Մեկնարկել է ձմեռային զորակոչը․ Բարի ծառայություն մեր նորակոչիկներին

Հայրենասեր, մարտական, տրամադրված: Մարտական տրամադրված էլ բանակ են գնում: Ոչինչ չի ընկճել նրանց, չի կոտրել ոգին, չի սասանել հայրենիքին ծառայելու նրանց կամքը: Սահմաններն անառիկ պահելն իրենց պարտքն են համարում, իսկ ճանապարհելու եկածներին ասում.

Գոռ Վարդանյան (նորակոչիկ) — Անհանգստացնող ոչ մի բան չկա:

Այս նորակոչիկների համար ձմեռային զորակոչը մեկնարկեց հոգևոր մայրաքաղաքից և հոգևորականի օրհնությամբ: Խոստացան պատվով կրել Հայրենիքի պաշտպանի վեհ անունն ու պատասխանատվությամբ կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքները:

Դավիթ Գեղամյան (նորակոչիկ) — Հրամանատարների հրամանները պետք է կատարել, սա մեր երդումն է՝ կարելի է ասել, որից հետո դառնում ենք մեր ազգի զինվորը:

Մինչև ավտոբուս բարձրանալը ոմանք լրացուցիչ բժշկական հետազոտություն անցան: Առողջական խնդիրներ ունեցողներին հետ ուղարկեցին մինչև հաջորդ զորակոչը բուժվելու համար: Իսկ հոգեբանորեն բոլորն էին պատրաստ:

Գագիկ Խաչատրյան (Զորակոչային, զորահավաքային ծառայության Արմավիրի մարզային ստորաբաժանման ղեկավար) — Իրենց հետ զրույցներ է անցկացվում, լրացվում անհատական գրքույկներոմ: Ովքեր զորակոչվում են՝ պատարստ են: Աշխատանքներ տարվում են՝ հոգեբանորեն, ծառայության նկատմամբ վախի փաստեր չունենք:

Խաչատրյանների ընտանիքը Հայաստան է վերադարձել առաջնեկին բանակ ճանապարհելու համար: Ընտանիքը տղային պատրաստել է ծառայությանը, միայն թե սահմանները խաղաղ լինեն, որ սպասումը ծանր չընթանա: Մոր պատգամը որդուն կարճ, բայց հստակ է:

Մելինե Խաչատրյան (ծնող) — Շատ ուշադիր լինի, ենթարկվի կանոններին: Տղան պետք է ծառայի, դեմ չենք, միայն թե՝ խաղաղ երկնքի տակ:

Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել նաև մարզի ու համայնքի ղեկավարները: Տղաներին պատվով ծառայելու և առաջնագիծն անառիկ պահելու կոչ արեցին:

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) — Ձեր երկիրն ունի ձեր կարիքը, ունի ամուր, հպարտ, քաջ զինվորի կարիքը:

Զինվորների մայրերին կոչով դիմեց «Վաղարշապատ» խոշորացված համայնքի ղեկավարը:

Դիանա Գասպարյան (Վաղարշապատ համայնքի ղեկավար) — Ես գիտեմ՝ ինչ սիտով եք ճանապարհում, ցանակնում եմ՝ ձեր մայրական ոգին ուժ տա բոլորին, ուժ տա ձեր զավակներին, և ցանկանում եմ՝ արցունք չհոսի ձեր աչքերից. ինչ ոգով ճանապարհում ենք, այդ ոգին կուղեկցի նրանց 2 տարում:

Բաժանումը փոքր-ինչ տխուր էր, բայց սպասումով լի: Հավաքվածները նորակոչիկներին ճանապարհ դրեցին ծափերով և ուրախ բացականչություններով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ