Որպես բարձր պաշտոնյա, հայտարարում եմ, որ դուք մեր բարեկամը չեք, մենք պետք է ձեզ հետ վարվենք այնպես, ինչպես ապօրինի որևէ երևույթի հետ․Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորով

Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովը հայտարարել է, որ Հայաստանը ԽՍՀՄ-ից ապօրինի է դուրս եկել միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ չի ավարտել ընթացակարգը։ Այդ պատճառով, ըստ նրա, Երևանը Մոսկվայի դաշնակից համարվելու իրավական հիմքեր չունի։

«Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանը դուրս չի եկել ԽՍՀՄ-ից, հետևաբար Ռուսաստանից՝ որպես խորհրդային պետության իրավահաջորդ։ Դրա համար Մոսկվան և Երևանը պետք է հետագա հարաբերությունները կառուցեն այս կարգավիճակի հիման վրա։ Հայաստանը պետք է անկախ լինի, սակայն պետք է հաշվի առնել, որ միջազգային իրավունքի տեսանկյունից սա վիճելի տարածք է»,-ասել է Ֆեոդորովը։

Նա ընդգծել է, որ 1991 թվականից պարզ էր, որ Հայաստանը «սիրախաղ է սկսելու ՆԱՏՕ-ի հետ, քանի որ օրենքի ցանկացած խախտում հանգեցնում է կոնֆլիկտի»։

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ֆեոդորովի հայտարարությանը, նշեց, որ սրանով Ֆեոդորովը ուղերձ է ուղարկում վատ և ուշ հասկացող հայերին, որ Ռուսաստանը հայկական պետության դաշնակիցը չէ, բարեկամը չէ. «Նա ասում է՝ հեռու մնացեք, մենք ձեզ վռնդում ենք ռուսաց աշխարհից, մենք ձեզ չենք ճանաչում։ նա ասում է՝ ես որպես բարձր պաշտոնյա, հայտարարում եմ, որ դուք մեր բարեկամը չեք, մենք պետք է ձեզ հետ վարվենք այնպես, ինչպես ապօրինի որևէ երևույթի հետ։ Նրանց հոգևորականներն ասում են, որ ձեր եկեղեցիներն էլ են ապօրինի, դուք աղոթել չգիտեք։ Կարելի է ասել «զըռ» ձևով հայտարարում է՝ հեռացեք մեզանից, ձեր գլխի ճսրը տեսեք։ Մեզ վրա հույս չդնեք, Ռուսաստանում ինձ նմանները կան, որ ձեզ ատում են, հայ ժողովրդին ատռողները ՌԴ-ում իշխանություն ունեն, վճիռներ են կայացնում։ Սա գլխավոր ուղերձն է»,-ասաց Ազատ Արշակյանը:

Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին, նա նկատեց, որ Սովետական Միությունը լիովին ապօրինի կառույց էր. «Մենք Սովետական Միությունում գերի ենք եղել, և երբ Սովետական Միություն անվանվող բանտը փլուզվել է, մենք ազատագրվել ենք: Իբր մենք շատ հոժար ենք, որ իրենք զատել էին մեր երկիրը, ոչնչացրել Ազգերի լիգայի կողմից ճանաչված մեր պետությունը, ՌԴ պետական գործիչները, որոնք իրենց կադաստրի պետ են զգում, ուզում են սեփականության վկայական տալ, այդպես չէ։

Մենք հին ժողովուրդ ենք, պետականություն սիրող, և դարավոր պետությունների իրավահաջորդն ենք, և մենք մեր երկրի տերն ենք, ճանաչել-չճանաչելը թող իրենց պահեն»,-ընդգծեց Արշակյանը:

Նա նկատեց, որ Ռուսաստանի նման տոտալիտար պետության մեջ, եթե որևէ մեկն այդ կարծիքին հակառակ կարծիք է հայտնում, հայտնվում է բանտում, օրինակ Կարա Մուրզան. «Պետական դումայում ներկայացված անհատը պետությանը ոչ զուգահեռ կարծիք չի հայտնում, եթե բանտում չէ, նա ուրեմն ՌԴ կարծիքն է հայտնում։

Մարիա Զախարովան է հայտնում, Զատուլինը, Կուրղինյանը, Մարգարիտ Սիմոնյանը, իրենք Ռուսաստանի կարծիքն են հայտնում, ասում են՝ դուք մեր թշնամին եք»:

Անդրադառնալով Ֆեոդորովի դիտարկմանը, թե 1991 թվականից պարզ էր, որ Հայաստանը «սիրախաղ է սկսելու ՆԱՏՕ-ի հետ, քանի որ օրենքի ցանկացած խախտում հանգեցնում է կոնֆլիկտի», Արշակյանը նշեց, որ նա խանդոտ սիրուհու կարծիք է հայտնում․ «Սա ի՞նչ կարծիք է, տարրական գիտելիքներն այսօրվա քաղաքականության մեջ չկան: Անկախ պետությունը իր անվտանգության համակարգը ձևավորում է՝ ելնելով իր երկրի շահերից։ Իսկ սիրախաղի նման տերմիններով թող իրենց ընտանիքներում խոսեն իրենց սիրեկանների հետ։ Իրենց լեզվամտածողությունը մեզ չի հետաքրքրում»,-իր խոսքն ամփոփեց Ազատ Արշակյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ