Պահանջում եմ իշխանությունից արգելել ռուսական այն հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք մեր պետության դեմ պրոպագանդա են անում. Հայկ Սուքիասյան

Մերձկրեմլյան պրոպագանդիստներից հերթականը՝ Դմիտրի Կիսիլյովը, երեկ կրկին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան մեղադրել Արցախի հետ տեղի ունեցածի մեջ, նշել, որ նա գտնվում է արևմտյան ճնշման տակ, իսկ Արևմուտքի կողմից արցախահայերին ուղարկված գումարները Կիսիլյովը համարում է ուղեղի լվացում, իսկ այ իրենք շատ ավելի մեծ օգնություն են ցուցաբերել, այդ թվում՝ ռազմական, և հիշեցնում է «Իսկանդերի» մասին, որը, ինչպես հիշում ենք, 44-օրյա պատերազմի ժամանակ ծուռ էր կրակել՝ չհաշված այն, որ Հայաստանը վճարել էր ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար, սակայն այդ ռազմական տեխնիկան մինչ օրս տեղ չի հասել, վճարված գումարն էլ դեռ չի վերադարձվում։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։

«Մեկ տարի է՝ այդ ոռնոցն է։ Իրենց «Մեդուզան» էլ տարածում էր, որ կա հրահանգ Հայաստանին մեղադրելու աշխարհի կործանման մեջ՝ թիրախավորելով կոնկրետ իշխանությանը, բայց տվյալ դեպքում ասենք՝ պետությանը։ Հիմա, որպեսզի այս մարդիկ իրենց ձայնը կտրեն, ՀՀ-ն, որպես պետություն, պետք է բնավորություն ցույց տա, բայց Հայաստանն այդ բնավորությունը ցույց չի տալիս։ Դրանց եթերները պետք է ՀՀ-ում արգելվի։ Դա պետք է շուտ արվի, որովհետև այդ մարդկանց արածը ուղեղային գրոհ է, և ըստ էության իրենց արածը ոչ թե իշխանությանը հատուկ մեղադրելու համար է, այլ իրենք մեր հասարակության տրամադրության վրա ազդում են։ Եվ այստեղ իշխանությունն ինքն իրեն պետք է պաշտպանի, և պետությունն իրեն պետք է պաշտպանի»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Նա պահանջում է իշխանությունից արգելել ռուսական այն հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք մեր պետության դեմ պրոպագանդա են անում։ Իսկ այն, ինչ ասում է Կիսիլյովը, քաղաքագետի խոսքով՝ կեղծ թեզեր է տարածում։

Խոսելով այն մասին, թե ինչպես է գնահատում պետության ջանքերը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և կեցավայրով ապահովելու գործում՝ քաղաքագետն ասաց, որ պետությունը կազմակերպվածության հարցում բավարար մակարդակ ապահովել է։

«Մենք՝ ՀՀ-ում ապրող քաղաքացիներս, ջերմորեն ընդունել ենք մեր հայրենակիցներին, արցախահայությանը։ Իրենց հույզերը, շատ բաներ հասկանալի են, բայց ՀՀ-ն այն պետությունը չի, որն ունեցել է այսպիսի զանգվածային ներգաղթ կազմակերպելու փորձ, ՀՀ ինստիտուտները դեռևս սաղմնային փուլում են, ուստի ես պահանջում եմ՝ ենթարկվել պետության սահմանած կարգին։ Եվ առանց որևէ հուզականության, որովհետև այլ տարբերակը մեզ՝ որպես պետության, հերթական ցնցումների է բերելու, և ես նաև պետությունից եմ պահանջում, որ եթե պետք լինի, դա հարկադրաբար անել, և որևէ մեկը որևէ մեկից չպիտի չնեղանա։ Ես նաև ՀՀ իշխանություններից պահանջում եմ՝ Երևան քաղաքը հայտարարել փակ քաղաք, և արդեն հերիք է՝ որտեղ մի ոտք կանգնելու տեղ գտնեք, 40 կմ-անոց շենք դնեք, որ շարժվելու տեղ չլինի։ Մենք պետք է տարածքների ներքին գաղութացում ունենանք, մեր բոլոր տարածքները պետք է բնակեցվեն։ Եվ արցախահայությունը չպետք է նեղանա»,- ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ մեր պետությունը այս ծանրագույն վիճակում չունի Ֆրանսիայի ռեսուրսը, այլ ունի խիստ սահմանափակ ռեսուրս, և տարիներով միլիոնավոր դոլարներ է ուղարկել Արցախ։

«ՀՀ-ն այդ ռեսուրսը չունի՝ շատ մեծ ճոխությամբ դիմավորելու իրենց, ինչ որ կա, բավարար է, մեր հանրության մեջ ինտեգրվեք շատ արագ, որովհետև մենք նույն ժողովուրդն ենք, առանց որևէ քաղաքական և այլ պահանջների ինտեգրվեք, ապրեք մեր ժողովրդի մեջ։ Պետությունը նաև մասնագիտացված խմբեր պետք է առանձնացնի, ովքեր, օրինակ, ռազմական ոլորտի մարդիկ են, արագ պետք է ինտեգրվեն բանակին, մարդիկ, որոնք այլ ոլորտի լավագույն ներկայացուցիչներ են, թող ինտեգրվեն մեր պետական ապարատին կամ բզինեսին։ Բոլոր քաղաքական հայտեր և այլն՝ ես պահանջում եմ, որպեսզի այդպիսի բաներ չլինեն, ինտեգրվեք, ապրենք»,- հավելեց քաղաքագետը։

Լիլիթ Թադևոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ