Ամբողջ աշխարհը մեր դեմ էր, ոչ ոք չէր ասում՝ «Ղարաբաղի անկախությունը կճանաչենք»․ Ժիրայր Լիպարիտյան

«Մենք սխալ թշնամի նշանակեցինք, կենտրոնացանք Թուրքիայի վրա, ասացինք՝ այնտեղից է վտանգը, երբ իրական վտանգն Ադրբեջանից էր, Թուրքիան, անշուշտ, օգնում էր և օգնեց»: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական, ՀՀ ԱԳ նախկին նախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանը։

«Մենք հավատացինք, որ ադրբեջանցիները հայրենասեր չեն, իրենց չի հետաքրքրում Ղարաբաղը։ Մենք հավատացինք, որ նավթից, գազից եկող գումաները կաշառակերության և այլ ձևով կմսխվեն, և չպետք է մտահոգվենք։ Մենք մեզ հավատացրինք, որ ժամանակ ունենք, և եթե պատերազմ լինի, ուրեմն մենք կհաղթենք։ Մենք մեզ խաբեցինք»,- ասել է նա:

Հարցին՝ բայց կայի՞ն նախանշաններ, որոնք հուշում էին վտանգի մասին, Լիպարիտյանը պատասխանել է՝ կային, սակայն մենք շատ արվեստի մակարդակի ենք հասցրել իրականությունը չտեսնելը, նման նշաննեը չկարևորելը, և հավատալը այն ամենին, ինչին ուզում ենք հավատալ: «Եթե մենք վերլուծեինք 2016-ի քառօրյա պատերազմը, պետք է տեսնեինք, որ կորցրինք և դրա դասերը չկարողացանք քաղաքականության վերածել, այստեղ կա մեր մեծամտությունն ու ամեն ինչը հայրենասիրությանը հավասարեցնելը:

Մենք չտեսանք, որ ամբողջ աշխարհը մեզ դեմ էր: Ոչ ոք չէր ասում՝ Ղարաբաղի անկախությունը կճանաչենք։ 30 տարի փորձել են և չի ստացվել։ Ոչ ոք չէր ասում՝ կարող եք գրաված տարածքները պահել։ Բոլորն հակառակն էին ասում՝ Ղարաբաղն անկախություն չունենար, իսկ տարածքները պետք է վերադարձվի։ Իսկ մենք կուզեինք հավատալ, որ Ֆրանսիան մեզ սիրում է, Ամերիկան մեր բարեկամն է։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է հիմնականում Թուրքիայի դեմ: Սա իրականության ուրացում է, որ կարծում էին, թե բարեկամներ ունեինք»,- ասել է դիվանագետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ