Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինությունները․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինությունների մասին։ Հաղորդագրության մեջ ասված է․

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունները վերաբերում էին Երևանի քաղաքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց գործունեությանը:

Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ համայնքային սեփականություն հանդիսացող, սակայն քաղաքացու կողմից ապօրինի զավթված հողամասը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գործող կադաստրային արժեքով օրինականացնելու նպատակով պաշտոնյաները, նախնական համաձայնությամբ, քաղաքացուց ընդունել են հետին թվով դիմումներ` 2020 թվականի դեկտեմբերի 30-ով թվագրված, ապա կազմել ու Երևանի քաղաքապետին են ներկայացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման նախագծեր:

Արդյունքում, քաղաքապետի որոշումներով օրինականացված ինքնակամ շինություններից բացի, նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով քաղաքացուն է օտարվել 1994 քառակուսի մետր հողամասը` 5 միլիոն 982 հազար դրամով, այն դեպքում, երբ դրա կադաստրային արժեքն ավելի քան 32 միլիոն է, իսկ շուկայական արժեքը` 95 միլիոն:

Ապօրինության հետևանքով Երևան համայնքը զրկվել է առանձնապես խոշոր չափերով գույքը տնօրինելու և այն հետագայում աճուրդային եղանակով օտարելու իրավունքից։

Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ