էկզոֆթալմ ուռուցքը խլել է լուսավոր հայացքով կյանքին նայող գյումրեցի 14-ամյա Արտյոմի տեսողությունը և արդեն սպառնում է լսողությանը. Օգնենք նրան՝ լույսը նորից տեսնելու

14-ամյա գյումրեցի Արտյոմը արդեն մի քանի ամիս ապրում է խավարում՝ ուժգին հավատի, մտքի ու հոգու լույսով, անսասան հույսով, որ իր աչքերի առջև իջած անվերջանալի գիշերը լուսանալու է: Վեց ամիս առաջ նրա մոտ ախտորոշվել է էկզոֆթալմ կոչվող հիվանդությունը, որի պատճառով սկզբում կորցրել է մի աչքի տեսողությունը, հետո աստիճանաբար նաև մյուս աչքինը՝ հայտնվելով կատարյալ մթության մեջ: Նա ինքնուրույն՝ առանց մայրիկի, հարազատների օգնության, գրեթե ոչ մի բան չի կարողանում անել, բայց ստիպված քիչ-քիչ սկսում է սովորել ապրել, շարժվել մթության մեջ՝ լարելով մյուս զգայարանները: Էկզոֆթալմ հիվանդությունը արտահայտվում է քթի խոռոչում առաջացած գոյացության պատճառով, ակնակապիճից աչքերը արտափքվում են դուրս, կարող է թվալ՝ մարդու աչքերը ուր որ է դուրս կպրծնեն, նաև հաճախակի են լինում քթից արյունահոսությունները:

Արման Մարտիրոսյանի՝ Արտյոմի հայրիկի խոսքով՝ թեև այն բարորակ գոյացություն է, սակայն ամեն օր աճում է ու արդեն ազդում է նաև լսողության վրա, և, ցավոք, չի բացառվում, որ կարող է Արտյոմին զրկել նաև լսելու ունակությունից, որը հիվանդությունից հետո ինչ-որ չափով փոխարինել է աչքերին, դարձել է միջոց, որով կարողանում է լսել ամեն բացվող առավոտը: Ուռուցքը կարող է մեծանալ և ազդել նաև այլ օրգաններ, ինչն արդեն կարող է ճակատագրական լինել, ուստի պետք է շտապել, ամեն օրը թանկ է: Հայրն ասում է, որ հիվանդությունը բուժելու համար պետք է գնան Ռուսաստան: Այժմ իրենք ամեն ինչ անում են, որ կարողանան վճարել երեխայի՝ Հայաստանում բուժման ծախսերը, սակայն այստեղ համապատասխան մասնագետներ չկան, Արտյոմի կյանքը փրկելու հավանականությունը շատ փոքր է։ Բուժման լավագույն տարբերակներից մեկը, նրա խոսքով, որդուն Ռուսաստան տեղափոխելն է, բայց դրա համար անհրաժեշտ ամբողջ գումարը ընտանիքը չի կարող հայթայթել և ստիպված խնդրանքով դիմում է մարդկանց օգնությանը: Բուժման համար անհրաժեշտ է մոտ 10-15.000 դոլար:

Արդեն մի քանի ամիս Արտյոմի ամենասիրելի և ամենալուսավոր ժամերը Աստվածաշնչի ընթերցանությունն է: Բնականաբար ինքը չի կարողանում, մայրիկին կամ հայրիկին է խնդրում, որ ժամը մեկ կարդան իր համար. «Աստվածաշունչ լսելը ինձ շատ է օգնում. հանգստացնում է, տխուր, վատ մտքերից, կասկածներից ազատում է, որովհետև հավատս է մեծանում, ու չեմ կասկածում՝ ինչ էլ լինի, լույսը հաղթելու է, և ես տեսնելու եմ նորից ու առողջանալու եմ: Ինձ թվում է՝ առանց Աստծու խաղաղություն չկա»,- վախվորած, բայց համոզմունքով պատմում է Արտյոմը:

Հայրը պատմում է՝ Արտյոմը ինքն իրեն է հանկարծ հասկացել ու որոշել, որ պետք է Աստծու խոսքի հետ հաղորդակցվի: Վերջինս պատմում է, որ բարեկամներից մեկը գումար էր նվիրել Արտյոմի բուժման նպատակով, բայց երեխան ցանկացել է, որ այդ գումարով Աստվածաշունչ գնեն, որովհետև հավատում է, որ բուժվելու համար առաջին հերթին մեծ հավատ է պետք, հետո նոր մնացածը, այն հավատը, որի հրաշագործ ուժի մասին խոսվում է Աստվածաշնչում:

Հայրիկի համոզմամբ՝ դա է պատճառը, որ երեխան, ինչքան էլ նեղվում է կուրությունից, բայց այդքան էլ ընկճված չէ. ակտիվորեն շփվում է իր դասընկերների հետ, ամեն օր զանգում, խոսում, տեղեկանում է դպրոցի կյանքից, հումորներ են անում: Բայց, այնուամենայնիվ, խուսափում է լինել շատ մարդկանց միջավայրում, մոտեցող մարդկանց ձայների հետ անընդհատ ձեռքերով աչքերը փակում է: Արտյոմը նաև նպատակ է ունեցել բռնցքամարտիկ դառնալու, հաճախել է պարապմունքների, սակայն հենց այդ որոշումից հետո ի հայտ եկավ այս չարաբաստիկ հիվանդությունը:

Օգնենք լուսավոր Արտյոմին՝ Աստծու ամեն օրվա լույսը նորից տեսնելու և հավատի լույսը վառ պահելու:

Փոխանցումները կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներին

Ստացող՝ Վարդուհի Թիկնիզյան (մորաքույր)
(ԱԿԲԱ) Բանկ
AMD:220355507132000
USD:220350730945001
Euro: 220350730473002
Ստացող՝ Արման Մարտիրոսյան (հայր)
Բանկային քարտ՝ СБЕР БАНК
Rub 4279380680990969
Ստացող՝ Սեդա Թիկնիզյան (մայր)
Idram 688717841

Ընտանիքի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +37493554295 (հայր) Արման Մարտիրոսյան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ