այն մասին, որ «Ազգային առաջընթացը» իր ընտրողներին վստահեցրել էր, որ բացառում է համագործակցությունը նախկին իշխանությունների՝ հետևաբար նաև Ռոբերտ Քոչարյանի թիմակից Թևանյանի հետ, իսկ ընտրություններից հետո, խաբելով իրենց ընտրողներին, համաձայնեց համագործակցել ու կատարել Թևանյանի պահանջը՝ ընդունելով ամբողջական իշխանափոխության Քոչարյանի օրակարգը։

Հիմա էլ հարց են տալիս, թե ի՞նչ է ՔՊ-ն տվել Դոգին։ Այս հարցն առաջանում է այն դեպքում, երբ Դոգը հստակ հայտարարել է, որ իրեն ձեռնտու չէ կրկին փող ծախսել ու գնալ նոր ընտրությունների, ստանալ նույնքան ձայներ ու դառնալ ընդդիմություն այն դեպքում, երբ հիմա էլ, այս արդյունքներով էլ կարող է ընդդիմություն աշխատել։ Դոգը իր լայվով հստակ հայտարարեց, որ իր համար չկա տարբերություն՝ ընդդիմություն կաշխատի Հայկ Մարությանի՞ քաղաքապետության, թե՞ Տիգրան Ավինյանի քաղաքապետության ընթացքում։ Բացի դրանից, ինչո՞ւ պետք է ՔՊ-ն Դոգին դրամական, քաղաքական կամ այլ կապիտալ խոստանար, եթե իրեն հարկավոր չեն Դոգի քվեները։ Ավինյանը կարող է քաղաքապետ ընտրվել անգամ միայն իր 24 մանդատով կամ «Հանրապետության» հետ կոալիցիայով, իսկ երկրորդ փուլ չգնալու համար «Հանրային ձայն» կուսակցությանը կապիտալ խոստանալու կարիք չկա, որովհետև, ինչպես նշեցինք, «Հանրային ձայն» կուսակցությանն ակնհայտորեն ձեռնտու չէ գնալ երկրորդ փուլ ու ստանալ լավագույն դեպքում այնքան մանդատ, որքան ունեն հիմա։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ այն դեպքում, երբ ուժերից որևէ մեկին չի հաջողվում ստանալ ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը, այսինքն՝ 33 և ավելի մանդատ, որպեսզի օրենքի ուժով քաղաքապետ նշանակվի, առաջադրվող թեկնածուններից քաղաքապետ է ընտրվում նա, ով կստանա ավագանու 65 անդամներից 33-ի քվեն։

Այդպիսի ուժ չկա հիմա։ Ամենաշատ քվե ունի ՔՊ-ն՝ 24 մանդատ։ Անգամ Հանրապետության 8 մանդատները բավարար չեն քաղաքապետ ընտրելու համար, իսկ Մարությանի, Դոգի և Թևանյանի կոալիցիան չստացվեց․ «Հանրային ձայնի» 2 անդամները չեն կարողանալու մասնակցել քվեարկությանը՝ մեկը կալանավորված է, մյուսը՝ հետախոիզման մեջ։

Հետևաբար քաղաքապետը կընտրվի երկրորդ փուլով։ Այս փուլում քաղաքապետ է ընտրվում ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն։ Թևանյան – Մարության մանդատների գումարը 26 է, իսկ ՔՊ-Հանրապետությունը՝ 32։ Ավինյանը՝ Հանրապետության հետ կոլաիցիայի դեպքում կընտրվի քաղաքապետ, իսկ եթե Մարությանը չհամագործակցի Թևանյանի հետ՝ ինչպես խոստացել էր իր ընտրողներին քարոզարշավի ընթացքում, ապա Ավինյանը քաղաքապետ կընտրվի անգամ առանց «Հանրապետություն» կուսակցության ձայների։

Վովա Հակոբյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ