Ադրբեջանցի գեներալին Բաքվի դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման

Այսօր ավարտվել է ադրբեջանցի գեներալ, կորպուսի նախկին հրամանատար Ռովշան Աքպերովի գործով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի ռազմական դատարանը հնչեցրել է գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի դատավճիռը։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 12․1, 120․2․2 հոդվածներով՝ դիտավորյալ սպանություն այլ երկրի տարածքում, միաժամանակ՝ հանել 12․1, 221․3 հոդվածներն ու դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման։ Դատախազն առաջարկել է Աքպերովին 11 տարվա ազատազրկման դատապարտել։

Ինքը՝ Աքպերովը, չի ընդունել առաջադրված մեղադրանքն ու խնդրել արդարացնել իրեն։

Դատարանը նաև որոշում է կայացրել Աքպերովից 40 հազար մանաթ գանձել՝ հօգուտ տուժողի իրավահաջորդ Ֆադայ Ալիևի։ Միաժամանակ, սակայն, դատարանը Աքպերովին չի զրկել զինվորական, ինչպես նաև Ադրբեջանի ազգային հերոսի կոչումից, որը նրան շնորհվել է 1994 թվականին։ Մեղադրանքի համաձայն՝ 2001թ․ մայիսի 31-ին Ռովշան Աքպերովի ու ձեռնարկատեր Էլչին Ալիևի միջև Կիևում «Սիկորա» ռեստորանի դիմաց ծագած վեճի արդյունքում Ալիևը սպանվել է դանակի հարվածից։

Նշենք, որ այս տարիներին Ադրբեջանի իշխանություններն անտեսում էին այս հանցագործությունը՝ չնայած սպանվածի հարազատների բազմաթիվ բողոքներին ու դիմումներին։ Աքպերովը ձերբակալվեց այս տարվա մարտին և մինչ օրս անհայտ է, թե ինչո՞ւ ադրբեջանական իշխանությունները որոշեցին նրա հետ հաշվեհարդար տեսնել։

Հավելենք, որ Ռովշան Աքպերովն Ադրբեջանի ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, որին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի սկզբին ազատել էր պաշտոնից։ Նրա պաշտոնանկության մասին լուրերը տարածվում էին դեռևս Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Էմմա Չոբանյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ