«Արցախի փրկությունն Արցախում ապրելն է, փող ունեն՝ հանրահավաք են անում, թող գնան Արցախում դպրոցներ սարքեն».Կարեն Սարգսյան

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը սեպտեմբերի 2-ին հանրահավաք է անցկացրել Ֆրանսիայի հրապարակում՝ Արցախի անկախության օրվա առթիվ:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ հաջորդ օրվանից փոխում են իրենց մարտավարությունը, քանի որ մինչև հիմա չի հաջողվել հասնել իրենց նպատակին, և փորձելու են հանրությանը ներկայացնել, թե ինչպիսին է իրենց ծրագիրը, եթե չլինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Նա հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ից նախաձեռնություն է սկսում՝ խորհրդակցություն մտավորականների, փորձագետների հետ, նրանք ներկայացնելու են Հայաստանի զարգացման ծրագիրը:

Սաղաթելյանը հայտարարեց, թե իրենց պայքարն այս ամիսների ընթացքում ընկալվել է որպես նախկինների վերադարձի պայքար, իշխանության պայքար, մինչդեռ պայքարն Արցախի փրկության համար է:

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ 1998 թվականից սկսած Արցախի քննարկման բոլոր հնարավոր փուլերն անցել ենք և խնդիրն ամենևին էլ նոր տեխնոլոգիաներ փնտրելու մեջ չէ․ «Մտավորականներ, դերասաններ, մեծ վերապահում ունեմ նաև փորձագետ կոչվածների հետ, որովհետև մեծամասամբ ինքնահռչակ դեմքեր են․․․ ինչ վերաբերում է փրկության շարժմանը, ապա իրականում Արցախի փրկությունն Արցախում է, այնտեղ նորմալ կյանք ապահովելն է։ Եթե այդքան գումար ունեն՝ բեմ դնեն, համերգ կազմակերպեն, լույսեր վառեն՝ ես կնախընտրեի, որ գնան Արցախում դպրոցներ սարքեն կամ այնտեղ ապրեն։ Թող Ռուբեն Վարդանյանից օրինակ վերցնեն ու գնան այնտեղ ապրելու։ Դա կլինի Արցախի փրկություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակակցի՝ խնդիրը հետևյալն է․ «Կա՛մ սուտ են խոսում և խնդիրն Արցախը չէ, միայն իշխանության համար պայքարն է, կա՛մ էլ լավ չեն հասկանում փրկությունն ինչ է։ Երկու դեպքում էլ շատ վատ է։ Արցախի ռեալ փրկություն կամ բոլոր ապոկալիպտիկ հայտարարությունն իրականում Արցախում նորմալ կյանքի ապահովումն է, որը հնարավոր է անել միայն Արցախում։ Իսկ եթե սուտ են խոսում ու պայքարում են Հայաստանի իշխանության համար, ապա դա էլ նորություն չէ՝ տարիներ շարունակ պայքարել են, ամեն անգամ ավելի քիչ ձայներ հավաքելով։ Այսինքն՝ կա՛մ սուտ են խոսում, կա՛մ այդ ուժերից ոմանք 30 տարի է քաղաքականության մեջ են ու չեն հասկանում, թե ինչպես է կարելի հասնել այս կամ այն նպատակին կոնկրետ առկա ռեսուրսների միջոցով։Իրենք ռեսուրս չունեն, Հայաստանում ընտրական զանգված չունեն, փորձագիտական օժանդակություն ևս։ Ընդհանրապես ես չեմ հասկանում նաև մտավորական բառը։Դա էլ է մի ցուցիչ, որ իրենք մնացել են «ցեցը կերած» ժամանակներում։ Մտավորականը մարդ է, ով գումար է վաստակում մտավոր աշխատանքի շնորհիվ։Հիմա արդեն պոստտեղեկատվական տնտեսության մեջ՝ բոլորն իրենց գումարն աշխատում են մտավորական աշխատանքով։ Բոլոր աշխատանքները կատարվում են մտավորի շնորհիվ, բոլորը մտավորական են։ Իրենց սովետական ընկալման մեջ կան կթվորուհիներ, բանվորներ ու ինտիլիգենցիա։ Իրենք նույնիսկ չեն ընկալում այն դարաշրջանը, որում հիմա մարդկությունը ապրում է»։

Սարգսյանի խոսքերով՝ այսպես կոչված ընդդիմությունն ունակ չէ որևէ բան առաջարկել․ «Հանրահավաքի նկարները նայում ես՝ ամեն ինչ պարզ է դառնում։ Տուրիստները դիջեյով համերգ են կազմակերպում՝ ավելի շատ մարդ է հավաքվում։ Դա նորմալ չէ, պարզապես ամոթ է»։

Հարցին ՝ արդյոք հասարակությունը ևս հասկացել է այդ քաղաքական ուժերի սնանկությունը, սոցիոլոգը պատասխանեց․ «Նայած ինչ նկատի ունենք՝ ասելով հասարակություն։ Իսկ իրենք հասարակության հետ ընդհանրապես գործ չունեն։ Մի մասը գնում է Երևանի կենտրոն, Օպերայի սրճարաններում «լռվցնում», «ցքցքում» են, մեկ էլ գնում հանրահավաքի, հետո հետ գալիս ձմերուկ ուտում։ Եթե իրենք հասարակության հետևից գնային, ապա կգնային մարզեր։ Բայց եթե իրական կյանքի հետ շփվեն, մարդիկ կսկսեն իրենցից հաշվետվություն ուզել 30 տարի լափածի համար։ Դրա համար էլ Երևանի կենտրոնում են, Ֆրանսիայի հրապարակում։ Դա պարզապես աբսուրդ է, ինքն իրենով շիզոֆրենիայի նշան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ