«Կատարյալ փարիսեցիներ, ո՞ւմ սիրտն է ցավում այս երկրի համար՝ Սաշիկի տղո՞ւ, Սուրիկ Խաչատրյանի՞, թե՞ մյուսների». Սամսոնյան

Այն փաստը, որ ընդդիմությանը ձայն տված 300 հազար քաղաքացիները դուրս չեն գալիս փողոց, ունի մի քանի պատճառներ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրների հանրահավաքներին, երթերին և դրանց սակավամարդ լինելուն՝ ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը՝ ներկայացնելով իր տեսակետները:

«Նախ՝ մարդիկ կարող են քեզ ընտրել, բայց դա չի նշանակում, որ պատրաստ են դուրս գալ փողոցային պայքարի։ Իրենք իրենց քաղաքացիական պարտքը կատարում են և գնում առօրյա գործերով։ Երկրորդ պատճառն այն է, որ այդ ընտրողները 2021 թ-ի հունիսի 20-ից հետո ժամանակ ունեին հետևելու իրենց քվեի արդյունքներին, և այդ մարդիկ տեսան, որ խորհրդարան մտած ընդդիմությունը օրակարգ չունի. առավոտից երեկո դատարկ ղժղժում է, ծեծ է ուտում հենց նիստերի դահլիճում և, չգիտես՝ ինչու, պատասխանատու հարցերի դեպքում բոյկոտում է նիստերը, հեռանում դահլիճից։ Բնականաբար, խելքը գլխին մարդիկ կհիասթափվեն և հիասթափվել են։ Եվ երրորդ պատճառն այն է, որ բացահայտվում են ընտրակաշառք բաժանելու դեպքեր, որի դեպքում կարող ենք ենթադրել, որ մարդիկ ազատ ընտրություն չեն կատարել։ Այս դեպքում կարելի է համարել նաև, որ խորհրդարանական ընդդիմությունը լեգիտիմ չէ»,- նշում է նախկին պատգամավորը:

Խոսելով ընդդիմության այն պնդումների մասին, թե ցանկանում են փրկել Արցախը, և սա իշխանության համար կռիվ չէ՝ Սամսոնյանը հիշեցնում է՝ այս ընդդիմությունը ժամանակին իշխանություն է ունեցել և չի փրկել Արցախը։

«Չեմ ուզում մանրամասնել, թե ինչու, որովհետև բազմիցս խոսել ենք։ Սակայն փաստ է, որ չի կարողացել անել։ Հիմա ի՞նչ է փոխվել։ Արցախը փրկելու կախարդական փայտի՞կ են գտել, թե՞ իրենց աչքերն Ալիևին և նրա կնոջն ավելի շատ դուր կգան։ Քանի որ այս շարժումը հիմնված է ոչ թե բանական և լուրջ օրակարգի վրա, այլ բացառապես պսևդոհայրենասիրության և զգացմունքայնության, հետևաբար պետք է հայտարարեին, որ պայքարում են վեհ արժեքների համար, ինչպիսին, օրինակ, Արցախի փրկությունն է՝ թաքցնելով իրենց իրական նպատակը։ Կատարյալ փարիսեցիներ։ Իսկ այդ նպատակի մասին խոսել ենք, սեփական ունեցվածքի փրկությունն է և համակիր շրջապատի ախորժակը հագեցնելը։ Պարզապես իրենք երկու նախագահների շուրջ այնպիսի լեգենդներ են հյուսել՝ որպես ուժեղ, չզիջող սուպերմենների, որ որոշ մարդիկ դրան հավատում են, որովհետև ուզում են հավատալ»,- ասում է նախկին պատգամավորը:

Ես այսօր տարաձայնություններ ունեմ ինձ շատ հարազատ մարդկանց հետ, որոնք գնում են հրապարակ՝ ելնելով հայրենասիրական և անկեղծ մղումներից, նշում է Սամսոնյանը, և ես իրենց չեմ կարողանում հասկացնել, որ իրենք ոչ գիտակցաբար դառնում են մասնակիցը թաքնված նպատակների իրագործման. «Մի մասն էլ գնում է հրապարակ ոչ թե այն բանի համար, որ այնտեղ ազգային և քաղաքական գաղափարներ են երկնում, այլ պարզապես ատելություն է կուտակվել իշխանության նկատմամբ, և ինչ-որ տեղ պետք է պարպվի այդ էներգիան։ Սա է ցավալին»:

Հարցադրմանը՝ արդյոք խմորումներ կա՞ն ընդդիմության ներսում, թեկուզ լիդերի ընտրության հարցում, ԼՀԿ անդամը շեշտում է՝ ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական չէ։

«Դա երևում է փոխադարձ կծու ակնարկներից։ Ես նաև ներքին տեղեկատվություն ունեմ այդ մասին։ Այսինքն՝ բավարար չէ, որ իշխանության հետ են աթոռակռիվ տալիս, մի բան էլ՝ իրենց ներսում։ Ո՞վ առաջինը մտավ Ազատության հրապարակ, ո՞ւմ հերոսաբար բերման ենթարկեցին, ո՞վ է երթերը ուղեկցող բարձրախոսով արքան, ո՞վ է ամենաուժեղ հայհոյողը և այլն։ Անկեղծ ասած՝ սա ինձ համար մանկական ինքնադրսևորման մրցույթներ է հիշեցնում։ Սակայն զավեշտն այն է, որ իշխանությունը չեն վերցրել, դրա հնարավորությունն էլ չունեն, բայց իրար մեջ պաշտոնների կռիվ են անում։ Էլ չասեմ, որ հիստերիկ խանդով են վերաբերվում իրենց հետ կապ չունեցող, սակայն քաղաքական կշիռ ունեցող գործիչներին, որոնց անունները կարող են հնչել վարչապետի կամ այլ պաշտոնի համար»,- նկատում է Սամսոնյանը:

Վերջինս նշում է, որ որպես կարճ, սակայն հագեցած քաղաքական ճանապարհ անցած մարդ ուզում է զգուշացնել հանրությանը, որ սուտ են այն հայտարարությունները, թե հնարավոր հաղթանակի դեպքում ընդդիմադիր առաջնորդները որևէ պաշտոնի չեն հավակնելու։

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի՝ թալանը հետ բերելու հայտարարությանն էլ անդրադառնալով՝ Սամսոնյանը հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդի տեսություններից մեկն է հիշատակում, որը կոչվում է «սխալ գործողությունների տեսություն».

«Դրա իմաստն այն է, որ եթե մարդը ասում է կամ անում է ինչ-որ բան, որը նկատի չուներ կամ միտք չուներ անելու, ճիշտ հակառակն է՝ նա ենթագիտակցաբար ասում է կամ անում է հենց այն, ինչ իրականում կա իր մտքին։ Այնպես որ, երբ Իշխան Սաղաթելյանն ասում է, թե թալանը հետ են բերելու, դա ասում է շատ անկեղծ, որովհետև իրենց անհրաժեշտ է ոչ միայն ունեցվածքը փրկելու, այլ այս ընթացքում կրած վնասների և ծախսած փողերի տեղը լրացնելու, ինչպես եղել է հին և բարի ժամանակներում։ Ո՞ւմ սիրտն է ցավում այս երկրի համար՝ Սաշիկի տղո՞ւ, թե՞ Սուրիկ Խաչատրյանի, Վահրամ Բաղդասարյանի՞, մյուսներին էլ չթվարկեմ»,- ընդգծում է նախկին պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ