Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանավորված

Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի՝ գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը հետաձգվեց։ Դատավոր Վահե Միսակյանը քիչ առաջ որոշում կայացրեց պաշտպանական կողմի միջնորդությունը քննել գործով էական հանգամանքները պարզելուց հետո։ Սա նշանակում է՝ Չարչյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Չարչյանի առողջության վատթարացման հիմքով հրատապ դատական նիստ էր նշանակվել։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը, ըստ պաշտպանական կողմի, կտրուկ վատթարացել էր օրեր առաջ, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով․ նա տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն.

«Պնդում եմ՝ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորն օր առաջ պետք է ազատ արձակվի»,- հայտարարել էր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել էր, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել բավարարել Գլխավոր դատախազության բողոքը և «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին կրկին կալանավորել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ