«ԵԽԽՎ-ում ադրբեջանական կողմը ինքնախոստովանեց, որ նախաձեռնելով ագրեսիվ պատերազմ` կատարել են միջազգային հանցագործություն…». Վլադիմիր Վարդանյան

Օրերս ԵԽԽՎ-ն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառել էր բանաձևում տեղ գտած հայկական կողմի համար կարևոր դրույթները: Հայկական պատվիրակությունն այսօր է Ստրասբուրգից վերադարձել Հայաստան:

Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, ԵԽԽՎ-ում ինչպիսի՞ն էր ադրբեջանցիների ու թուրքերի տրամադրվածությունը հայ ռազմագերիների ու Արցախին վերաբերող հարցերի քննարկումների, ելույթների ժամանակ:

-Նախ պետք է ասել, որ ԵԽԽՎ քարտուղարության և նախագահության ջանքերով պարիտետ էր պահպանվում հայկական և ադրբեջանական կողմերի ելույթների միջև , որպեսզի բոլորը ունենան հավասար ժամանակաչափ և հավասար ելույթների հնարավորություն: Քանի որ արցախյան հակամարտության հումանիտար հարցերի վերաբերյալ բանաձևը հետարքրքում էր ոչ միայն հայկական ու ադրբեջանական պատվիրակությանը, այլ ընդհանրապես բավականին աշխույժ դիսկուրս էր առաջացրել: Ելույթների թիվը սահմանափակ էր և հայկական պատվիրակության կողմից խոսեց Ռուբեն Ռուբինյանը՝ որպես պատվիրակության ղեկավար, իսկ ադրբեջանական կողմից պատվիրակության ղեկավար Սեիդովը, մնացածներին հնարավորություն չընձեռվեց ելույթ ունենալ այդ հարցի վերաբերյալ: Ադրբեջանի դիրքորոշումը` ոչ կառուցողական հռետորաբանությունը մշտապես առկա է եղել, հիմա էլ ձեռք է բերել պրոտեստային մոտեցում, որովհետև նրանք փորձում են հիմնավորել աբսուրդային եղանակով, որ պատերազմը հետևանք էր հայկական պրովոկացիայի և այդ հայկական պրովոկացիայի արդյունքում նրանք դիմել են ագրեսիվ պատերազմի: Դրանով ինքնախոստովանում են, որ իրենք իսկ նախաձեռնելով ագրեսիվ պատերազմ կատարել են միջազգային հանցագործություն: Իրենք մեկնաբանում են, որ ագրեսիան այն է, երբ ճանաչված պետության վրա ես հարձակվում, նշելով, որ տվյալ պարագայում դա ագրեսիա չի` միաժամանակ հստակ ընդունելով, որ իրենք կատարում են ուժի ոչ իրավաչափ օգտագործում և դա հակասում է միջազգային իրավունքով ամրագրված համապատասխան դրույթներին: Հայկական կողմի նախաձեռնությունները մեծ աջակցություն ստացան և զեկուցողները և վեհաժողովի անդամների մեծամասնությունը սատարեցին հայկական կողմից ներկայացված փոփոխությունների ու լրացումների մեծ մասը:

-ԵԵԽՎ-ի ընդունած բանաձևը որոշ միջազգային իրավունքի փորձագետներ դիտարկում են ոչ պարիտետային` նշում են, որ այն ավելի շատ հայկական կողմին էր միտված: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

-Բանաձևը կարող էր լինել ավելի լավը, ավելի բարենպաստ, բայց այն ինչ որ արվեց այս լիագումարի ընթացքում` աննախադեպ էր, որովհետև մենք կարողացանք հասնել նրան, որ և՛ քաղաքական խմբեր ԵԽԽՎ-ում ներկայացված, և՛ զեկուցողի մոտ, և՛ ընդհանրապես պատվիրակությունների մեծ մասի մոտ ձևավորվեց այն ընկալումը, որ հայկական նախաձեռնությունները, հայկական գաղափարները, հայկական փոփոխությունները պետք է անպայմանորեն արտացոլվեն բանաձևի մեջ: Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ ճնշումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատվիրակությունների և քարտուղարության զեկուցողի վրա բավականին ուժեղ էր, և այդ ճնշումն իհարկե չէր կարող չհանգեցնել ադրբեջանական որոշ տեխնիկական փոփոխությունների և լրացումների ընդունմանը:

-Դուք մեզ հետ զրույցներում նշել եք, որ ԵԽԽՎ-ի կամ ընդհանրապես միաջազգային ատյանների կողմից ընդունված բանաձևերը կաթիլ առ կաթիլ հավաքվում են և Ադրբեջանի նկատմամբ ճնշում են դառնում: Ե՞րբ է գալու այն պահը, որ դրանք իրոք ճնշում դառնան և Ադրբեջանը պարտավորված լինի գործել միջազգային իրավունքի սահմաններում:

-Այո, դրանք կաթիլ առ կաթիլ են գործելու որպես ճնշման գործիք: Մոտավորապես կարող ես կռահել, թե այդ պահը երբ կարող է լինել, բայց այդ պահը կարող է շատ ավելի վաղ ի հայտ գա, կամ ավելի ուշ: Ամեն դեպքում բանաձևը ֆիքսել է, որ Ադրբեջանը սանձազերծած պատերազմով խախտել է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները, ֆիքսել է, որ առանց որևիցէ նախապայմանների մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն, ֆիքսել է, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտագործել է ֆոսֆորային զենք և այլ զինատեսակներ, որոնք արգելված են միջազգային իրավունքով, ֆիքսվել է պարտականությունը պետությունների համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ, ֆիքսվել է, որ այն մշակութային կոթողները, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված Արցախի Հանրապետության հատվածներում հատուկ ուշադրության կարիք ունեն : Ֆիքսվել է նաև, որ միջազգային հանրությունը պետք է կարողանա անմիջականորեն ուսումնասիրի իրավիճակը Արցախի Հանրապետության ներսում: Բայց այս բանաձևի ամենամեծ խնդիրներից մեկը այն էր, որ այդուհանդերձ զեկուցողը հնարավորություն չէր ունեցել հենց Արցախի ներսում ծանոթանալ այն խնդիրների հետ, որոնց մասին նա զեկույց էր կազմում:

-Բանաձևում նշվում է նաև, որ բացի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից, միջազգային այլ կառույցի ներկայացուցիչներ ևս պետք է այցելեն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին:

-Խոսքը վերաբերում է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեին, որը Կարմիր խաչի հետ զուգահեռ պետք է ուսումնասիրի գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը: Մոտեցում կար, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է և կարիք չկա, որ ԵԽԿԿ-ն ևս այցելի, բայց խորհրդարանականները գտան, որ ԵԽԿԿ-ի այցելությունները չափազանց կարևոր են և դրանք կարող են փաստել գերիների նկատմամբ խոշտանգումների առկայությունը կամ բացակայությունը:

-ՀՀ ՄԻՊ-ը վերջերս հրապարակեց տեղեկություն այն մասին, որ երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից այցելում են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, ադրբեջանական կողմը խոշտանգման ենթարկված ռազմագերիներին իջեցնում է նկուղ, իսկ այն գերիները, որոնք բռնության չեն ենթարկվել հանդիպում են ԿԽՄԿ-ի ներկյացուցիչների հետ: Այս տարբերակը կարո՞ղ ենք բացառել ԵԽԿԿ-ի այցելությունների պարագայում:

-Ադրբեջանի հետ կապված որևէ տարբերակ չենք կարող բացառել, բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանն իրեն պահում է որպես ԴԱԻՇ-ին բնորոշ հատկանիշներ ունեցող պետություն: Բայց այն, որ ԵԽԿԿ-ն և ԿԽՄԿ-ն համատեղ կկարողանան առավել հստակեցնել իրավիճակը` դա միանշանակ է:

-Փորձագետները մեկնաբանելով ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևն ասում են, որ Աղդամի ու Ֆիզուլիի ավերումը կապել են հայերի գործողությունների հետ, այսինքն՝ այդ բնակավայրերի ավերման մեղադրանքն ուղղված է Հայաստանի կողմը:

-Բանաձևը փաստում է այն, որ Աղդամն ու Ֆիզուլին ամբողջությամբ քանդվել են և դատապարտում է դա: Սա հետևանք է նրան, որ զեկուցողն այդուհանդերձ ոչ թե Արցախում է եղել, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում` ինչ բարբարոսություններ են իրականացվում Արցախի ժողովրդի նկատմամբ, այլ Ադրբեջանի կողմից այցելել է Աղդամ ու Ֆիզուլի: Եվ հասկանալի է, որ առանց համապատասխան տեղեկատվության, առանց երկու կողմի կարծիքը լսելու կարող էր ձևավորել նաև այդպիսի տեսակետ, որ` տեսեք ամբողջությամբ քանդվել է: Եթե հնարավորություն լիներ այս հարցի վերաբերյալ լսել բոլոր կողմերի կարծիքները` ապա, ըստ իս, այսպիսին չէր լինի բանաձևի այդ հատվածը: Սա կրկին հետևանք է նրա, որ զեկուցողն այդպես էլ չմեկնեց այն հատված, որի վերաբերյալ զեկույց էր պատրաստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ