«Նա բացարձակապես թքած ունի՝ իր արտահայտած միտքն ինչ հետևանք կունենա. նրա համար առաջնահերթը իր առաքելությունը կարևորելն է, չի խորշում ստորագույն բնազդներ բորբոքելուց».Դարբինյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Լրագրող Վասակ Դարբինյանը գրել է.

««Հայաստանում ատելություն կա արցախցիների և Արցախի նկատմամբ»,- հայտարարում է հավակնոտ ծրագրերով Արցախ մեկնելու մտադրություն հայտնած ռուսահայ մեծահարուստը։

Հայտարարում է առանց աչքը թարթելու, առանց կասկածի նշույլի, իբրև անառարկելի փաստ։ Ձեռի հետ հասկացնելով, որ ինքը, ահա, գալիս է մեղմելու այդ ատելությունը։

Նա բացարձակապես թքած ունի, թե իր արտահայտած միտքը ինչ արձագանք կգտնի, ինչ հետևանք կունենա, ինչ հակազդեցություն կծնի։

Նրա համար առաջնահերթը իր առաքելությունը կարևորելն է, և դա անելու համար չի խորշում ստորագույն բնազդներ բորբոքելուց։

Հասկանո՞ւմ է արդյոք այս մարդը, որ իր այդ խոսքերով ինքն է ատելության սերմեր ցանում, ընդ որում՝ անչափ կենսունակ սերմեր, որոնք ատելությունից արագորեն փոխակերպվում են թշնամանքի։ Ըստ երևույթին՝ ոչ։

Հակադարձելով սույն պարոնին՝ ամենայն համոզվածությամբ հայտարարում եմ, որ Հայաստանում մեծագույն հարգանք կա արցախցիների նկատմամբ և անհուն սեր կա Արցախի հանդեպ։ Զուգահեռաբար, ցավոք, անսահման ամբարտավանություն, ինքնասիրահարվածություն և բթամտություն կա Արցախի ու Հայաստանի փրկիչ ներկայացողների մեջ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ