ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին:

Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ ծանոթացել են Էդուարդ Մարտիրոսովի պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքի հետ.

«Սա մեր առաջին տեսակցությունն էր այդ անձին: Կարմիր խաչի կոմիտեի ձևաչափի շրջանակներում հնարավորություն է տրվել ընտանիքի հետ կապ հաստատել նամակի և Կարմիր խաչի ուղերձի տեսքով:

Տեսակցության առանցքում էր առաջին հերթին գրանցել նրան և ստուգել պահման պայմանները, նրա առողջական վիճակը, իսկ այնուհետև հույս ունենք, որ նման այցերը, քանի դեռ նա այնտեղ է, կլինեն պարբերական» :

Հիշեցնենք, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ ճանապարհին, կորել է կապը զինծառայողի հետ:

Պարզվել էր, որ Մարտիրոսովը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը, գտնվում է ադրբեջանական կողմում, և ձեռնարկվում են քայլեր նրան վերադարձնելու ուղղությամբ:

Միջադեպի առնչությամբ, պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, նշանակվել է ծառայողական քննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ