Բուենոս Այրեսի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Արցախի շրջափակման (լուսանկարներ)

Բուենոս Այրեսի հայ համայնքը ցույց է անցկացրել հանրահայտ Օբելիսկի մոտ՝ բարձրաձայնելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արդրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով սանձազերծված լուրջ հումանիտար ճգնաժամը։

Ինչպես հաղորդում է diarioarmenia.org.ar-ը, հունվարի 23-ին ժամը 17:00-ից սկսած Արգենտինայի հայ համայնքի տարբեր տարիքի բազում ներկայացուցիչներ հավաքվել են Հանրապետության հրապարակում Արգենտինայի հայկական հաստատությունների կողմից հրավիրված ցույցին՝ շրջափակումը դատապարտող և միջանցքի անհապաղ բացում պահանջող պաստառներով:

«Լաչինի միջանցքը տեղափոխման միակ ճանապարհն է կենսական պաշարների համար, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և էներգետիկ ռեսուրսները, որոնք անհրաժեշծտ են Արցախում ապրող 120 000 հայերին (ներառյալ 30 000 երեխա և 20 000 տարեց)», — ասել են ցույցի կազմակերպիչները, որոնք նաև զգուշացրել են, որ «սա Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի ևս մեկ մանևր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական նախագիծ՝ հայկական տարածաշրջանի հայ բնակչության դեմ»:

«Միջազգային հանրությունը՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը, չի կարողանում գործել: Մենք դա պնդում ենք։ Թեև Թուրքիայի հետ նավթի և գազի գործարքները կարևոր են, դաժանորեն պաշարված ժողովրդի կյանքը շատ ավելի կարևոր է: Արգենտինայի մեր կառավարությունը նույնպես պետք է իր ձայնը լսելի դարձնի այս առումով: Դրա համար մենք բողոքի ձայն ենք բարձրացնում»,- Diario ARMENIA-ին ասել է մասնակից Ռոզիտա Յուսեֆյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ