ՀՀԿ-ական նախկին փոխնախարարի անվան հետ կապվող և պետական ծրագրեր իրականացնող շինընկերության բետոնախառնիչներն օգտագործվում են որպես «ծանր հրետանի»՝ ռևանշի փորձի համար

Այսօր իշխանափոխության նպատակով մայրաքաղաքի փողոցները փակողները որշել էին մարդատար մեքենաներից բացի «ծանր հրետանի» կիրառել, ոչ դես, ոչ դեն՝ բետոնախառնիչ եւ այլ ծանրաքաշ մեքենաներ՝ փակելով Կիեւյան փողոցը։ Դատելով մի շարք լուսանկարներից՝ «զինտեխնիկան» պատկանում է «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ին, որը խոշոր շինարարական հայտնի կազմակեպություն է։

Այս կազմակերպությունը, որի տնօրենը Ռաֆիկ Ղազարյանն է, կապվում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, շատերին տան տեր դարձրած՝ բնակարաններով ապահոված Արսեն Քարամյանի անվան հետ։ Երբ Civic․am-ը զանգահարեց այս ՍՊԸ՝ տեղեկանալու, թե ում ցուցումով են բետոնախանիչները հայտնվել Երեւանի բանուկ փողոցում, մեր զանգին պատասխանած աշխատակիցը սկզբում տարակուսեց՝ թե ով է ասում, որ իրենց կազմակերպության մեքենաներ են, ապա, տեղեկանալով, որ մեքենաների վրայի լոգոներն են մատնում դրանց պատկանելիությունը, ասաց՝ եթե լոգո կա, ապա մերն է։ Մեր մյուս հարցին՝ ինչ կապ ունի ընկերության հետ նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը, արդյոք նա է ընկերության իրական սեփականատերը՝ աշխատակիցը արձագանքեց՝ Քարամյանը մեր պատվիրատուն է, իսկ թե ում է պատկանում՝ ասել չի կարող։

Աշխատակիցը հորդորեց ավելի ուշ զանգել ու բոլոր հարցերը հղել տնօրենին։ Այունհետ մեր բոլոր փորձերը կապվել հիշյալ ՍՊԸ-ի հետ՝ ապարդյուն անցան, քանի որ կազմակերպության հեռախոսահամարներին այդպես էլ ոչ ոք չպատասխանեց։

Մեզ հաջողվեց կապվել ՍՊԸ-ի ավտոպարկի պատասխանատուի հետ, որը հավաստիացրեց, որ ավտոպարկից ոչ մի մեքենա դուրս չի եկել։ Այդ դեպքում ընկերության մեքենաներն ինչպե՞ս են հայտնվել Երեւանի փողոցում ու փակել ճանապարհը՝ հարցին աշխատակիցը պատասխանեց․ «Երեւի տեղամասերից են դուրս եկել, գարաժից մեքենա դուրս չի եկել,էտ ես ձեզ պատասխանատու կերպով հայտարարում եմ։ Գարաժում են մեր բոլոր մեքենաները»։ Մյուս հարցին՝ եթե մեքենաները թեկուզ այլ տեղամասերից տարվել են Կիեւյան փողոց,նշանակում է՝ ղեկավարության ցուցումով են տարվել, վարորդներն ինքնագլուխ չէին անի նման բան՝ աշխատակիցը տարակուսեց․ «Ես չգիտեմ, տեղյակ չեմ, ես տեխսպասարկմամբ եմ զբաղվում»։ Նշենք, որ այս պահի դրությամբ մայրաքաղաքի հիշյալ հատվածը բաց է։

Նշենք, որ ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը, որը 2006-ին եղել է վարչապետի օգնական, 2006-2009-ին՝ ԵՊՀ պրոռեկտոր, իսկ փոխնախարարի պաշտոնից ազատվել էր հեղափոխությունից հետո, նախագահում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն, որի պատվավոր նախագահն ու հոգաբարձուների խորրդի նախագահն էլ Սերժ Սարգսյանն էր։ Քարամյանը փոխնախարար է աշխատել մոտ 10 տարի՝ 2009-ից մինչեւ 2018 թթ․, եւ նրա ճարպկությանն ու փխրուն ուսերին վստահվել երիտասարդ մասնագետներին մատչելի բնակարաններով ապահովելու պատասխանատու գործը՝ անշուշտ Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»։

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրով նախատեսված է Երեւանի մի շարք վարչական շրջաններում «կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին»: Մի շարք ծրագրեր արդեն իսկ ավարտված են, մասնավորապես՝ բնակարաններ են կառուցվել Երեւանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, այժմ էլ ընթանում են «Renaissance Premium Home»-ի, «Վերածնունդ երիտասարդ ավան»-ի շինաշխատանքները։ Ի դեպ, Վերածնունդ ավանի կառուցումը իրականացվում է նույն «Էի Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի կողմից։

Հիշեցնենք, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ծնունդով կապանցի Քարամյանի գլխավորությամբ, նախորդ տարի դեկտեմբերի 8-ին այցելել էին Սյունիքի մարզկենտրոն Կապան՝ ՀԿ-ի կողմից կառուցվող հանրային նշանակության գոտու և պուրակի շինարարական հրապարակ: 1,7645 հա մակերեսով հողամասում Քարամյանի գլխավորած ՀԿ-ի կողմից կառուցվում է մարզահամալիր, բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, շատրվան, ճեմուղիներ, սրճարան, հանգստի գոտիներ: Տնկվելու են արագահաս և սաղարթախիտ ծառեր, ձևավորվելու են սիզամարգեր։ Մարզահամալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թ. մայիսին, իսկ իսկ մյուս ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները կավարտվեն 2023 թ. հունիսին։

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1.74 մլրդ. ՀՀ դրամ։ Հարկ է նկատել, որ օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպություններից մեկը նորից «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ն է, մյուսը՝ «Կապաննորոգշին» ՍՊԸ-ն։ Ի դեպ, Քարամյանը Կապան դատարկ ձեքով չէր գնացել եւ ՀԿ-ի կողմից հիշյալ համայնքին էր նվիրաբերվել КАМАЗ КО-440В մակնիշի հատուկ աղբատար մեքենա։ Այնպես որ, Կապանը առնվազն մեկ «ծանր հրետանի» ունի՝ Կամազի տեսքով, որը կարող է կապանցի նվիրատուի ցուցումով օգտագործել փողոց փակելու համար, եթե, իհարկե, Կապան համայնքը եւս հրահանգ ստանա միանալ երեւանյան իշխանափոխիչների ցանցային պայքարին։

Ի՞նչ գույք ունի նախկին փոխնախարարը

Պաշտոնը թողնելու օրվա դրությամբ Սերժ Սարգսյանի օրոք 9 տարի փոխնախարար աշխատած Արսեն Քարամյանը տպավորիչ քանակի անշարժ գույք է հայտարարագրել՝ 4 բնակարան, որոնց գտնվելու հասցեները պաշտպանված են, 1 ամառանոց, արտադրական նշանակության 2 շինություն եւ 1 ավտոտնակ։ Որպես շարժական գույք հայտարարագրել է MITSUBISHI PAJERO 3.0 մարդատար մեքենա, 50 հազար ԱՄՆ դոլար փոխառություն։ Որպես դրամական միջոց նախկին փոխնախարարը հայտարարագրել է 3 մլն 800 հազար դրամ, 3 հազար դոլար, 12 հազար եվրո, 300 հազար ռուբլի։

Որպես եկամուտ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրում նշված է աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը՝ 2 մլն 133 հազար 199 եւ 3 մլն 603 հազար 980 դրամ, ինչպես նաեւ 125 հազար ԱՄՆ դոլար փոխառությունը։

Նշենք, որ «Հետք»-ը 2018 թվականին, հեղափոխության օրերին «Փոխնախարար Արսեն Քարամյանը բուլղարական ծովափում բնակարան է գնել» վերնագրով նյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ վերջինիս բնակարանը գտնվում է Բուրգասի մարզի Նեսեբր համայնքի Սվետի Վլաս քաղաքում՝ «Royal Palm» հյուրանոցային համալիրում: Փոխնախարարն անշարժ գույքը, ըստ կայքի, գնել է 2011 թ. հոկտեմբերի 19-ին, իսկ ամսի 25-ին գործարքը պետական գրանցում է ստացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ