Օրակարգային է հարցը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժի մե՞ջ է, թե՞ այն այլևս առ ոչինչ է դրա կողմերից երկուսի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի համար․ Պուտին-Էրդողան-Ալիև կլանը գործում է ՀՀ-ից «միջանցք» պոկելու հանցավոր պլանով

Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված մեկօրյա ռուս-ադրբեջանական «հակաահաբեկչական» օպերացիայից և դրա արդյունքում Արցախին պարտադրված փաստաթղթից հետո քարոզչական մակարդակում գեներացվում է հաջորդ «օպերացիայի» մոտալուտ իրագործման թեման։ «Օպերացիա», որի շահառուն ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմն է և բոլորին հայտնի է «Զանգեզուրի միջանցքի բացում» անունով։ Այս արհեստական, մտացածին բառակապակցությունը, նկատնեք, Ալիևն ու նրա մյուս «փայատեր» գործընկերները ծամծմում են սկսած 2021 թվականից՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետին, որտեղ խոսվում է բոլոր տեսակի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։

Այսօր ևս Ադրբեջանին 44-օրյա պատերազմում մեծագույն աջակցություն ցուցաբերած, պատերազմի ավարտից հետո էլ Աղդամում ռուսների հետ՝ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն բացած Թուրքիայի նախագահը կրկին շոշափել է «Զանգեզուրի միջանցքի» թեման ու մասնավորապես նշել՝ Նախիջևանի և Ադրբեջանի այլ տարածաշրջանների հետ ավտոճանապարհների և երկաթուղու միջոցով ուղիղ կապերի հաստատումը կամրապնդի երկկողմ հարաբերությունները։ «Այդ պատճառով մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ այդ միջանցքը հնարավորինս շուտ բացելու համար»,- Նախիջևանից վերադառնալիս լրագրողներին ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ «անհնար է պատկերացնել «միջանցք», որտեղ դեռ գերիշխող է պատերազմը։ Ուստի եթե և՛ «Զանգեզուրի միջանցքը», և՛ Լաչինի միջանցքը դիտարկենք որպես «խաղաղության միջանցքներ», ապա անհրաժեշտ է այդ հարցը լուծել առանց որևէ բախումների և աղմուկի»։ Ի՞նչ է ակնարկում կամ զգուշացնում Էրդողանը, արդյոք ա՞յն, ինչի մասին հիբրիդային պատերազմի շրջանակներում զգուշացրել է անցած երկու տարիներին՝ եթե ՀՀ-ն «կամովին» չբացի միջանցքը, ապա իրենք այն կբացեն ուժով՝ կպոկեն զոռով ու պատերազմով՝ «բախումներով ու աղմուկով»։

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մասին, ինչպես հայտնի է, ասվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, …տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»,- մասնավորապես ասված է հայտարարության 9-րդ կետում։
Հարկ է նկատել, որ այս մտացածին անվանմամբ միջանցքի մասին ամենաշատը խոսում է մի երկիր, որի ստորագրությունը չկա նոյեմբերի 9-ի հայտարարության տակ, սակայն հայտարարության «միջնորդավորված կողմ» է՝ ի դեմս Ադրբեջանի։

Որ խնդրո առարկա հայտարարությունը չի պարունակում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ կապակցություն, և ՀՀ տարածքով անցնելիք ճանապարհներն էլ չեն ենթադրում «միջանցքային տրամաբանություն», գործելու են բացառապես ՀՀ սուվերենության ներքո, քանիցս շատ կոնկրետ ու կոշտ հայտարարվել է պաշտոնական Երևանի կողմից տարբեր մակարդակներով, ընդհուպ՝ ամենաբարձր՝ վարչապետի շուրթերով։

Վերհիշենք այս տարվա ընթացքում թեմայի վերաբերյալ արված մի քանի կարևոր հայտարարություն

Ս.թ. փետրվարին, երբ Լաչինի միջանցքի բլոկադան շարունակվում էր, և դեռևս խոսակցության մակարդակում էր այդտեղ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու պլանը, Ալիևը Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ Փաշինյանի հետ հանդիպումից հետ հայտարարել էր՝ հայկական կողմին առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետեր տեղադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերում և Լաչինի ու Հայաստանի միջև։

«Մեր պատասխանը միանշանակ է՝ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին»,- ի պատասխան Ալիևի այս առաջարկի՝ հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ մամուլի ասուլիսին և շեշտել՝ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, այն էլ՝ ուժի գործադրման արդյունքում, Հայաստանի համար ընդունելի չէ։

«Մենք կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակներում և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»,- ասել էր ՀՀ ԱԳ նախարարն ու հիշեցրել՝ հայկական կողմը բացառում է ուժի կիրառմամբ եղած պայմանավորվածությունները փոխելու կամ մի կողմի շահերի հաշվին նոր զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը։
ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը 2023 թ. մարտին Գերմանիայի Բունդեսթագում հայտարարեց, որ վերջերս Ադրբեջանի նախագահը հանրայնորեն ընդունել է, որ եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ մի կետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ապա հավելեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կետ՝ 9-րդը, ըստ որի՝ Հայաստանը պետք է կապ ապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, բայց չկա որևէ կետ, որ այդ երթուղիները պետք է լինեն Հայաստանի վերահսկողությունից դուրս։ «Այդ երթուղին պետք է գործի մեր տարածաշրջանի ճանապարհների, երկաթգծի բացման համատեքստում։ Պետք է նշեմ, որ Հայաստանը պատրաստ է նույնիսկ այսօր բացել բոլոր հաղորդակցությունները։ Բայց ամեն անգամ, երբ մենք փորձում ենք դա անել, Ադրբեջանն ասում է, որ այս երթուղիները չպետք է լինեն Հայաստանի վերահսկողության և օրենսդրության ներքո, որը բացարձակապես անընդունելի է մեզ համար»,- ասել էր Փաշինյանն ու ընդգծել՝ այդ՝ Ալիևի հնարած բառակապակցության օգտագործումը կնշանակի «աջակցություն Ադրբեջանի տարածքային նկրտումներին Հայաստանի դեմ»։

Նշենք, որ «Զանգեզուրի միջանցքի» թեմայով «տետ ա տետ» առճակատումը Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև տեղի ունեցավ ս.թ. մայիսին, միջանցքի շահառու Պուտինի ներկայությամբ ու մասնակցությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։ Երբ այդ նիստի ժամանակ Ալիևը կրկին գործածեց իր հորինած բառակապակցությունը, Փաշինյանը հակադարձեց՝ Ադրբեջանի նախագահի կիրառած ձևակերպումը վերջին տարիներին օգտագործվում է որպես գլխագիր ընդդեմ Հայաստանի տարածքային պահանջներ ներկայացնելու համատեքստում։ «Մյուս կողմից ուզում եմ հաստատել ՀՀ պատրաստակամությունը՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական բոլոր ուղիները և այն հաղորդակցությունները, որոնք անցնում են ՀՀ տարածքով։ Մենք այն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», և պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները այն երկրների վերահսկողությամբ, որոնց տարածքով դրանք անցնում են»,- նկատեց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով՝ խոսքը տրանսպորտային և հաղորդակցության այն ուղիների մասին է, որոնց մասին հիշատակվում է 2022 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ։ Արձագանքելով Փաշինյանին՝ Ալիևը նշեց, թե «հնչեց մեղադրանք, որ Ադրբեջանն ունի տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ, ուզում եմ ասել՝ մենք նման հավակնություններ չունենք, պետք է մեծ ջանք թափել կամ վառ երևակայություն ունենալ իմ խոսքերում նման հավակնություններ տեսնելու համար»։ Ըստ նրա՝ «միջանցք» տերմինի գործածումը չի ենթադրում ոտնձգություն որևէ մեկի տարածքի նկատմամբ։

Թվում էր, թե մտացածին միջանցքի մասին թեման պետք է փակված համարել, սակայն ոչ…

Ադրբեջանը շարունակեց զարգացնել այն և ակամա մատնեց այդ միջանցքի շահառուին՝ ՀՀ ռազմավարական դաշնակցին, բացահայտեց նրա հեռահար պլանները։ Ս.թ. հունիսի 12-ին Ադրբեջանի նախագահն ընդունեց Պուտինի օգնական Իգոր Լևիտինին, որը մինչ այս, նկատենք, հայտարարել էր. «Արևմտյան պատժամիջոցների պատճառով համաշխարհային լոգիստիկան ծավալվում է դեպի Ասիայի երկրներ». այս հայտարարությունը մեջբերվել էր այցի մասին հայտնած ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից։ Հանդիպման արդյունքների մասին Ադրբեջանի նախագահի ապարատի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը Ալիև-Լևիտին բանակցությունների օրակարգում է: «Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ փոխադարձ ջանքերի շարունակման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման, Ադրբեջանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունների, փոխադրումների վերաբերյալ… և (ուշադրություն-խմբ.) քննարկվել են ՌԴ-ի կողմից «Զանգեզուրի միջանցքի» ներուժն ապագայում օգտագործելու հնարավորությունների ուսումնասիրման հետ կապված հարցեր»։ Պաշտոնական այս հաղորդագրությանը կից, նկատենք, ադրբեջանական ԶԼՄ-ները ծանուցել էին, թե ինչ է իրենից ներկայացնում խնդրո առարկա «միջանցքը»՝ «մոտ 40 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի նախագիծ», որի նպատակը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապեր հաստատելն է, «այսպիսով, Թուրքիայից Ադրբեջան ուղիղ ցամաքային ճանապարհ է ձևավորվում»։

Մոսկվան և Բաքուն, փաստորեն, որպես միջանցքի շահառուներ ոչ միայն առանց ՀՀ-ի բանակցում են հիշյալ միջանցքի թեմայով, այլև քննարկում դրա «ներուժի»՝ ՌԴ-ի կողմից ապագայում օգտագործելու հնարավորությունների հարցը։ Հարց է ծագում՝ արդյոք ՀՀ-ն մասնակի՞ց է այդ քննարկմանը՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարության լիիրավ կողմ։ Եվ բացի դրանից՝ արդյոք լեգիտիմ է ու այլևս իրավական ուժ ունի՞ մի՝ թղթի կտորի վերածված հայտարարություն, որը ստորագրած կողմերից երկուսը մեկնաբանում են ոչ թե ըստ էության, այլ՝ ըստ իրենց շահերի ու նպատակների ու ապագա պլանների։ Արցախում տեղի ունեցած վերջին այլանդակությունից՝ ռուս-ադրբեջանական տանդեմի իրականացրած ահաբեկչական ակտից հետո հրամայական է այդ հայտարարության տակից ՀՀ ստորագրությունը անհապաղ հետ կանչելը, քանի որ Պուտին-Ալիև կլանը գործում է այդ հայտարարությունը շրջանցելով, ոչ թե ըստ ստանձնած հանձնառությունների, այլ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «իրար բերանի մեջ թքելով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ