«Սա շատ դառը բան է». վարչապետը՝ ՄԱԿ-ի իրավական ուժ ունեցող փաստաթղթի մասին

Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ Tert.am-ը հետաքրքրվել էր, թե արդյոք 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթում հիմք կա՞, որ Արցախը կարգավիճակ կունենա, բայց Ադրբեջանի կազմում. «Բացի դրանից, ինչո՞ւ է Ադրբեջանին ուղարկված առաջարկներում 4-րդ կետը հետևյալ շարադրությամբ. «Արցախի կարգավիճակի վերջնական լուծում»: Արցախը Ադրբեջանի կազմում էլ կարող է կարգավիճակ ունենալ, այդ կետի պահանջը ո՞րն է»:

Սա շատ դառը բան է. վարչապետը՝ ՄԱԿ-ի իրավական ուժ ունեցող փաստաթղթի մասին

Վարչապետի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքները մեր դիվանագիտությունը ներկայացնում է որպես դարակազմիկ հաջողություն, որովհետև հարցը պետք է հետագայում լուծվեր հանրաքվեով. «Սակայն մեր իրականության մեջ երբեք չի հնչել այն հարցը, թե Ադրբեջանն ինչու է ընդունել այդ սկզբունքները. շատ պարզ պատճառով, քանի որ հայկական կողմը դրանով ընդունում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված հանրաքվեն ոչ մի բան չի որոշել, դու քո ձեռքերով կտրում ես այն ճյուղը, որի վրա նստած ես»:

«30 տարի Ադրբեջանը ձգտել է Ղարաբաղի հարցը տանել ՄԱԿ-ի հարթակ, և հայկական կողմը միշտ դեմ է եղել դրան, և ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարվել է այն, որ մենք թույլ չենք տալիս հարցը գնա ՄԱԿ-ի հարթակ: Բայց 2018-ին էլի վերադարձել է ՄԱԿ-ի հարթակ: Մենք չէինք ուզում, որ հարցը գնա ՄԱԿ-ի հարթակ, որովհետև ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է որոշեր հարցը այն շրջանակի մեջ, ինչ որ ՄԱԿ-ի ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթում է գրված: ՄԱԿ-ի ԱԽ-ում գրված է՝ Ադրբեջանի ԼՂ տարածաշրջան. դա 1993-ին: Ասել է, որ ճանաչում է տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, որ չի ճանաչում ուժի գործադրմամբ արձանագրված տարածքային ձեռքբերումները, որ փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, և ասել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, գնացեք և այս հարցը լուծեք: Սա շատ դառը բան է»:

Անդրադառնալով իր հայտարարությանը՝ բանակցություններն իր կետից սկսելու մասին, վարչապետն ասաց. «Եթե չասեի, որ իմ կետից եմ սկսում, ապա Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել էր, որ Ադրբեջանի պահանջներն անընդունելի են, և մենք թևակոխել ենք պատերազմի փուլ: Ես կամ պետք է ընդունեի Ադրբեջանի անիրատեսական պահանջները, կամ պետք է ասեի՝ պատրաստվում ենք պատերազմի»:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ