Կարեն Բեգլարյանը Վարանկաթաղի բարձունքը պաշտպանելիս վիրավորվել է․ չորս օր մաքառել է՝ ապրելու համար

2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է Կարեն Բեգլարյանը:

Կարեն Մհերի Բեգլարյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 8-ին, Ստեփանակերտում: Սովորել է մայրաքաղաքի Ե. Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցում, ապա` Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։

«Պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո 2018-ից ծառայության է անցել Մարտակերտի զորամասում` որպես հետախույզ-սակրավոր: Պատերազմի առաջին իսկ օրվանից մարտադաշտում էր։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի ինքնապաշտպանությանը: 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Վարանկաթաղի բարձունքը պաշտպանելիս վիրավորվել է։ Չորս օր մաքառել է՝ ապրելու համար։ Հոկտեմբերի 10-ին Կարենը դարձավ հավերժի ճամփորդ»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարենի այրին` Անգելինան:

Նա ամուսնու հիշատակին նվիրված վիպակ է գրել` «Անավարտ պատմություն»-ը։

«Կարենը դեռ վաղ տարիքից աշխույժ, ակտիվ երեխա է եղել ու մշտապես աչքի է ընկել իր հայրենասիրությամբ: Շատ էր սիրում իր մասնագիտությունը։ Նա արձակուրդում էր, երբ սկսվեց պատերազմը, առանց մի վայրկյան վարանելու, տանը թողնելով հղի կնոջը, մեկնեց դիրքեր։ Պայքարեց` գիտակցելով իր ու զինակիցների գործի կարևորությունը», — ասել է զրուցակիցը։

Կարեն Մհերի Բեգլարյանը ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և «Մարտական ծառայություն» շքանշաններով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ