Արդյո՞ք մոտեցել է Բաքուն արևմուտքի կարմիր գծերին, թե այդ գծերը Հայաստանը չեն ներառում

Հանրությունը և հատկապես փորձագիտական հատվածը քննարկում է վարչապետի ասուլիսի ուղերձները։ Ինչպես և սպասվում էր՝ հակաիշխանական հատվածը երկրի ղեկավարի խոսքը և ուղերձները մեկնաբանում է բացառապես իր շահերի և նպատակների տեսանկյունից, իսկ այդ հատվածը բացառապես մեկ ուղղություն է տեսնում՝ ամեն ինչ շատ վատ է։

Բնականաբար ասել, որ ամեն ինչ լավ է՝ սխալ կլինի։ Հարցն այն է, թե առկա մարտահրավերներն ու վտանգները վարչապետը բացի հանրությունից՝ ում էր նաև փորձում ներկայացնել և որքան անկեղծ էր փորձում դա անել։

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը փաստացի փակուղի է մտնում և դրա մեղավորը հիմնականում Ադրբեջանն է, որը 2020 թվականի հաղթանակի ոգևորությունից դեռ չի սթափվել և փորձում է ավելի կոշտ ու մեծ պահանջներ ներկայացնել Հայաստանին, որն էլ իր հերթին չի ցանկանում զիջել իր կարմիր գծերը։

44 օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, որոնց հիմնական հարթակները եղել են Մոսկվան և Բրյուսելը։ Խոսելով բրյուսելյան հարթակի մասին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարթակում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություների մեծ մասն Ադրբեջանը չի կատարել և այսօր էլ ցանկություն չունի կատարելու։ Ավելին, Փաշինյանը նշեց, որ բրյուսելյան հարթակի գրեթե բոլոր հանդիպումներից առաջ կամ հետո՝ Ադրբեջանը նոր սադրանքների է գնացել, այդպիսով ավելի ռիսկային դարձնելով այդ հարթակի հետագա հանդիպումների արդյունավետությունը։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանի այս խոսքերի հասեցատերը նաև ինչ-որ առումով Արևմուտքն էր, կամ նրանք, ովքեր հովանավորում են բրյուսելյան հարթակը։ Հայաստանի ղեկավարը բաց տեքստով ակնարկեց, որ Ադրբեջանը չի ենթարկվում արևմուտքի կոչերին, հայտարարություններին, նույնիսկ միջազգային ամենաբարձր դատարանի՝ Հաագայի որոշմանը։

Ասել, թե Բաքուն այն աստիճան է իր հաղթանակով հղփացել, որ սկսել է բանի տեղ չդնել արևմտյան երկրների և կառույցների հորդորները՝ գուցե սխալ չհնչի։ Սակայն, արևմուտքի այօրվա պահվածքը թերևս ցույց է տալիս, որ ինչ-որ պատճառներով Բաքվին առայժմ թույլ են տալիս հոխորտալ։ Այստեղ հարցն այն է, թե որքան և մինչև երբ են թույլ տալու։

Արևմուտքը սովորաբար խիստ է պատժում նրանց՝ ովքեր փորձում են անցնել իր գծած կարմիր գծերը։ Արևմուտքի պատժի խստությունն իրենց մաշկի վրա զգացել են հատկապես էներգետիկ ռեսուրսներով հարուստ և ինչ-որ առումով բռնապետական երկրները։

Ադրբեջանը բոլոր առումներով համապատասխանում է արևմուտքի տնտեսական,ֆինանսական և նաև ռազմական կոշտ պատժամիջոցների տակ հայտնված երկրների չափանիշներին։Հարցն այն է, թե արդյո՞ք մոտեցել է Բաքուն արևմուտքի կարմիր գծերին, թե այդ գծերը Հայաստանը չեն ներառում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ