Պատմության անցած դասը չսերտած՝ գնում ենք հաջորդին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ։ Արցախը որպես պետական սուբյեկտ այլևս գոյություն չի ունենալու։

Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2023 թվականի սեպտեմբերի 10-ին։ Այդ օրը հրավիրվել էր ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ Սամվել Շահրամանյանը երդվեց ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը:

Շահրամյանը Արցախի նախկին և ներկա իշխանության հավաքական կերպարն է, հենց այդ հավաքականությունը փակեց Արցախի Հանրապետության դարպասը և բանալիները հանձնեց թշնամուն՝ մեզ թողնելով Եռաբլուրը, Արցախի համար զոհաբերված հազարավոր կյանքերը, հարյուր հազարավոր մարդկանց խեղված ճակատագրերը, զրկանքներն ու կսկիծը։

1994 թվականին հաստատված հաղթական հրադադարից հետո սկսվեց Արցախի հոշոտումը, սկսվեց հաղթանակի բարոյազրկումն ու բաժանումը, որն ավելի հղկվեց 1998 թվականից սկսած, երբ հազարավորների հաղթանակն ու զրկանքները մի քանի հոգի դրեցին գրպանը և սկսեցին իրենց կեղտոտ ոտքերով քայլել Արցախի արյունոտված հողի վրայով։

Արցախը սկսեց կորել դեռ այն ժամանակ, երբ խրամատից դուրս եկած «հերոսը» սկսեց ամրացնել իր առանձնատունը, իսկ խրամատում թողեց ժողովրդի զավակների անպաշտպան ժպիտն ու կյանքը։ Արցախը սկսեց կորել դեռ այն ժամանակ, երբ նոր կյանք մտած հազարավորները՝ ժպիտներն ու կրակը դեմքներին անմահացան՝ գոռալով հանուն Արցախի, իսկ նրանց թիկունքում հանուն Արցախի գոռում էին միայն խնջույքներում։

Արցախի Հանրապետությունն այլևս չի լինելու, բայց լինելու է կսկիծն ու ցավը, որը հավերժ կփակի Արցախյան հաղթանակների լույսը։ Այն լույսը, որը կարող էր լուսավորել տառապանքներից ու ցեղասպանություններից վեր հառած մի ամբողջ ժողովրդի նոր ճանապարհը։

Օբյեկտիվորեն մենք կարող ենք նաև մեղավորներ փնտրել այլ պետություններում և աշխարհներում, բայց մեր մեջ է իրականությունը։ Հազարամյակների դառը պատմությունից դասեր չքաղած գնում ենք պատմության հաջորդ դասին ու մեր տառապյալ ազգի դառը դասացուցակին դեռ ավարտ չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ