«Տեսնես Ժուռնալիստների միությունն ու Սաթիկ Սեյրանյանը կանդրադառնա՞ն սույն լրագրողական շեդեվրին». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է 5-րդ ալիքի լրատվական հրապարակումներից մեկին, որում պատմվում է՝ իրենց լրատվամիջոցի աշխատակցի և արդեն հայտնի հեղույսի մասին։

Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Պարզվեց՝ 5-րդ ալիքի լրագրողական խումբն է, ավելի ստույգ՝ օպերատորը։ Հիմա էլ ալիքը հայտարարել է, թե օպերատորը կադր ստանալու համար «հեղույսը»
պատից հանել է, հետո որպես սրտացավ քաղաքացի՝ տեղը դրել», ու քանի որ «գնահատում են քաղաքացիների վստահությունը», իրավական գործընթաց են սկսելու․․․

Մի խոսքով՝ իբրև թե տեսանյութի սկիզբը, երբ նա «հեղույսը հանում է», կտրած է, ասել է թե՝ «հեղույսը սրտացավ քաղաքացու նման տեղը դնելու» հատվածը «կտրված է կոնտեքստից»։

Ալիքը շատ զայրացած է հատկապես լրատվականների վրա, որոնք չեն հասկացել օպերատորական աշխատանքի նրբությունը և վտանգել են իրենց բարի ու սրտացավ համբավը․․․

Տեսնես՝ Ժուռնալիստների միությունն ու Սաթիկ Սեյրանյանը կանդրադառնա՞ն սույն լրագրողական շեդեվրին․․․»։

Հիշեցնենք՝ համացանցում կադրեր են հայտնվել՝ ինչպես է մի կին հեղույս մխրճում պատի մեջ: «Հայկական ժամանակ»-ը կապ էր հաստատել «5-րդ ալիքի» լուրերի խմբագրի հետ՝ մեկնաբանություն ստանալու: Հերիքյանը, դեռ չլսած մեր հարցը, հայտնել էր, որ իրենց օպերատորն արդեն այս թեմայի մասին խոսել է՝ հավելելով, որ երեկոյան լուրերի թողարկման ընթացքում ևս անդրադարձ կկատարեն:

Նշենք, որ լրատվամիջոցների հետ զրույցում էլ ՀԸ-ի օպերատորը, մեկնաբանելով իր արարքը, ասել է. «Ես հրապարակում կադրեր անելիս նկատեցի, որ էդ բոլտը պատի մեջ է։ Թե ով էր դրել պատի մեջ, ինչի համար էր դրել՝ ես չգիտեմ։ Որպես մարդ՝ հասկանալով, որ դա վնասում է շենքն ու էդ զարդանախշերը, ես հանեցի էդ բոլտը, բայց հետո մտքովս անցավ, որ պիտի կադրեր անենք, նորից դրել եմ տեղը, արել եմ կադրերը, հանել եմ էդ բոլտն ու դրել եմ կողքը»:

Շուրջ երկու օր է՝ համացանցում կադրեր են շրջանառվում՝ Հանրապետության հրապարակի շինություններից մեկի պատին ամրացված հեղույսի: Գործողությունը վերագրվում է Երևանի քաղաքապետարանին՝ շեշտվելով, թե այն արվել է ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված զարդարանքների շրջանակներում: Սակայն Երևանի քաղաքապետարանը հերքել է տարածվող տեղեկությունները՝ ընդգծելով, որ տվյալ կադրերը կապ չունեն քաղաքապետարանի կատարած աշխատանքների հետ: Քաղաքապետարանը միևնույն ժամանակ հավաստիացրել է՝ եթե զարդարանքների հետ կապված առաջանան ճեղքեր պատերին, կվերանորոգվեն ոչ միայն դրանք, այլ նաև նախկինում եղած և չվերանորոգված ճեղքերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ