Ֆիլիպիններում հեղեղումների զոհերի թիվը հասել է 50-ի

Ֆիլիպիններում հեղեղումների զոհերի թիվը հասել է 50-ի, 21 մարդ համարվում է անհետ կորած։

Պատճառը Ֆիլիպիններում հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումներն են։ Ինչպես նշվել է Տարերային աղետների նախազգուշացման եւ հետեւանքների վերացման ազգային խորհրդի երկուշաբթի հրապարակված հաշվետվությունում, հեղեղումները վնաս են պատճառել ավելի քան 583,4 հազար մարդու հանրապետության 10 շրջաններում։

Գերատեսչության տվյալներով՝ 51,4 հազար տեղահանված անձինք գտնվում են 95 տարհանման կենտրոններում։ Առնվազն 1,42 հազար մարդ նախապես հեռացել էր իրենց տներից, 16-ը տարբեր վնասվածքներ են ստացել։ Հանրապետության ինը շրջաններում գրանցվել է տարերքի հետ կապված 469 միջադեպ, դրանց թվում՝ հեղեղումներ եւ սողանքներ։

Տարերքը վնասել է 4,54 հազար տուն, վնասը գնահատվում է 54,8 մլն պեսո (985,8 հազար դոլար)։ 95 ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված վնասը գնահատվում է 1,13 մլրդ պեսո (20,4 մլն դոլար), գյուղատնտեսությանը՝ 245 մլն պեսո (4,4 մլն դոլար)։ Հեղեղումները վնասել են 140 ճանապարհ եւ 14 կամուրջ, խաթարվել է 19 ծովային նավահանգստի աշխատանքը։ 63 քաղաքներում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ, բայց 62-ում այն արդեն վերականգնվել է, որոշ տեղերում կան ջրամատակարարման հետ կապված խնդիրներ։

67 քաղաքներում եւ 71 շրջաններում դադարեցվել են դասերն ուսումնական հաստատություններում եւ աշխատանքը ձեռնարկություններում։ 22 բնակավայրերում մտցվել է աղետի ռեժիմ։ Օգնության ցուցաբերման համար կառավարությունն արդեն հատկացրել է 48,2 մլն պեսո (865,8 հազար դոլար)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ