«Ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն…». Իրանի դատախազ

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազը: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ հանդիպումը նպատակ ուներ արձանագրելու նախորդ հանդիպումների ձեռքբերումները և անդրադառնալ նոր մարտահրավերներին:

«Մեր կողմից ներկայացվող քննչական պահանջների կատարման օպերատիվությունն ու որակն է աճել, և Իրանի քաղաքացիների պաշտպանության, հատկապես դատապարտյալների փոխանցման գործընթացներում ունենք էական առաջընթաց: Այսօրվա մեր հանդիպումը լինելով հերթականը, ըստ էության, նպատակ ուներ արձանագրելու մեր նախորդ հանդիպումների ձեռքբերումները և, իհարկե, անդրադառնալ նոր մարտահրավերներին, իսկ նոր մարտահրավերներ մենք ունենք, հատկապես նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տարածաշրջանում, այդ թվում՝ նաև մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, որոնք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումները արագ գտնելու անհրաժեշտություն ունեն»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին էլ իր հերթին վստահեցնում է՝ Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել:

«Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի, և կան դրա նախապայմանները»:

Դատախազի խոսքով՝ ինչպես որ հայտարարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որ լուրջ քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

«Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն: Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշում ընկալեն: Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ, մինչ այդ, հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինեն հարցի լուծմանը»,- շեշտել է Իրանի գլխավոր դատախազը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ