Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք «ավտոնոմ ռեսպուբլիկայի» շուրջ․ Սամվել Բաբայան

«Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի [շուրջ], կետ առ կետ գրած էր՝ 23 կետ։ Ադրբեջանը համաձայնել էր»․ այսպիսի հայտարարություն է արել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ սեպտեմբերի 26-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք կարող էինք 4400 քառակուսի կիլոմետրի վրա ստեղծեինք ավտոնոմ հանրապետություն, ունեինայինք մեր գվարդիան և այլն… ես բանակցել եմ միջնորդված, էդ մարդիկ էլ համաձայն էին։ Էդ մարդիկ էլ կան, որ տարել են, բերել են, բոլորը կգան դատարան, ցուցմունք կտան։ Ես այդ բանակցությունները ոչ մեկին չեմ ներկայացրել, քանի որ իրենք չեն էլ ցանկացել, ինձ չեն էլ հրավիրել, չեն էլ լսել»,- ասել է Բաբայանը։

Նրա խոսքով՝ բանակցություններով տեխնիկան պետք է դուրս բերվեր, Ադրբեջանը կոնկրետ ռազմական տեխնիկայի հետ կապված վերապահումներ է ունեցել․ «Ասել են, որ տեխնիկան պետք է տեղում ուտիլիզացիա լիներ, ես էլ ասում էի՝ պետք է գնա Հայաստան։ 23 կետից Ադրբեջանը համաձայն չէր երեք կետի, մարդիկ կան, կգան, ցուցմունք կտան, կասեն»։

«Այն մարդիկ, որ էդ բանակցությունների փաստաթղթերը սահմանով տվել են, սահմանով ստացել են ու բանակցել են, կգան, դատարանում ցուցմունք կտան։ Իհարկե հնարավոր էր խուսափել այս ամեն ինչից»,- ասել է նա։

Արայիկ Հարությունյանի հրաժարականի ու Արցախի նոր իշխանությունների մասին

«Արայիկ Հարությունյանին զանգում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության 5-րդ վարչությունից, որը համակարգում է ամբողջ ԱՊՀ-ն, քաղաքականությունը և այլն։ Զանգում են, ասել են, որ հերիք է, դու չես կարողանում, մեր մյուս լրտեսները մեզ զեկուցում են, որ դու մեկ-մեկ մեզ խաբում ես։ Այսինքն, նախկին նախագահները զեկուցում են 5-րդ վարչություն, որ Արայիկը ձեզ խաբում է, մենք ավելի լրիվ կպատմենք ձեզ։ Օրինակ, Ռուսաստանը ինչո՞ւ է զբաղվում նրանով, որ Ռուբեն Վարդանյանը Արցախից դուրս գա։ Առաջ ասում էին՝ մեր գործակալը չէ, հիմա զբաղվում են, որ իրենց գործակալը դուրս գա։ Նախկին նախագահները, Արայիկն էլ հետը, որ նույն ծառայության համար են աշխատում, հավաքվում են, որոշում, փոխում Արայիկին։ 22 պատգամավորի հետ միասին էս խումբը պետք է դատարանի առաջ կանգնի։ Իրենք պետական հանցագործ են։ Ժողովուրդը հանրաքվե էր արել, ընտրել անկախություն, իրենք մի փաստաթղթով էդ անկախությունը չեղյալ են արել, Ղարաբաղը հանձնել են Ադրբեջանին, հիմա էլ տարհանում են անում։ ՀՀ իշխանությունները իմ ասած անձանցից ով ինչ ունի, պետք է առգրավեն։ Էս մարդիկ 5-րդ ծառայության գործակալներ են, թե Արցախում, թե Հայաստանում»։

Ինչպե՞ս է Բաբայանը Ստեփանակերտից հասել Երևան

«Մարտակերտի շրջանը տեղափոխել են Ստեփանակերտ, այնուհետև դեպի Երևան։ Հենց այդ ավտոշարասյան հետ էլ ինքս էլ եմ շարժվել դեպի Երևան, եկել ենք, մեծ խցանումերով անցել։ Ես եկել եմ, իջել, բարևել բոլոր ադրբեջանցի ոստիկաններին՝ կանգնած, 15 մետր անցել, նորից ոստիկանի բարևել, նստել մեքենան, շարժվել։ Ինչու՞ եմ ես վստահ գնացել։ Ես իմ վրա վստահ եմ եղել, եկեք չասեմ՝ ինչի էի վստահ, ոնց։ Բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեն դիմել Ադրբեջանին, իմ անցնելու տեսանյութերը վերցնեն, հրապարակեն։ Եթե մի բան իմ ասած իրականության հետ չհամապատասանի, ինչ ասեն, ճիշտ են ասում։ Էդ մարդիկ եղել են մի 30 տարեկան (նկատի ունի ադրբեջանական անցակետի աշխատողներին), որոնք ինձ չէին էլ կարող ճանաչել։ Անձնագիր ոչ մեկինը չէին նայում։ Իջնում ես, վարորդը բացում է մեքենան, նայում են, սկաներով անցնում, նստում մեքենան։ Բոլորը մտահոգ են ես ինչու անցա, ոնց անցա։ Կա տեսաժապավեն, ես մասկիրովկա չեմ արել, մի կուրտկայով եկել եմ։ Տեսաժապավենով տեսնելու եք, որ էդ մարդիկ ինձ չեն իմացել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ