«Ռուսական կողմը այսօր ամեն ինչ կանի, որ գոնե սիմվոլիկ ինչ-որ փաստաթղթային արձանգրման հասնի կամ հայտարարության տեքստ ընդունվի». Մովսես Հարությունյան

Մեծ հաշվով՝ ոչ մի լուրջ սպասելիք չունեմ այսօր Սոչիում կայանալիք Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումից, քանի որ վերջին շրջանում շատ ենք տեսել նմանատիպ բազմաթիվ հանդիպումներ, որոնցում կողմերի մոտ առկա տարբեր մոտեցումների պատճառով այդպես էլ հնարավոր չի լինում հասնել որևէ արդյունքի։ Այս մասին այսօր Ataratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպմանը:

«Խոսքը վերաբերում է մասնավորապես ադրբեջանական կողմին, որի ախորժակը որևէ կերպ չի զսպվում ու վերջինս շարունակում է հանդես գալ մաքսիմալիստական դիրքերից։ Չեմ կարծում, որ ՌԴ նախագահին կհաջողվի Ալիևին ստիպել նվազեցնել իր նշաձողը ու հանդես գալ կառուցողական դիրքերից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն եթե այսօր որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն, քաղաքագետն ասաց.«Միակ սպասելիքը, որ կարելի է ունենալ այսօրվա հանդիպումից, այն է, որ կողմերը կպայմանավորվեն շարունակել բանակցությունները՝ ապագայում որևէ արդյունքի հասնելու ակնկալիքով ու հնարավոր է նաև՝ ինչ-որ սիմվոլիկ տեքստային արձանագրում կամ հայտարարության ընդունում։ Ռուսական կողմը, ով չի էլ թաքցնում տարածաշրջանում Արևմտյան ակտիվությունից ունեցած իր դժգոհությունը, այսօր ամեն ինչ կանի, որ գոնե սիմվոլիկ ինչ-որ փաստաթղթային արձանգրման հասնի կամ հայտարարության տեքստ ընդունվի՝ ցույց տալով, որ ի տարբերություն Արևմուտքի, իրենց մոտ ավելին է ստացվում։ Բայց դա, իհարկե, երկրորդային է, քանի որ մեզ պետք են իրական անվտանգային երաշխիքներ ու ռեալ պայմանավորվածություններ, քանի որ քանիցս տեսել ենք, թե ինչպես են ռուսական կողմի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները մնացել թղթի վրա կամ՝ ի կատար ածվել միայն հայկական կողմի մասով»:

Մովսես Հարությունյանը նշեց նաև, որ եթե որևէ հարցի շուրջ էական պայմանավորվածություն ձեռք չբերվի, ապա գնդակը կտեղափոխվի Արևմուտքի կիսադաշտ, և մենք հաջորդիվ կտեսնենք նրանց կողմից կազմակերպվող նոր նախաձեռնություններ՝ կողմերին փոխզիջումային լուծման բերելու փորձերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ