«Իրենց «լաոն» հայ ժողովրդի «լաոն» չէ, հայկական «լաոն» իր ընտրությունը վաղուց արել է խորհրդարանական ընտրություններում և զբաղված է պետականաշինությամբ». Հայկ Սուքիասյան

«Հայաստանում նոր փողոցային ակցիաներ կլինեն»,- դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, թե քաղաքացիները պետք է հավատան իրենց և երբ կարիք լինի, կրկին փողոց դուրս գան։

Zarkerak.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանն անդրադարձավ Արթուր Խաչատրյանի արած հայտարարություններին. «Իրենք թող հայ ժողովրդին բացատրեն մեկ բան, ինչո՞ւ է պետությունը ցնցելու գործողությունները միշտ համընկնում սահմանին տիրող իրավիճակի հետ, ինչո՞ւ է Ադրբեջանի կողմից էսկալացիայի ժամանակ պարզվում է, որ իրենց «լաոն», որը հայ ժողովրդի «լաոն» չէ, հանկարծ համապատասխան ժամանակին արթնանում է, իրենք թող սա բացատրեն, հայկական «լաոն» իր ընտրությունը վաղուց արել է խորհրդարանական ընտրություններում և զբաղված է պետականաշինությամբ: Ես կարծում եմ՝ իրենց պոտենցիալը սպառված է, իրենք Հայաստանի քաղաքական երկնակամարում հայտնվել են Հայաստանի ծանրագույն օրերին ոչ որպես երկրի համար փրկության օղակ, այլ որպես Հայաստանի գիշատիչ հատված»:

Ըստ Սուքիասյանի՝ նրանք պետք է ընտրությունների ժամանակ իրենց ձայն տված 300 հազար մարդկանց բացատրեն, թե ԱԺ-ում ինչով են զբաղված. «Ինչո՞ւ է, որ իրենք անընդհատ 40 հոգով մանդատներ են դնում, հետո հետ են վերցնում, ինչո՞ւ է, որ չեն կողմնորոշվում վերջը իրենցից ով է պատգամավոր լինելու, ինչո՞ւ է, որ այդ 300 հազար մարդու ձայն ստացած կուսակցությունը կամ դաշինքները խորհրդարանում զբաղված են չգիտես ինչով, թող սա բացատրեն, իրենց ինչո՞ւ պետք է հավատան: Նրանք հեղափոխությունը լավ չեն հասկանում, մեր ժողովուրդն իրենց Հայաստանի քաղաքական օլիմպից գետնել է: Հիմա, քանի որ Հայաստանը մի փոքր կայունանում է, նոր իրենց հեղինակության չափը երևում է: Ավելին ասեմ, նրանք ընդհանրապես հեղինակություն չունեն, կարծում եմ՝ իրենց տեղը պետք է գտնեն Հայաստանի քաղաքական գերեզմանոցում»,- ասաց նա և հավելեց, որ ժողովուրդն անհաղորդ է նրանց կանչերին:

Քաղաքագետն ընդգծեց, որ այդ հատվածին ընդդիմություն պետք չէ անվանել. «Դա ռևանշիզմ է։ Իրական ընդդիմությունը Հայաստանում այն հատվածն է, որը որոշ դեպքերում համաձայն չէ իշխանության հետ, բայց պետությունը չի ցնցում և համագործակցում է իշխանության հետ: 300 հազարանոց մանդատ ունեցող հատվածն անընդհատ դուրս է գալիս փողոց և իրենց միանում է 500 կամ 1000 մարդ, նրանք էլ հավանաբար իրենց բարեկամներն են: Սա է իրենց լեգիտիմության իրական ցուցիչը: Հայաստանն այս ընթացքում ինչքան փորձեր է արել Հնդկաստանի, Իրանի, Ֆրանսիայի հետ աշխատելու, սրանք են, որ Հայաստանի կյանքի և ապագայի հետ կապ ունեն: Տեսել ե՞ք երբևէ իրենք մեկ անգամ քննարկում կազմակերպեն այս թեմայով, հետևապես իրենց նպատակը Հայաստանի կյանքն ու ապագան չէ, իրենց նպատակը հեղաշրջումն է և վերջ, իրենք ամեն առիթ օգտագործելու են դա անելու համար: Իրենք մաշված հատված են, պարզապես ընտրությունների ժամանակ, մեր ժողովրդի վերքերի վրա խաղալով, կարողացան ինչ-որ ձայն ապահովել և խցկվել խորհրդարան, իսկ ընտրություններից հետո մինչ այսօր որևէ հաջողություն չունեցան»:

Հայկ Սուքիասյանն անդրադարձավ նաև դաշնակցական պատգամավորներին. «Ես ուզում եմ մեկ հարց տալ Դաշնակցությանը. սովետական տարիներին մեր քաղաքական պատմությունն ամբողջությամբ եղծված է և ամբողջ մեղքը գցված է առաջին հանրապետության վրա, իրենք Դաշնակցությունն են և առաջին հանրապետություն ստեղծողներն են, հիմա թող բացատրեն, թե ինչո՞ւ այդ 30 տարվա ընթացքում մի պատմության գիրք չեն հրապարակել իրական Հայաստանի քաղաքական պատմության վերաբերյալ, մի սեմինար, դասախոսություն չեն կազմակերպել, որ հայ ժողովուրդն իմանա իր քաղաքական պատմությունը: Իրենց լեգիտիմությունը գետնատարած վիճակում է, հետևապես թող այնտեղից ձայներ չհանեն»:

Խոսելով պատգամավորական մանդատները վայր դնելու և հաջորդող գործիչների կողմից այդ մանդատները չվերցնելու մասին՝ քաղաքագետն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ մարդիկ հայ ժողովրդի հետ կապ չունեն, դրա համար էլ չեն ուզում մանդատները վերցնել: Նրանց կողմից լսում ենք խոսքեր, որ մտահոգված են Հայաստանի ապագայով, Հայաստանի կյանքով ու ապագայով հետաքրքրվելու և այդ կյանքին նպաստելու գլխավոր ճանապարհը խորհրդարանական մանդատն է: Խորհրդարանը նրանց համար աշխատատեղ չէ, նրանք չեն եկել այդտեղ աշխատելու, իրենք այդ մանդատը վերցրել են, որ պետությունը ցնցեն, բայց քանի որ տեսնում են, որ այլևս այդ մանդատը չի օգնում պետությունը ցնցելուն, պարզ է, որ պետք է այդ մանդատներից հրաժարվեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ