«Հայաստանում նախատեսվում է ունենալ 150 կրթահամալիր, որից 40-ը` Սյունիքի մարզում». Ժաննա Անդրեասյան

Ազգային ժողովը 2022 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը»: Ռազմավարական այդ փաստաթղթի գլխավոր նպատակը յուրաքանչյուր քաղաքացու որակյալ եւ միջազգայնորեն մրցունակ, հասանելի կրթության ապահովումն է. ԱԺ ապրիլի 19-ի արտահերթ նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նշենք, որ նախորդ օրվանից խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Հայրենաճանաչության նպատակով դպրոցներում ներդրվել է նոր առարկա` «Ես եւ իմ հայրենիքը»: Նախարարը նշել է, որ շուրջ 25.000 մշակույթի անշարժ հուշարձաններ ունենք Հայաստանում, որոնցից 7-ն ընդգրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ըստ Ժաննա Անդրեասյանի` քաղաքացիներից շատերը հայրենաճանաչ չեն, այնինչ հայրենասիրության համար կարեւոր նախադրյալ է հայրենաճանաչությունը:

Վերջին տարիներին մեծ թափ են ստացել պետության կողմից հուշարձանների վերականգնման աշխատանքները: Շուրջ 10 հուշարձան այժմ վերականգնվում է պետություն-մասնավոր անձ համագործակցությամբ:

Միայն նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության թանգարաններ է այցելել 1 մլն 78.000 մարդ, որը շուրջ 15 տոկոսով ավելի է 2021 թվականի այցելություններից:

Այս տարվա մայիսի 1-ից մինչեւ 12 տարեկան երեխաների մուտքը վերոնշյալ թանգարաններ կլինի անվճար, 12 տարեկանից բարձր երեխաները եւ ուսանողները թանգարաններ կայցելեն կես գնով: Սոցիալական մյուս խմբերի համար եւս կգործեն արտոնություններ:

Հաշվետու տարում թատրոնների եւ համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման նպատակով հատկացվել է ռեկորդային` 1 մլրդ 284 մլն դրամ: 2021 թվականին այդ թիվը կազմել է 300 մլն դրամ:

Սպորտի մասսայականացման նպատակով կարեւորվել է մարզական ենթակառուցվածքների հասանելիությունը: Այժմ կառուցվում են 12 մարզադպրոցներ եւ մարզական կառույցներ:

Նախարարի խոսքով հաշվետու տարում ավելացել է նաեւ մարզիկների պարգեւատրումների չափը:

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում կայացել է գիտության եւ արվեստի «Սթարմուս» միջազգային 6-րդ փառատոնը, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ, այդ թվում` Նոբելյան 7 մրցանակակիր:

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել շուրջ 200 գիտական, կրթական, մշակութային միջոցառում` հանրաճանաչ գիտնականների մասնակցությամբ:

Ըստ ԿԳՄՍ նախարարի` որպեսզի գիտությամբ զբաղվելը գրավիչ լինի, մեկնարկել է գիտաշխատողների աշխատավարձերի փուլային բարձրացման ծրագիրը: Աշխատանքներ են տարվում, որպեսզի ոլորտը համալրվի երիտասարդ գիտնականներով:

Գիտության ոլորտի ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվականի համեմատ ավելացել է շուրջ 2,5 անգամ կամ 150 տոկոսով:

Անդրադառնալով դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին` Ժաննա Անդրեսյանը նշել է, որ նախորդ տարի 24 դպրոցներում եւ 46 մանկապարտեզներում ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Այս պահին աշխատանքներ են ընթանում 165 դպրոցներում եւ 125 մանկապարտեզներում: Դրանք շահագործման են հանձնվելու ամբողջությամբ հագեցված նոր գույքով:

Ընդհանուր առմամբ հանրապետությունում նախատեսվում է ունենալ 150 կրթահամալիր, որից 40-ը` Սյունիքի մարզում: «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հետ համատեղ Սյունիքում նախատեսվում է ունենալ նաեւ 2 սմարթ կենտրոն:

Աշխատանքներ են տարվում դպրոցները լաբորատորիաներով համալրելու մասով: Նախարարն անդրադարձել է նաեւ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին` նշելով դրա արդյունավետությունը:

Բարեփոխումներ են սկսվել բարձրագույն կրթության ոլորտում, արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում` միտված ակադեմիական քաղաքի ստեղծմանը:

Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների բազմաբնույթ հարցերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ