Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող որ ուժերի նախընտրական հիմնադրամներն են ունեցել ամենախոշոր մուտքերն ու ելքերը

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերը (13 կուսակցություն եւ կուսակցությունների 1 դաշինք), ըստ «Ընտրական օրենսգրքի» պահանջի, պարտավոր էին բացել նախընտրական հիմնադրամներ, ինչը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրականացրել են։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որը վերահսկողություն է իրականացնում նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ, հրապարակել է տեղեկանք ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ։

Նշենք, որ բանկերը (դրանց ցանկը տրամադրում է Կենտրոնական բանկը), որտեղ նախընտրական հիմնադրամներ ձեւավորելու համար բացվել են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, պարտավոր են հիմնադրամներ ֆինանսական մուտքերի ու ելքերի մասին երեք աշխատանքային օրը մեկ պարբերականությամբ տվյալներ ներկայացնել, որոնց հիման վրա Հանձնաժողովի վերոհիշյալ ծառայությունը կազմում է տեղեկանք եւ հրապարակում ԿԸՀ համացանցային կայքում։

Ըստ ԿԸՀ հրապարակած տեղեկանքի՝ (օգոստոսի 29-ի դրությամբ) ամենախոշոր ֆինանսական մուտքն ու ելքն ունեցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. հիմնադրամ է մուտք եղել 200 մլն դրամ, ելք՝ 107 մլն 788 հազար 400 դրամ։ Հաջորդ տեղում՝ ֆինանսական խոշոր մուտքի ու ելքի առումով, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է։ Այս ուժի նախընտրական հիմնադրամ մուտք է արվել 35 մլն 150 հազար դրամ, ելք՝ 25 մլն 218 հազար 400 դրամ։ «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադրամ ֆինանսական մուտքը կազմել է 33 մլն 600 հազար դրամ, ելքը՝ 32 մլն 381 հազար 760 դրամ։

Ներկայացնում ենք մյուս քաղաքական ուժերի ֆինանսական մուտքերն ու ելքերը։

«Հանրապետություն» կուսակցություն — մուտք՝ 25 միլիոն 847 հազար 300 դրամ, ելք՝ 25 միլիոն 847 հազար 300.0 դրամ։

«Ուժը հայրենյաց» կուսակցություն — մուտք՝ 18 միլիոն դրամ, ելք՝ 17 միլիոն 180 հազար 740.0 դրամ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն — մուտք՝ 9 միլիոն 400 հազար դրամ, ելք՝ 9 միլիոն 156 հազար 840.0 դրամ։

«Միացյալ Հայաստան» կուսակցություն — մուտք 3 միլիոն 100 հազար դրամ, ելք՝ 2 միլիոն 130 հազար 400.0 դրամ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն — մուտք՝ 6 միլիոն դրամ, ելք՝ 5 միլիոն 629 հազար 200.0 դրամ։

«Արդար Հայաստան» կուսակցություն — մուտք՝ 4 միլիոն դրամ, ելք՝ 3 միլիոն 209 հազար 600.0 դրամ։

«Հանրային ձայն» կուսակցություն — մուտք՝ 3 միլիոն 786 հազար դրամ, ելք՝ 3 միլիոն 489 հազար 960.0 դրամ։

«Ազգային առաջընթաց» կուսակցություն — 1 միլիոն 626 հազար 500.0 դրամ, ելք՝ 1 միլիոն 543 հազար 905.0 դրամ։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն — մուտք՝ 250 հազար դրամ, ելք՝ 230 հազար դրամ։

«Հաղթանակ» կուսակցություն — մուտք՝ 100 հազար դրամ, ելք՝ 0 դրամ։

Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» միակ կուսակցությունն է, որի նախընտրական հիմնադրամ ոչ մի լումա մուտք եւ ելք չի եղել։

Ընդհանուր բոլոր մասնակից ուժերի հիմնադրամների մուտքը կազմել է 340 միլիարդ 859 միլոին 800 հազար դրամ, ելքը՝ 233 միլիարդ 806 միլիոն 505.0 հազար դրամ։

Նշենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին են իրականացնում նախընտրական քարոզչության նախապատրաստման, կազմակերպման եւ իրականացման հետ կապված ծախսերը։

Մասնավորապես՝ զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացնելու, համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման ծախսերը, նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների եւ հետազոտությունների իրականացման, նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ եւ նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման ծախսերը, ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման հետ կապված ծախսերը, նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալության հետ կապված ծախսերը (բացառությամբ մինչեւ 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների), նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը, վստահված անձանց տրվող փոխհատուցման ծախսերը, եթե մեկ վստահված անձի հաշվով փոխհատուցման գումարը գերազանցում է 10 հազար դրամը։

Նախընտրական հիմնադրամից վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով։ Նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը եւ անձը հաստատող փաստաթղթի համարը, որոնք հրապարակման ենթակա չեն։

Հավելենք նաեւ, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները համատեղ) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կարող է կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 300 հազարաապատիկի (300 մլն դրամ) չափով նվիրատվություն, յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով նվիրատվություն։

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով նվիրատվություն։ Երեւանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) նախընտրական ծախսերի ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 300 հազարապատիկը չգերազանցող գումար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ