«Պողոսների» շնորհիվ եք նաև գոյատևել

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը թերթերից մեկին տված հարցարզույցում ասում է․ «Քաոս է տիրում մեր երկրում, պողոսներն են ղեկավարում։ Պողոսների ներկայացուցիչն է ղեկավարում մեր երկիրը․․․»

Հետաքրքիր է՝ ո՞ւմ նկատի ունի Արցախի պաշտոնյան «պողոսներ» ասելով։ Արցախի ղեկավարներից մեկը ինքն է։ «Պողոսների ներկայացուցիչն է ղեկավարում մեր երկիրը»,- ասում է Բադասյանը։ Արդյո՞ք պողոսների ներկայացուցիչ ասելով նկատի ունի նաև Արցախի նախագահին՝ ում մոտ Բադասյանն աշխատում է որպես հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

Ընդհանրապես՝ խոսքի, բառի արժեքը շատերի մոտ է վերացել։ Աջ ու ձախ բոլորին պիտակավորելը ոմանց մոտ դարձել է սովորական բան։

Բադասյանին հիշեցրեք, որ եթե «պողոս» ասելով նկատի ունի Հայաստանի, կամ Արցախի շարքային քաղաքացիներին, կամ գործող իշխանությունների համակիրներին, ապա հենց այդ նույն «պողոսների» ու նրանց զավակների կյանքի ու առողջության գնով է նաև փրկվել Արցախի մի մասը, այդ նույն «պողոսներն» իրենց կյանքն են տվել հանուն Արցախի, իրենց առողջությունն են խեղել հանուն Արցախի ու Հայաստանի։

Այո՛, Բադասյանի ասած «պողոսների» քաղաքական հայացքները կարող է և չեն համընկնում նրա քաղաքական հայացքների հետ, բայց դա նրան իրավունք չի տալիս պիտակավորել այն մարդկանց՝ ում շնորհիվ Բադասյանի հայրենիքի մի մասը փրկվել է։ Այսօր էլ, այդ նույն «պողոսների» հարկերի շնորհիվ է նաև Բադասյանն ու մյուս պաշտոնյաները աշխատավարձ ստանում։

Ընդհանրապես՝ հարգանքով խոսեք նույնիսկ ձեր ասած «պողոսների» մասին, նրանք ի տարբերություն ոմանց՝ առավելագույնն են տվել ու շարունակում են տալ բոլորի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ