Սերժ Սարգսյանը երբ նախագահ էր, «զզվում էր բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահողներից», իսկ այժմ անձամբ է պախարակում բանակը թիմակիցների հետ

«Թուրքը լսում, ուրախանում է»։ Նախկին իշխանության օրոք բանակի պաշտպանությունը ստանձնած «քարոզչական գամփռերն» ահա այսպես էին փորձում փակել բանակի հասցեին թթու խոսք ասողների բերանը՝ նրանց անվանելով թշնամու ջրաղացին ջուր լցնողներ, բանակի հաշվին ինքնահաստատվողներ։ Բանակը մի ինստիտուտ էր, որին պատուհասած ու ներսից քայքայող արատներին՝ կոռուպցիային, հովանավորչությանը, անդրադառնալը հավասարեցվում էր պետական դավաճանությանը, ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքին, հետևապես բանակի մասին պետք էր կամ խոսել միայն լավը, կամ… ոչինչ։

44-օրյա պատերազմի միջով անցած, կիսապատերազմական իրավիճակի պայմաններում ոտքի կանգնել, վերազինվել փորձող հայկական զինված ուժերն այսօր թիրախավորվել են ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին՝ արտաքին թշնամու քարոզչությանը ձայնակցող շահագրգիռ որոշ ուժերի կողմից։ Այդ ուժերը, որոնց քաղաքագիտական տերմինաբանությամբ ընդունված է կոչել ընդդիմություն, քաղաքական դերափոխության հետևանքով այսօր դարձել են բանակի անողոք քննադատները՝ մոռանալով, որ «թուրքն» ինչպես նախկինում, հիմա էլ «տեսնում, ուրախանում է»։ Մարդիկ, ովքեր ժամանակին անարգանքի սյունին էին գամում բանակի հաշվին ինքնահաստատվողներին, այսօր փորձում են գործող իշխանության հետ մաքրել իրենց քաղաքական հաշիվները հենց բանակի հաշվին։

Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպն ու դրան հաջորդած շահարկումները, զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումները զրոյացնելու, արժեզրկելու, «բանակ» ու «բառդակ» բառերի միջև հավասարության նշան դնելու վտանգավոր փորձերը ասվածի ապացույցն են:

«Իշխանություններին կարելի է և պետք է քննադատել, բայց չի կարելի նույնացնել իշխանություն և հայրենիք, չի կարելի ամեն ինչի չափն անցնել: Ի վերջո, կա մի պարզ տրամաբանություն. մենք չպետք է անենք այն, ինչը ձեռնտու է մեր հարևաններին… Մեր բոլոր դժբախտությունների պատճառը եղել է այն, որ մենք միշտ քարկոծել ենք նրան, ով գործ է անում, որ մենք միասնական չենք եղել։ Կոչ եմ անում ձերբազատվել ներքին նախանձից, լինել քրիստոնյա, բարի: Հերիք է ընդդեմ ինչ-որ մեկի ապրեք՝ ինադու ինչ-որ մեկի, եկեք ապրենք՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ընտանիքների, հանուն մեր երեխաների»,- ժամանակին բարոյախրատական այսպիսի դասեր էր տալիս ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով՝ պետք է գիտակցել, որ «երկրի անկախության հիմնական երաշխիքը բանակն է, և ցանկացած վայրահաչոց հայոց բանակի և բանակի պատասխանատուի նկատմամբ ուղղակի վայրահաչոց է իմ հայրենիքի նկատմամբ»: Նույն Շարմազանովը ողբերգական միջադեպի մասին «ի լուր թուրքի և հարևանների» Ֆեյսբուքում գրել էր. «15 լուսավոր տղաներ նիկոլիզմի կառավարման քաոսի ու բարդակի հերթական զոհերը դարձան»։ Կայքերից մեկին տված հարցազրույցում էլ ազդարարել էր՝ «էն պայմանները, որոնցում ապրում ա մեր զինվորը, անմարդկային պայմաններ են»։ Հարց՝ արդյոք ՀՀԿ-ի իշխանության օրոք գոյություն ունեցած Շարմազանովն ու այժմյան Շարմազանովը նո՞ւյն մարդիկ են, թե՞ «պալատական փափուկ կյանքից» զրկված լինելը «կոշտացրել է մարդու հոգին»՝ ստիպելով մեր պետության անվտանգության երաշխավոր կառույցի մասին անել չափի զգացումը կորցրած հայտարարություններ, որոնք «ձեռնտու են մեր հարևաններին», և դրանք այլ բան, քան իր իսկ բնորոշմամբ՝ «վայրահաչոց» անվանել հնարավոր չէ։ Թերևս արժե նախկին ՀՀԿ-ականին վերահասցեագրել իր իսկ կոչը՝ «հերիք է ընդդեմ ինչ-որ մեկի ապրեք՝ ինադու ինչ-որ մեկի, եկեք ապրենք` հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ընտանիքների, հանուն մեր երեխաների»։

Ողբերգական միջադեպին, ինչպես և սպասվում էր, անդրադարձել է նաև Շարմազանովի ավագ կուսընկերը՝ պաշտպանության նախարարի սոլիդ ստաժով ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինիս գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նախագահ Սարգսյանը չափազանց կարևորում է ամենասեղմ ժամկետում հայտնաբերելը և խստագույն պատասխանատվության ենթարկելը այդ հանցավոր անտարբերության մեղավորներին և բոլոր այն պատասխանատուներին, որոնք բանակը մատնել են անտերության և տարված են միայն սեփական աթոռը, պետական բարձր պաշտոններն ամեն գնով, այդ թվում՝ հսկայական միջոցներ ծախսելով, պահելու մոլուցքով: ՀՀ երրորդ նախագահը դեպքն առավել ողբերգական է համարում իշխող վարչակազմի՝ բանակի «աննախադեպ» բարեփոխումների, ծախսերի ավելացման, բանակում պայմանների իբր բարելավման դատարկ ճոռոմաբանությունների համատեքստում»:

Սերժ Սարգսյանին պատասխանելու լավագույն կերպը եղել է, կա և լինելու է իրեն իսկ՝ Սերժ Սարգսյանին ցիտելը։ Նա մեկն է, որը ներսից գիտի զինված ուժերը՝ զինվորական կարգապահության մակարդակից սկսած՝ մինչև կոռուպցիոն ռիսկեր։ Եվ այսօր, երբ նրա կուսակից և նախկին կոալիցիոն գործընկերներից ոմանք, մոռանալով իրենց լեզվի տակի ոսկորի մասին, բանակում տիրող «բառդակի» մասին մտքեր են արտածում, թերևս պետք է իմանան, որ այդ «բառդակի» ակունքներում կանգնած է նաև ինքը՝ Սերժ Սարգսյանը, ապաև՝ նրան հաջորդած մնացած նախարարները, որոնք «բառդակն» ապամոնտաժելու փոխարեն զբաղված էին այն արմատավորելով ու կարծրացնելով։ 2010 թվականին Ախուրյանում Սամվել Ալեքսանյանի կառուցած շաքարի գործարան եկած Սերժ Սարգսյանը, պատասխանելով բանակում իրար հաջորդած ողբերգական պատահարների մասին լրագրողների հարցին (մասնավորապես 2010-ի հուլիսի 28-ին ԼՂՀ ՊԲ Մարտունու զորամասերից մեկի գետնափոր տնակում (բլինդաժ) մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի հետևանքով 6 զինծառայող էր զոհվել (զինվորներից մեկը վիճաբանության հետևանքով սպանել էր ծառայակիցներին, ապա՝ ինքնասպան եղել))՝ ազդարարել էր. «Այդ երևույթին շատ վատ եմ վերաբերվում՝ ոչ թե այն երևույթին, որ բանակի մասին շատ է գրվում, շատ է խոսվում, այլ այն երևույթի մասին, որ կոչվում է բանակի պախարակում՝ ելնելով զուտ քաղաքական, նեղ անձնական, կուսակցական շահերից»։

«Երբեք մեր բանակը զերծ չի եղել պատահարներից, երբեք մեր բանակում չեն եղել տարիներ, երբ զինվոր չզոհվի, սպա չմահանա, դժբախտ պատահար տեղի չունենա, որովհետև մեր բանակը հսկայական կառույց է, մեր բանակը գործող բանակ է, և, վերջապես, յուրաքանչյուր բանակ հանդիսանում է հասարակության անբաժան մասը: Բանակը հասարակության հայելին է, և այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ՝ այս կամ այն չափով, իհարկե, միշտ գոյություն են ունենալու բանակում՝ լինի դա Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում, թե այլուր»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանն ու վրա բերել. «Ներողություն բառիս համար, ես ընդհանրապես կտրուկ բառեր քիչ եմ օգտագործում, բայց զզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահել»։

Սա այն դեպքերից է, երբ պետք է ասել՝ ոսկի խոսքեր, ավելացնելու ոչինչ չկա։

Հ.Գ. Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախկին պաշտոնյան 2014-ից 2020 թվականը ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ: Բարձրաստիճան զինվորականը, ըստ իրավապահ կառույցի, թաքցրել է նաև հայտարարագրման ենթակա այս տվյալները: Բաղմանյանը, հիշեցնենք, զբաղեցրած պաշտոնից ազատման զեկուցագիր ներկայացրեց ապրիլյան պատերազմից հետո միայն, նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով։ Որպես իր հորդորի պատճառ՝ Վ. Սարգսյանը բերել էր հետևյալ բացատրությունը. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»։ Բանակի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը համարված Բաղմանյանը, հիշեցնենք, 1999 թվականից մինչև 2009-ը զբաղեցրել է նախ 5-րդ բանակային կորպուսի, ապա 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները:

Ի դեպ, հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո պաշտոնանկ արված սպաների թվում էր նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը։

Բաղմանյանն այն զինվորականն է, որի կերպարը նախկին իշխանության զինվորական վերնախավի խտացված կերպարը կարելի է համարել, ուսադիրներ կրող մարդ, որին շատերը նույնացնում էին բանակում տիրած «բարդակի» հետ։ Նշենք, որ հենց նրան էին 2007 թվականին մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի ծնողները մեղադրում իրենց որդուն սպանելու մեջ։ Այդ մասին բազմաթիվ անգամ հրապարակային հայտարարություններ են արվել (ըստ պաշտոնական վարկածի՝ Օհանջանյանը էլեկտրահարվել է)։

Ըստ ԶԼՄ-ների տարբեր հրապարակումների՝ գեներալ Բաղմանյանը զբաղվում էր(է) նաև մի շարք բիզնեսներով՝ զորամասերի թեյարաններ, բիլիարդանոցներ, գազալցակայաններ և նաև մենաշնորհ է դարձրել խեցգետնի արտահանումը։ Հայկազ Բաղմանյանի անունը շարունակաբար կապվում էր այս կամ այն քրեական պատմության հետ։ 2010 թվականին մամուլը գրեց, որ Բաղմանյանը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը մասնակցել են քրեական աշխարհում հայտնի Արմեն Կանևսկոյի հոգեհանգստի արարողությանը:

2014 թ. հուլիսին հայաստանյան լրատվամիջոցներում տարածվեցին լուսանկարներ, որոնցում պատկերված էր Բաղմանյանը՝ մոտ 150 հազար դոլար արժողությամբ, ռուսաստանյան պետհամարանիշներով Porsche Panamera մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած։ Ընդ որում, այդ նկարներում բարձրաստիճան սպային ուղեկցում է նույնպես թանկարժեք՝ Toyota Land Cruiser մակնիշի մի ավտոմեքենա։ Թե ժամկետային զինծառայությունից հետո մշտապես՝ նախ խորհրդային, ապա հայկական զինված ուժերում ծառայած սպան ինչպե՞ս է կարողացել ձեռք բերել նման թանկարժեք ավտոմեքենաներ, և արդյոք այդտեղ չկա՞ն կոռուպցիոն ռիսկեր, պաշտպանության նախարարությունն այս հարցերն այդպես էլ չպարզաբանեց: Մամուլը գրել է նաև Հայկազ Բաղմանյանի կողմից հայ գործարարների ձեռնարկությունները խլելու մասին։

Բաղմանյանն, ի դեպ, շքանշանակիր և մեղալակիր է։ «Ստացել է մասնավորապես Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներ։

Ի դեպ, նա հեղափոխությունը «դրական» էր գնահատել։ Նշելով, որ Սերժ Սարգսյանն իր մտերիմ ընկերն է՝ հայտարարել էր. «Սերժ Սարգսյանն էն մարդն ա, որ եթե նա հրաժարական ա տվել, ուրեմն գիտի՝ ինչի համար ա տվել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ